Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ այցելուների անփույթ ու անխնամ վերաբերմունքի զոհ է դարձել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am–ը։
Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ 2016թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի պատմական շինություններից մնացած պատերն այսօր այցելուների կողմից անխնա ներկվում, փորագրվում ու գրոտվում են։
Պատմական այս քաղաքում հայտնված որոշ զբոսաշրջիկներ ավելի հանճարեղ ոչինչ չեն գտնում անելու, քան եկեղեցիների, ամրոցների ու այլ շինությունների՝ կանգուն մնացած պատերին սեփական անունները, այցելության տարեթվերը, ամուսնուն կամ սիրեցյալին ուղղված սիրո խոստովանությունները կավիճով ու ներկերով գրելը կամ սուր գործիքով փորագրելը։
Մյուս կողմից, այս ամենը հարուցել է մի շարք սրտացավ այցելուների զայրույթը, ովքեր պահանջել են մաքրել բոլոր գրառումներն ու ավելի խնամքով վերաբերվել պատմական այս կառույցներին։