Մեղմացումները չեն կարող ազդել արտագնա աշխատանքի մեկնողների վրա. պարետատան պարզաբանումը
Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին:
«Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվեց իր խոստումից։ Նախևառաջ, արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում չէր սահմանվել: Այսինքն, անհնար է մեղմել գոյություն չունեցող սահմանափակումը»,- գրել է Հունանյանը:
Փոխվարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության՝ երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը:
«Ինչպես հենց պարոն Մարուքյանի տարածած տեսանյութում է երևում, փոխվարչապետն ասում է, որ օգոստոսի 12-ին կհայտարարենք լուծումների մասին։ Լուծումների մասին երեկ Տիգրան Ավինյանը հենց ԱԺ ամբիոնից հստակ ու մի քանի անգամ հայտարարեց։ Փոխվարչապետն ասաց, որ քննարկումներ են սկսվել Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակներում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը»,- նշել է փոխվարչապետի մամուլի խոսնակը:
Նա հավելել է, որ Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ:
Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է: Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները: Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով:
Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1465 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ`180497 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 809 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 238 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։