Բաժիններ՝

Այս մարդկանց, ըստ էության, օրենք և իրավունք չի հետաքրքրում, «չորով» ուզում են անցկացնել այն մարդուն, ում պետք է. Ռուբեն Հայրապետյան

«Հաշվի առնելով մեր բացառիկ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակը, կրթությունը, մարդկային կապիտալի զարգացումն իրականում մեր միակ փրկությունն է, հույսը: Սա հստակ պետք է ձևակերպվի՝ որպես ազգային անվտանգության խնդիր, պետք է կատարվեն վճռական իրական ռեֆորմներ: Կրթության պատասխանատուները ոչ միայն քայլեր չեն կատարել այս ուղղությամբ, այլև ԿԳՄՍ կողմից ստեղծվել է ապօրինությունների մի շղթա՝ հին համակարգը վերարտադրելու նպատակով»,- ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է հուլիսի 17-ին ՀՊՏՀ-ում կայացած ռեկտորի ընտրությանը՝ նա նկատեց.

«Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ բացարձակ որևէ պաշտոն չի հետաքրքրում: Հաճախ ինձ հարցնում են, թե հավակնո՞ւմ եմ ռեկտորի պաշտոնին, միշտ էլ պատասխանում եմ, որ դա կախված է ուսանողների ցանկությունից: Եթե ես նկատեմ, որ այդ ցանկությունը կա, բայց բավականաչափ մեծ չէ, ես չեմ մասնակցի: Մասնակցելու եմ միայն մեծ ցանկության դեպքում»:

Այնուհետև Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ այսօր խոսելու է միայն փաստարկված ապօրինություններ մասին՝ հնարավորինս զերծ մնալով ավելորդ ենթադրություններից, հուզական գնահատականներից:

«Առաջին՝ Տնտեսագիտական համալսարանի գործող ղեկավարն ապօրինի է: Ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է ապօրինի անդամներով՝ նախարարության իմացությամբ: Նույն նպատակով ուսանողների փաստացի ռեկետ է իրականացվում: Նախարարությունը հուլիսի 16-ին կեղծ հայտարարություն է տարածել, ապօրինաբար կազմակերպել է ռեկտորի ընտրություն՝ առանց խորհրդի նիստ հրավիրելու, խորհրդի անդամներին ծանուցելու:

Եվ վերջինը, դատարանի միջոցով հաստատվել է ատենախոսությանս առնչվող ապօրինությունները: Վերջին 2 տարվա ընթացքում ամբողջ ՀՊՏՀ-ում ընդամենը երկու հոգի է գիտական հոդված ունեցել՝ միջազգային ճանաչված պարբերականում, 2-ից մեկը ես եմ եղել, մյուսը՝ իմ ասպիրանտը: Սրանից հետո ապօրինությունները սկսվեցին իմ ուղղությամբ: Եվ այդ անմիտ պատճառաբանությամբ մեր հեղափոխական, իրական ու համակարգային փոփոխությունները պետք է կասեցվեին, և դա էր իրենց ուզածը, ապա այդ մարդկանցից ընդամենը մնում է օրենքով ինձ հասանելիք բարոյական վնասի հատուցումը պահանջել: Թե կոնկրետ ինչ վնաս եմ պահանջելու՝ կորոշեմ հրաշալի ուսանողի հետ միասին»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է մյուս բացահայտումներին՝ Ռ․ Հայրապետյանը նշեց. «Կարծում եմ՝ ձեր ականջներին չեք հավատա, բայց ամբողջը փաստարկված է: ՀՊՏՀ նոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարը նշանակել է դպրոցների մասին իրավական ակտերին հղում կատարելով: Հետո պարզաբանում են, թե սա ընդամենն աշխատակցի անփութության հետևանք է: Բայց այստեղ ինչն է հետաքրքիր. նախարարի ցանկացած հրաման մինչև նրա սեղանին հայտնվելն անցնում է առանցքային մի քանի պաշտոնյաների մոտով, որպեսզի որևէ աշխատակցի անփութության հետևանքով նմանատիպ խնդիրներ չառաջանան: Այսինքն, նույնիսկ ԿԳՄՍ պատասխանն է առոչինչ:

Բայց ես ներկայացնում, բացատրում եմ, որ այն անձին, որին դուք փորձում եք ապօրինաբար փոխանցել համալսարանի ղեկը, չեք կարող անել, քանի որ նա օրենքով սահմանված կարգով չի համապատասխանում ռեկտորի ներկայացված պահանջներին: Բայց այս մարդկանց, ըստ էության, օրենք և իրավունք չի հետաքրքրում, «չորով» ուզում են անցկացնել այն մարդուն, ում պետք է: Մասնավորապես խոսքը վերաբերում է նախկին ռեկտորի պաշտոնակատարի տեղակալին՝ ուսումնական գծով պրոռեկտորին: Իրենք հորինում են ավելի զավեշտալի իրավական ակտ: Այս անգամ արդեն ղեկավարվում են ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ռեկտորի գործուղման և արձակուրդ գնալու մասին է: Երբ սրա մասին բարձրաձայնում են, իսկ իրենք շարունակում են իրենց քաղաքականությունը չորով առաջ տանել, արդեն ակնհայտ է դառնում այս ապօրինությունների առերևույթ դիտավորությունը»:

Ռուբեն Հայրապետյանի փոխանցմամբ՝ առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում աշխատակիցները չեն ստացել հերթական պարգևավճարը:

«Իսկ ինչո՞ւ չեն ստացել, որովհետև տվյալ ղեկավարը շատ լավ պատկերացնում և հասկանում է, որ ցանկացած լումա, եթե մի տեղից փոխանցի մյուս տեղը՝ միանգամից քրեական պատասխանատվության խնդիր է առաջանալու, որովհետև ապօրինի է: Խնդրով այս պահին զբաղվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը, և ապօրինությունն այնքան զավեշտալի, այնքան ակնհայտ է, որ այստեղ լուծման այլ ելք չկա:

Ես ուզում եմ հասկանալ՝ հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության շենքում:

Հիշեցնեմ, որ դրանից ընդամենը րոպեներ անց արգելանքը հանվում է, իսկ Գ.Թամրազյանի մտերիմը ժամեր անց «ընտրվում» է ռեկտորի պաշտոնում: Համալսարանի խորհրդի նախագահը մրցույթի արգելանքը հանելու մասին տեղեկանում է 5 րոպե առաջ: Ես ուզում հասկանալ նաև այս գործողությունների տրամաբանությունը: Արդյո՞ք փոխնախարարի լիազորությունների մեջ է մտնում թուղթ բերել-տանելը, ԴԱՀԿ կողմից արգելանքը հանելու մասին ծանուցումը տրամադրելը»,- հարց բարձրացրեց ռեկտորի նախկին պաշտոնակատարը:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը խորհրդի անդամներից գաղտնի նամակ է ուղղում ԿԳՄՍ-ին՝ խնդրելով կասեցնել հիմնադրամ դառնալու գործընթացը: կասեցվում և հայտարարվում է ՊՈԱԿ-ի մրցույթ:

«Խորհրդի 4 անդամներն այլևս ուսանողներ չեն: Հուլիսի 7-ին ՀՊՏՀ-ն նամակ է ուղարկում ուսանողներին, որ անհրաժեշտ է վարձը վճարել մինչև հուլիսի 10-ը, թե ինչո՞ւ են սա արել․ հետևյալ խնդիրը կար դրված՝ հրամանագրել 4 ուսանողի մագիստրատուրայում, դրա պատճառով մագիստատուրայի բոլոր ուսանողներին ապօրինաբար պարտադրել են 3 օրվա ընթացքում վարձը վճարել, որպեսզի հնարավորություն ստանան 4 հոգու հրամանագրել՝ որպես մագիստրատուրայի ուսանող:

Ըստ գործող կարգի՝ ուսանողներն իրավունք ունեն վճարելու մինչև սեպտեմբերի 10-ը, ոչ թե հուլիսի 10-ը: Սա կոչվում է ռեկետ: Ուսանողները լացելով խնդրում էին ինձ, որ մի բան անեմ: Պարտք են վճարում, վճարում, որից հետո իրենք ասում են, որ այստեղ պարտադրանք չի եղել, ու նամակ են ուղարկում, որ կարող են մինչև սեպտեմբերի 10-ը վճարել: Սա քրեական թեմա է, որի հետ կապված գործերը պատրաստվում եմ ներկայացնել իրավապահ մարմիններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս