Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքերն արգելանքից հանելու միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ նիստին
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստում դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննեց ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանք հանելու պաշտպանական կողմի միջնորդությունները:
Առաջինը միջնորդությունը ներկայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ամբաստանյալ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ իր պաշտպանյալի գույքը կալանքից ազատելու վերաբերյալ: Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը քննիչը կայացրել է 2018 թվականի օգոստոսի 8-ին՝ մինչդատական վարույթում: Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը՝ ինչպես դատախազական հսկողությամբ, այնպես էլ՝ դատական վերահսկողության շրջանակներում, քննիչի որոշումը բողոքարկել է:
«Արդյունքում՝ ունենք իրավիճակ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փաստացի արձանագրվել է Արմեն Գևորգյանի իրավունքների խախտում»,- դատարանում ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ դատարանն իրավունքների խախտում արձանագրել է՝ առանց այդ խախտումը վերացնելու:
Է. Ալեքսանյանի խոսքով՝ որոշումը քրեական հետապնդման մարմինների կողմից բողոքարկվել է վերադաս ատյաններում, սակայն այդ բողոքները մերժվել են, և առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանում նաև ներկայացրեց այն հիմքերն ու դեպքերը, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինն իրավունք ունի գույքը կալանքի տակ վերցնել՝ հիմնավորելով, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու նախաքննական մարմնի որոշումը կայացվել է առանց իրավական նպատակների և հիմքերի:
«Քննիչը նախաքննության ընթացքում արգելանք է դրել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա և փաստացի անդրադարձել է գույքի վրա կալանք դնելու իրավական հիմքերին, ընդամենը վկայակոչել է ՔԴՕ 233-րդ հոդվածը՝ որը սահմանում է գույքի վրա կալանք դնելու իրավական նպատակները և հիմքերը, սակայն դրանցից որևէ մեկը չի որոշակիացրել և, խոսելով գույքի վրա կալանք դնելու իրավական հիմքերի մասին, իր որոշման մեջ չի վկայակոչել որևէ փաստական տվյալ, ապացույց, որը հիմնավորի իր ենթադրությունը առ այն, որ Արմեն Գևորգյանի գույքը, եթե չդրվի արգելանքի տակ, անպայման պետք է թաքցվի, փչացվի կամ օտարվի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ կալանք է դրվել նաև Արմեն Գևորգյանի մերձավորների՝ հոր և եղբոր գույքի վրա:
Գույքը արգելանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Պաշտպանը հայտնեց, որ 2018 թվականի հուլիսի 30-ին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքը կալանքի տակ դնելու վերաբերյալ, երբ արդեն 3 օր Ռ. Քոչարյանին մեղադրանք էր առաջադրված ՔՕ 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներով և այդ պահին այլ մեղադրանք առաջադրված չի եղել: Փաստաբանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքն իր տրամաբանությամբ չէր կարող հանգեցնել հնարավոր քաղաքացիական հայցի: Ըստ Հ. Խուդոյանի՝ քննիչի որոշումը պարունակում էր ընդհանրական բնութագրումներ, ու այլ պատճառաբանություններ՝ նույնիսկ անտրամաբանական, չկային:
«Այդ շատ պարզ ընթացակարգերին չհետևելը և մեկ սխալը մյուս սխալով փորձելով քողարկելը կրկին վկայությունն է այն բանի, որ այս դատական պրոցեսը չի հետապնդում քրեադատավարական նպատակներ: Այս դատական պրոցեսը նպատակ է հետապնդում բոլոր հնարավոր եղանակներով սահմանափակել անձանց իրավունքները»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ միջնորդելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցի, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը:
Դատախազները դիրքորոշում հայտնեցին, որ առաջադրված մեղադրանքի տիրույթներում երկու ամբաստանյալների հարցով կա 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ապահովման անհրաժեշտություն, ուստի, ըստ դատախազության, ներկայացված միջնորդությունները ենթակա են մերժման:
Դատարանում ելույթ ունեցավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին, ես ուզում էի նշել, որ հիմա քննարկում ենք իմ գույքի ու հաշիվների կալանքի հարցը, 1 տուն է, որ ես ստացել եմ պետության կողմից, և բանկային հաշիվներ են 2, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ Սիստեմայից, որտեղ ես աշխատում եմ: То есть, այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Կողմերին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանին՝ միջնորդությանը լուծում տալու համար անհրաժեշտ են ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կալանավորված գույքերի արժեքների մասին տեղեկություններ, ինչպես նաև բանկային հաշիվների վերաբերյալ քաղվածքները։ Չնայած պաշտպանական կողմը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ։ Դատավոր Դանիբեկյանը ևս մեկ անգամ պնդեց, որ այդ տեղեկություններն անհրաժեշտ են, և դրանք ստանալուց հետո միայն դատարանը կորոշի՝ հնարավո՞ր է ներկայացրած միջնորդությունները լուծել, թե՞ ոչ։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ երեքշաբթի: