Հակառակորդի կրակոցից զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումների ընթացքում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արթուր Մուրադյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:
Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հուլիսի 23-ին մահացել է հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։