Չինացիներին հորդորել են խնայել ուտելիքը
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել է վերջ դնել ուտելիքի վատնողությանը: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության երեւույթը սարսափեցնում ու վշտացնում է»:
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ հացահատիկի արտադրությունը երկրում տարեցտարի աճում է, մշտապես հարկ է գիտակցել ռիսկերը պարենային անվտանգության բնագավառում, եւ այս տարվա համավարակի ազդեցությունը Չինաստանի համար դարձել է տագնապի ազդանշան:
«Անհրաժեշտ է ամրապնդել օրենսդրությունը, ուժեղացնել հսկողությունը, ձեռնարկել արդյունավետ միջոցներ, ստեղծել երկարաժամկետ մեխանիզմ եւ վճռականորեն դադարեցնել պարենամթերքի ավելորդ վատնումները:
Հարկ է քայլ առ քայլ ուժեղացնել քարոզչությունը, արդյունավետորեն չափավորություն եւ խնայողություն պատվաստել ուտելիքի հարցում, հասարակության մեջ ստեղծել ամոթի մթնոլորտ պարենամթերքի վատնողության համար եւ հպարտություն՝ խնայողության համար»,- հայտարարել է Սի Ծինպինը:
Գործակալությունը նշում է, որ Չինաստանի ղեկավարը միշտ մեծ ուշադրություն է հատկացրել պարենային անվտանգությանը եւ հանդես եկել վատնողության դեմ ու խնայողության համար պայքարի նախաձեռնությամբ:
Ընդգծվում է, որ Սի Ծինպինը դեռ 2013 թվականից կանոնավոր կերպով կարեւոր հրահանգներ է տալիս՝ հանդես գալով խիստ խնայողության եւ վատնողությանը հակազդելու կոչերով: Սակայն, չնայած տարբեր մակարդակներով ձեռնարկվող միջոցառումներին, կերակուրների հարցում ավելորդ վատնողության ֆենոմենը բազմաթիվ վայրերում դեռեւս գոյություն ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: