Հումանիտար օգնության երրորդ օդանավը Հայաստանից մեկնել է Լիբանան
Հայաստանի Հանրապետությունից Լիբանանի կառավարությանն ուղղված հումանիտար օգնության պարագաներ պարունակող երրորդ օդանավը մեկնեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Լիբանան ուղարկվող ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն իր մեջ պարունակում է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք:
Լիբանան ուղարկվող օգնության պարագաներն ընտրվել են, ըստ ընդունող կողմի ներկայացրած կարիքների:
Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար: