Ինչպես պետք Է համավարակը փոխի միջազգային քաղաքականությունը՝ ըստ Լավրովի
Ռուսաստանը միջազգային հանրակցությանը հորդորում է՝ համավարակի հետ կապված իրադրությունն օգտագործել մարդկության առջեւ ծառացած ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում լայն համագործակցությունը կարգավորելու համար: Այդ մասին «Փաստեր եւ փաստարկներ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես նշում է ՌԴ ԱԳ նախարարը, կորոնավիրուսի համավարակը լուրջ ազդեցություն է թողել միջազգային քաղաքականության եւ սոցիալ-տնտեսական կյանքի՝ առանց բացառության բոլոր ասպեկտների վրա: «Սառեցվել» են քաղաքական շփումները, խախտվել են սովորական արտադրա-կենցաղային շղթաները:
«COVID-19-ը խորը ճգնաժամ է առաջացրել համաշխարհային տնտեսության մեջ, որի վերականգնումը երկար ժամանակաշրջան է պահանջում: Դրա հետ մեկտեղ աշխարհը ոչ միայն պարզապես ուժեղագույն տնտեսական անկում է վերապրում, այլեւ հնարավոր է՝ հայտնվել է սովորական տնտեսական կապերի վերակառուցման շեմին»,- նշել է Լավրովը:
Համավարակը, Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ բառացիորեն մի ակնթարթում հավասարեցրել է բոլորին, վերստին ցույց տալով, որ արդի, սերտորեն փոխկապակցված աշխարհում սպառնալիքների մեծ մասն ունեն անդրսահմանային պրոյեկցիա եւ որ «մի կողմ քաշվել» չի ստացվի:
Այդ ամենը, թվում էր, պետք է համաշխարհային հանրակցությանը դրդեր այն բանին, որ գոնե ժամանակավորապես մի կողմ դներ կոնյունկտուրային տարաձայնությունները եւ ջանքերը միավորեր նոր գլոբալ մարտահրավերին համատեղ պատասխանի հարթակում, մատնանշում է Լավրովը: Այնուամենայնիվ, սպասվող «դրական» բեկում տեղի չունեցավ:
Ըստ նրա դիտարկումների, մի շարք երկրներ ցանկանում են ընթացիկ ճգնաժամից օգտվել իրենց աշխարհաքաղաքական եւ տնտեսական հավակնությունները բավարարելու համար: Շարունակվում է անցանկալի երկրների՝ պատժամիջոցներով «խեղդամահ» անելու քաղաքականությունը, հայտարարել է Լավրովը:
«Եվս մեկ անգամ ընդհանուր գործողությունների կոչ ենք անում ընդհանուր աղետի դեմ, «կորոնաճգնաժամը» որպես հնարավորություն օգտագործել մարդկության առջեւ ծառացած ընդհանուր ռիսկերի եւ մարտահրավերների դեմ պայքարում միջազգային լայն համագործակցությունը կարգավորելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: