Բաժիններ՝

Հալեպում հայ համայնքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների և դեղորայքի խնդիր ունի

168.amի տեղեկություններով՝ Սիրիայում, Հալեպում, հայկական համայնքում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի լրջագույն խնդիրներ կան, երբ 9 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը, հայ համայնքն այսօր նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պիտի պայքարի:

Օրինակ, Հալեպում կորոնավիրուսի բուժման շրջանակում անհրաժեշտ վիտամինների և այլ դեղամիջոցների պակաս կա: Շտապ օգնության զանգերը շնչառական խնդիրների հետ կապված օրական հասնում են 300-ի: Իսկ Հալեպի առողջապահական համակարգը, հաշվի առնելով 9 տարվա պատերազմական վիճակը, պատժամիջոցները և մի շարք այլ հանգամանքներ, այս պահի դրությամբ պարզապես ի վիճակի չէ սպասարկել այդքան մարդու, որոնց դեպքում շնչառական սարքերի, թթվածնի բալոնների կիրառման անհրաժեշտություն է լինում, և, ինչպես նշեցինք՝ անգամ վիտամինների և բուժման համար պահանջվող դեղամիջոցների:

168.am-ի հետ զրույցում Հալեպում ՀՀ հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանն ասաց, որ հումանիտար խումբն իր հետ դեղորայք տարել է Սիրիա՝ Հալեպ, և իրենց հնարավորության սահմաններում մինչ օրս արդեն իսկ մոտավորապես 3 տոննա դեղորայք են հատկացրել Հալեպի բժշկական հաստատություններին:

Ի դեպ, նշենք, որ ամենօրյա ռեժիմով իրականացվում են ախտահանման աշխատանքներ հումանիտար խմբի անձնակազմի մշտական տեղակայման վայրում, վարակից խուսափելու նպատակով կիրառվում են պաշտպանիչ բոլոր միջոցները:

«Կցանկանայի նշել, որ մեր բժիշկներն այս ճգնաժամային իրավիճակում իրենց օգնությունը և օժանդակությունը, մասնագիտական պարտականությունները կատարում են Հալեպի թվով 5 բժշկական հաստատություններում, այդ թվում՝ հայկական համայնքին պատկանող «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում»,- ասաց Տոնոյանը:

Այնուամենայնիվ, Սիրիան, Հալեպը, հայկական համայնքը նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն, ավելի կոնկրետ, ինչպես վերևում նշեցինք, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ բրինձ, ձեթ, շաքարավազ:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները չմոռանան, ավելի ճիշտ՝ հիշեն նաև Սիրիայի, Հալեպի հայ համայնքի մասին և առաջիկայում մարդասիրական օգնություն՝ սնունդ և դեղորայք, ուղարկեն նաև Հալեպ: Այն, որ այս օրերին Լիբանան, Բեյրութ 3 ինքնաթիռ ենք ուղարկել, ճիշտ է և պետք է, բայց չպետք է մոռանանք նաև 9 տարի պատերազմական վիճակում ապրող Սիրիայի, Հալեպի հայ համայնքի մասին մի երկրում, որը նաև պատժամիջոցների տակ է:

Մենք չպետք է նրանց մասին հիշենք, երբ պայթյուն կամ պատերազմի բռնկում է լինում: Հալեպում մեր հայրենակիցներն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների կարիք ունեն, և օր առաջ ՀՀ իշխանություններն այս խնդրով պիտի զբաղվեն:

Ինչ վերաբերում է Հայաստան գալ ցանկացողներին, ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որ նրանք, առանց մեծ դժվարությունների, կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։

Հայաստանը, թերևս, պատեհ առիթի, պիտի ակնարկի նաև պատժամիջոցների մեղմացման մասին համաճարակային ճգնաժամի պայմաններում, որպեսզի Սիրիան կարողանա լուծել իր առջև ծառացած օրհասական խնդիրները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արաբների և ասորիների հաշվին ՀՀ ժողովրդագրական խնդիրները լուծելու փորձերի և սցենարներ գծելու փոխարեն՝ նախ այս խնդիրներով պիտի զբաղվի, դրանք իրականում ինքը պիտի ՀՀ ղեկավարության մոտ բարձրացնի, բարձրացներ, մինչդեռ գուցե չի էլ տիրապետում դրանց, թե ինչ դժվարություններ ունեն մեր հայրենակիցները Սիրիայում՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներից մինչև վիտամիններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս