«Լուկաշենկոն վերահսկում է թե՛ փողոցը, թե՛ պետապարատը»․ ի՞նչ է կատարվում Մինսկում, և արդյո՞ք հնարավոր է հայաստանյան սցենարի կրկնություն Բելառուսում

Չնայած Բելառուսի գործող նախագահ և նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն շնորհավորանքներ է ստանում նախօրեի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, նրա ջախջախիչ հաղթանակը երկրում քաղաքական ցնցումների և ճգնաժամի պատճառ է դարձել։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, Լուկաշենկոն ստացել է քվեների 80%-ը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ անգլերենի ուսուցչուհի Սվետլանա Տիխանովսկայան՝ մոտ 10-ը տոկոսը, մնացած թեկնածուներից յուրաքանչյուրի քվեները երկու տոկոսի էլ չեն հասել:

Տիխանովսկայայի շտաբը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին՝ բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում՝ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ։

Ընտրական օրվա ավարտին նույնիսկ մինչ ընտրատեղամասերի փակումը բելառուսական հասարակության որոշ շերտեր, ընդառաջ գնալով ընդդիմության կոչերին և դժգոհ լինելով ընտրությունների նախնական արդյունքներից, հավաքվեցին ընտրատեղամասերի մոտ, հրապարակներում՝ արտահայտելու իրենց դժգոհությունը, որի արդյունքում տեղի ունեցան ընդհարումներ, բախումներ, ոստիկանությունն ուժ կիրառեց, ձերբակալեց հարյուրավոր ցուցարարների, կիրառեց արցունքաբեր գազ, մահակներ և լուսաձայնային նռնակներ:

Հիմնական գործողությունները տեղի ունեցան Մինսկում, Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում։ Ըստ բելառուսական մի շարք աղբյուրների՝ կա մոտ 3000 ձերբակալված, տուժել է մոտ հարյուր մարդ՝ քաղաքացիներ և իրավապահներ:

Չնայած շրջանառվող այս տեղեկություններին՝ իշխանությունները հայտարարեցին, որ «ցուցարարները չափազանց ագրեսիվ են գործել, սակայն ոստիկանները մարտական զենք չեն կիրառել»:

Իշխանությունը, ինչպես և ակնկալվում էր, փողոցային շարժման մեջ մեղադրեց արտաքին ուժերին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպմանը, ըստ «Բելտա» գործակալության, հայտարարեց, որ օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն անց են կացվել՝ որպես տոն, բայց «ինչ-որ մեկը ցանկանում էր փչացնել այդ տոնը»։

«Մենք տեսանք նրանց։ Նրանք էլ ավելի «փայլատակեցին» այս գիշեր։ Մենք արձանագրել ենք զանգեր արտերկրից։ Զանգեր կան Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից, նրանք կառավարել են մերոնց, կներեք ինձ, ոչխարներին։ Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, և նրանց արդեն սկսում են կառավարել»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ համարժեք պատասխան է լինելու բոլոր ոչ իրավաչափ գործողություններին, և թույլ չի տալու, որ երկիրը քանդվի։

Նա ընդգծել է, որ Մայդան չի լինի, որքան էլ որ ինչ-որ մեկը դա ցանկանա։

Հայաստանում ևս ակտիվորեն հետևում էին Բելառուսում ծավալվող իրադարձություններին, և հայաստանյան, ռուսաստանյան մեդիա-փորձագիտական հանրության շրջանում կա կայուն տպավորություն, որ Բելառուսում հակաիշխանական շարժումը շարունակվելու և խորանալու է, որոշ վերլուծաբանների որակմամբ՝ այս հետընտրական շարժումը նման մասշտաբով աննախադեպ է Բելառուսի նման երկրի համար, այն թուլացրել և թուլացնելու է գործող նախագահի դիրքերը՝ հանգեցնելով իշխանափոխության կամ հեղափոխության՝ հայաստանյան թավշյա զարգացումների սցենարի նմանությամբ։

168am-ի հետ զրույցում բելառուսցի հեղինակավոր քաղաքագետ Վալեր Կարբալևիչը Մինսկից նախ պարզաբանեց, թե ինչ է կատարվում Բելառուսում, ինչ զարգացումներ են հնարավոր, և որքանով են տեղին այն կարծիքները, որոնք շրջանառվում են հայաստանյան և ռուսաստանյան մամուլում բելառուսական հնարավոր զարգացումների վերաբերյալ։

Նա նշեց, որ պաշտոնական արդյունքները հայտարարված են, և դրանք, նրա համոզմամբ, որևէ կապ չունեն մարդկանց իրական քվեարկության հետ։

Կարբալևիչի խոսքով, բոլոր անկախ կանխատեսումների, գնահատականների համաձայն՝ Լուկաշենկոն այս ընտրություններում պարտվել է։

«Բայց նրան հայտարարեցին հաղթող 80 տոկոս քվեով, և բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո՝ հանրությունը լցվեց փողոց, և նրանց սկսեցին ցրել ոստիկանական ուժերի միջոցով, կիրառելով ուժ, հատուկ միջոցներ, կան վիրավորներ, կա տվյալ մեկ զոհի մասին, ինչն իշխանությունները, բնականաբար, հերքում են»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ ակցիաները շարունակվելու են, պարզապես ամբողջ հարցն այն է, թե որքանով են դրանք մասշտաբային լինելու, և որքանով են մարդիկ պատրաստ երկար բողոքի ցույցեր անել։

«Այս հարցում ես որոշ կասկածներ ունեմ։ Մարդիկ ցանկանում են, որպեսզի իշխանությունը հեռանա, բայց մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէ դրա դիմաց նման բարձր գին վճարել՝ ծեծվել, ձերբակալվել երկար տարիներով, Բելառուսը դաժան ավտորիտար ռեժիմ է, և բելառուսցիների համար փողոց դուրս գալն ինչ-որ տեղ քաղաքացիական լուրջ առաջընթաց, քայլ է և մարտահրավեր։

Ի դեպ, սրան զուգահեռ՝ իշխանության ներսում ճգնաժամ չկա, կա լոյալություն Լուկաշենկոյին, և դեռ լուրջ ախտանշաններ չկան, որ այդ ապարատը կհրաժարվի ենթարկվել, և իրավիճակը իշխանության տեսանկյունից կլինի անվերահսկելի։ Սա ևս վախեցնում է մարդկանց։ Կանխատեսում անելը շատ բարդ է, ես զգուշավոր եմ այդ հարցում, բայց նման մասշտաբային գործընթացի, հեղափոխության հավանականություն ես չեմ տեսնում»,- ասաց Կարբալևիչը։

Խոսելով վերջին ժամերին ընդդիմության պահվածքի մասին՝ նա ասաց, որ քաղաքական գործընթացի տրամաբանությունն առաջին պլան բերեց Սվետլանա Տիխանովսկայային։ «Դա մի կին է, որը չէր պատրաստվում լինել նախագահի թեկնածու, չէր պատրաստվում լինել իրական առաջնորդ, նա հայտնվեց՝ որպես տեխնիկական թեկնածու, առաջադրվեց՝ բարոյապես աջակցելու համար իր ամուսնուն, բայց քանի որ Լուկաշենկոն շարքից դուրս էր բերել իր հիմնական հակառակորդներին՝ երկուսին ձերբակալեց, այդ թվում՝ Տիխանովսկայայի ամուսնուն, այնպես ստացվեց, որ հենց Տիխանովսկայան հայտնվեց շարժման առաջնորդի կարգավիճակում, և նրա համար սա բարդ իրավիճակ է հոգեբանորեն, բարոյապես, նա կոչ չի անում մարդկանց դուրս գալ փողոց, նա չի փորձում ղեկավարել, առաջ տանել այս շարժումը։ Ստացվում է, որ, փաստորեն, այս արշավը չունի առաջնորդ, ամենաակտիվ ընդդիմադիրներին Լուկաշենկոն արդեն վաղուց է չեզոքացրել»,- ասաց Վալեր Կարբալևիչը։

Նրա որակմամբ՝ ընտրություններին նախորդած շրջանի համեմատ՝ Լուկաշենկոյի դիրքերը թուլացած են, բայց այնքան չեն թուլացել, որպեսզի նա կորցնի վերահսկողությունը պետական ապարատի նկատմամբ և կորցնի վերահսկողությունը երկրում։

«Միանշանակ է, որ, եթե մասշտաբային շարժում լինի, ինչը քիչ հավանական եմ համարում, ուժ նա կկիրառի, բայց դեռ սխալ կլինի նաև ասելը, որ շարժումը մասսայական բնույթ է կրում»,- ասաց Կարբալևիչը։

Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան որոշել էր մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ նրա ամուսնուն՝ հայտնի ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն, ձերբակալել էին: Մինչ նախընտրական արշավի մեկնարկը բելառուսցի քաղաքագետները համարում էին, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներն են ԱՄՆ-ում Բելառուսի նախկին դեսպան Վալերի Ցեպկալոն, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին և «Բելգազպրոմբանկի» նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկոն, ով, որոշ տեղեկություններով՝ վայելում էր Մոսկվայի աջակցությունը։

Վերջին երկուսը՝ Բաբարիկոն և Տիխանովսկին, ձերբակալված են, իսկ Ցեպկալոն էլ վերջերս իր տղաների հետ միասին փախել էր Մոսկվա: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգ թեկնածու էր գրանցել օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Անդրեյ Դմիտրիևին, Աննա Կանոպացկայային, Սերգեյ Չերեչենին և Սվետլանա Տիխանովսկայային: Չգրանցված թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոն և Վալերի Ցեպկալոն իրենց աջակիցներին կոչ են արել միավորվել և ընտրություններին իրենց ձայնը տալ Սվետլանա Տիխանովսկայային: Տիխանովսկայան ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսը պետք է դուրս գա Բելառուս-Ռուսաստան միասնական պետությունից և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարի: Նա նաև խոսել էր Ղրիմի պատկանելությունից՝ ասելով, որ իրավական առումով Ղրիմն Ուկրաինայի տարածքն է, սակայն դե ֆակտո Ռուսաստանին է պատկանում:

Տեսանյութեր

Լրահոս