Ե՞րբ կասֆալտապատվի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) ճանապարհը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի՝ 4-րդ գյուղի, գլխավոր ճանապարհը, արդեն 1 տարուց ավելի է՝ անմխիթար վիճակում է: Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղին անցնում է նաև այս հատվածով, և անմիջապես կառուցվող կամրջի տակ առկա են մեծ փոսեր:

Բնակիչների խոսքով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լայնածավալ ասֆալտապատման աշխատանքների ֆոնին, հույս են ունեցել, որ գոնե ճանապարհի այս հատվածին էլ ուշադրություն կդարձվի, սակայն որևէ աշխատանք չի կատարվել: Ընդամենը մի քանի անգամ փոսերը շեբենով են լցրել, ինչն անձրևից հետո լվացվել է, և կրկին փոսերը բացվել են:

Թաղամասի այն բնակիչներն էլ, որոնք ավտոմեքենա ունեն, նշում են, որ մեքենայի «հարկերը» վճարում են, բայց դրա դիմաց քաղաքապետարանը նորմալ ճանապարհ չի հատկացնում: Բնակիչները դժգոհում են, որ անձրևի ժամանակ տաքսի են պատվիրում, որպեսզի կանգառում երթուղայինի չսպասեն և թրջվեն, շատ տաքսու վարորդներ վատ ճանապարհի պատճառով հրաժարվում են մտնել թաղամաս:

Նշենք, որ Հաղթանակ թաղամասում առկա է դպրոց, 2 մանկապարտեզ, շուրջ մեկ տասնյակ գործարաններ: Թաղամասում հանրային տրանսպորտի 2 երթուղի է գործում:

168.am-ը կապ հաստատեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում:

«Բոլոր այն հատվածներում, որտեղ կամուրջներ են կառուցվում, այդպիսի խնդիրներ են առաջանում: Անընդհատ փոսերը լցնում ենք՝ մենք էլ, «Հյուսիս-Հարավ»-ն էլ, 10-15 օրը մեկ լցոնման աշխատանքներ են անում, պարզապես այդտեղ գերծանր տեխնիկա է աշխատում, անընդհատ քանդվում է, դրա համար ուրիշ տարբերակ չկա, մինչև որոշ ժամանակ հետո ճանապարհը սարքեն, վերջացնեն, նոր առաջին կարգի ասֆալտ արվի»,- ասաց Կարապետյանը:

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ այս պահին առաջին կարգի ասֆալտ անելն անիմաստ ծախս է լինելու. «Եթե հիմա այդ տարածքում առաջին կարգի ասֆալտ անեն, դա տևելու է 20 օր և 20 օրը մեկ առաջին կարգի ասֆալտ անելն ուղղակի շատ թանկ հաճույք է, դրա համար ուղղակի քերուկի կամ շեբենի լցոնում է պարբերաբար արվում: Եթե շեբենը 3 օր է դիմանում, լավ ասֆալտը՝ 20 օր, ինձ թվում է՝ խելամիտ չէ այդտեղ լավ ասֆալտ անել: Ես էլ համարյա թե ամեն օր այդ հատվածով անցնում եմ: Մի փոքր հատված է, պետք է համբերատար լինենք, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ իրեն լավ վիճակում պահել, քանի որ այնտեղ ծանր տեխնիկա է աշխատում»:

Դիտարկմանը, որ այս պահին նման տեխնիկա այդ տարածքում չկա, Կարապետյանն ասաց. «Արդեն վերջացնում են, ես էլ, որ խոսեցի, ասացին՝ գրեթե 1-2 ամսից արդեն վերնամասով կսկսեն աշխատանքները, տակի հատվածն արդեն պետք չի լինի իրենց, կասֆալտապատենք»:

Հարցին, այսինքն՝ 2 ամսից այդ ճանապարհահատվածը կասֆալտապատվի՞, Կարապետյանը պատասխանեց. «Եթե իրենք այդտեղ աշխատանքներն ավարտեն, կասֆալտապատվի, այո»:

Հարցին, թե հնարավո՞ր է Հաղթանակ թաղամասի գլխավոր ճանապարհը՝ 1-ին փողոցը, ամբողջությամբ ասֆալտապատել, քանի որ շատ վատ վիճակում է գտնվում, Կարապետյանը պատասխանեց.

«Ամբողջը՝ ոչ, որովհետև 940 մետր կոյուղու ցանց է նախատեսվում անցկացնել, դա անել վերջացնելուց հետո նոր պետք է դիտարկվի այդ հարցը, որովհետև ծավալն էլ է բավականին շատ, գրեթե 1 տարվա ծավալից շատ է այդ ամբողջ ճանապարհը հիմնանորոգելը»:

Տեսանյութեր

Լրահոս