Մենակ ենք մեր ատելության հետ
Ապրելով ժամանակի մեջ և լինելով դրա կրողը, մենք հաճախ չենք հասցնում կշռել այն ծանրությունը, որ բաժին է ընկնում մեզ նույն ժամանակի նժարին: Տեսնում ենք ընթացքը, բայց լիարժեք չենք գիտակցում հետևանքը, քանի դեռ չի կատարվել: Հստակ տեսնում ենք մեր այսօրը, բայց մեր երեկը մեր վաղվա մեջ չենք կարողանում տեսնել: Մենք այսօր մենակ ենք: Հաճախ կարող ենք շարքային քաղաքացիներից փողոցում կամ սոցիալական ցանցերում, զրուցարաններում լսել, որ Ռուսաստանը` մեր ռազմավարական ու տնտեսական գործընկերը, մեզ հետ չէ: Իսկ ինչո՞ւ մեզ հետ չէ:
Ադրբեջանը կարողանում է սահմանին սադրել մեր զինվորներին, սադրել Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում մեր հայրենակիցներին: Հայաստանը ԵԱՏՄ հիմնադիր անդամ երկիր է, և Ադրբեջանը` ոչ ԵԱՏՄ անդամ լինելով, կարողանում է մեզ հետ նույն տնտեսական գոտում գտնվող Ռուսաստանի շուկաներում նեղություն պատճառել հայերիս` երբեմն բիրտ կերպով: Մենք մենակ ենք ու խոցելի մեր տնտեսական գործընկերոջ հետ փոխհարաբերություններում երրորդ երկրի անօրինական միջամտությունից, միչդեռ պաշտպանված պետք է լինեինք բոլոր օրինական միջոցներով, քանի որ մեր և Ռուսաստանի համատեղ տնտեսական շահը հենց դա է ենթադրում:
ՀԱՊԿ-ից առանձնապես ռազմավարական գործընկերոջ մտահոգ աջակցություն չնկատվեց, երբ Ադրբեջանը հրետանակոծային և դիվերսիոն հարձակում գործեց Հայաստանի սահմանի վրա: Հրետակոծվեցին բնակավայրեր, և խաղաղ բնակչությունը ստիպված էր մեկուսանալ ապաստարաններում: Ի պատիվ մեր բանակի` մենք օգնության կարիք չունեցանք, բայց այդ կառույցի անդամ ենք դարձել նման միջադեպերի ժամանակ մենակ չմնալու համար: Մինչդեռ Ալիևը հայտարարում է, որ ՀԱՊԿ անդամ երեք երկիր Ադրբեջանի կողմից է: Որ Հայաստանը մենակ է: Բացի այդ, իրենք ունեն Թուրքիայի պես դաշնակից:
Թուրքիան չի ուրանում իր դաշնակից կրտսեր եղբորը, սպառնալի հոխորտում է, Անվտանգության խորհրդի նիստ գումարում` թիրախավորելով Հայսատանը: Այստեղ, թաքցնելու չէ, մեր հույսը Ռուսաստանն է, որ հայ-թուրքական սահմանի անվտանգությունն է ապահովում: Ասում ենք, որ Ռուսաստանի ահից Թուրքիան սահմանը չի խախտի, որ նմանատիպ փորձեր եղել են վերջին 30 տարում, մինչև իսկ Թուրքիան զորք է մոտեցրել սահմանին, բայց չի հարձակվել: Եթե սահմանապահ ուժերը չլինեին, հավանական է, որ կհամարձակվեր: Շեշտելու կարիք չկա, թե Ռուսաստանն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար այդ բովանդակության մեջ:
Այդուհանդերձ, պարզվում է, որ մենք նեղացրել ենք մեր տնտեսական և ռազմավարական գոծընկերոջը, որի հետևանքով էլ այս պատկերն ունենք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնում Մոսկվա` Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 75-ամյակի տոնական շքերթին մասնակցելու, հրավերը մերժում է` պատճառաբանելով, որ մեր երկրում համաճարակ է: Բայց մեկ ամիս անց գնում է Մինսկ` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, և դա՝ այն դեպքում, երբ Լուկաշենկոն Ալիևի ընկերն է, Բելառուսն Ադրբեջանին բարեկամ երկիր է, նաև զենքի մատակարարող: Բայց մեր երկրում դարձյալ համաճարակ էր և արտակարգ դրություն: Հիշենք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որ բարեկամությունը միակողմանի չի լինում, որ ռուսներին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ պետք են, և, որ Հայաստանում ռուսական ընկերություններն այսօր դատական քաշքշուկի մեջ են:
Կրեմլին մերձ կանգնած Մարգարիտա Սիմոնյանն ասում է այն, ինչն այդ բարձր խողովակով անհրաժեշտ է փոխանցել մեզ: Իսկ մենք Մարգարիտա Սիմոնյանին դատում ենք, պահանջում ենք, որ ազգանունից հրաժարվի: Որովհետև ճշմարտությունն է ասել: Իսկ մենք չենք սիրում ճշմարտությունը լսել, մենք սիրում ենք, երբ մեզ խաբում են: Գուցե մեզ համար ընդունելի ճշմարտություն չէ, բայց Ռուսաստանի համար ընդունելի ճշմարտությունը դա է: Չենք ուզում խորհել, հասկանալ, մեր տալ ու առնելիքի հետ հաշվի նստել, թեկուզ վատ ասված խոսքից մեր օգուտը քաղել:
Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով՝ կարողանայինք Ամերիկայի հետ լավացնել, էլի մի տեղ սփոփանք կլիներ: Սակայն հոկտեմբերին ԱՄՆ Սենատը պատրաստվում է ընդունել մի բանաձև կամ օրինագիծ, որը, ըստ մասնագետների` ԱՄՆ կողմից երբևէ ընդունված ամենահակահայ փաստաթուղթը կլինի, որն անմիջականորեն սպառնալու է Արցախի Հանրապետության անվտանգությանն ու պահպանմանը: Վրաստանը Տավուշի սահմանային կռիվն ի վնաս մեզ դատապարտող համատեղ հայտարարությամբ հանդես եկավ այն կառույցի կազմում, որի անդամ երկրներ են Ուկրաինան և Ադրբեջանը:
Հակառակ դիվանագիտական կապերի մերձեցման` իսրայեական ԱԹՍ-ները շարունակում են ռմբահարել մեր դիրքերն ու բնակավայրերը: Իսկ այդ մերձեցումը հուսալի հարևան Իրանին է հեռացնում, ջերմությունն է պաղում: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ անհասցե կոչ է անում հակամարտող կողմերին` զերծ մնալ ամբողջատիրական հայտարարություններից: Իսկ այս անհասցե, անատամ ու չթիրախավորող ընդհանրական կոչերը հնարավորություն են տալիս Ադրբեջանին անարգել շարունակելու իր ագրեսիան և՛ զենքի, և՛ խոսքի սպառնալիքով:
Իսկ մենք հերսոտում ենք, թե բոլորը վատն են, մեր դեմ են: Սև ենք տեսնում և՛ ներսում, և՛ դուրսը: Դրսին ձեռքներս չհասնելու անզորությունից շուռ ենք գալիս և մեր ներսում ենք մեզ ավերում: Մերժում ենք, ատում ենք, դատում ենք` ով պատահի:
Օրերս տեսանք, թե համացանցում ինչ վայնասուն էր, հայհոյանքների տարափ, երբ առաջարկում էին մի քանի ժամանակակից գրողի ստեղծագործություններ ներառել ուսումնական ծրագրում: Մենք չենք սիրում մեր գրողին ու մտավորականին, գիտնականին ու քաղաքական գործչին, բանվորին, ռանչպարին, հոգևորականին, անգամ անտունին: Հասարակության մեջ կա կույր ատելություն, և կարևոր չէ, թե ո՞ւմ են դատում, միայն թե դատվող լինի: Կարևոր չէ, թե ում են խաչում, ուղի՞ղ են խաչում, թե՞ թարս, բարեպաշտի՞, թե՞ ավազակի, միայն թե խաչին մարդ լինի: Սա մեր միջի թշնամին է և ավելի կործանարար է, քան դրսի թշնամին: Մենք չարացած ենք հարևանի դեմ, բարեկամի դեմ, մենք մեր դեմ: Բնական է, մենք մենակ պետք է լինենք մեր ատելության հետ: