«Եթե երկիրը սպառնում է հարվածել քո ատոմակայանին, ապա ինչի՞ շուրջ և ինչպե՞ս բանակցել այդ երկրի հետ». Աննա Կարապետյան

«Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգստությունը դեռևս չի երաշխավորում, որ ռազմական գործողությունները շարունակելու, նոր սադրանքի դիմելու փորձ Ադրբեջանը չի կատարի: Բավականին մեծ է հավանականությունը, որ Արցախի հետ սահմանին կարող է նման պրովոկացիա լինել Ադրբեջանի կողմից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների պատճառը նաև միջազգային հանրության արձագանքն է. «Այսինքն՝ ամենաթողության այն մթնոլորտը, որն առաջացրել էր Ադրբեջանի մոտ, երբ Ադրբեջանի ղեկավարն ուղիղ սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանին, շանտաժ էր անում միջազգային հանրությանը, և այդ ամենին միջազգային հանրությունը որոշակի չեզոք դիրքորոշումներով էր պատասխանում, կամ նույն ՄԽ համանախագահները փորձում էին համահարթեցնել Հայաստանին և Ադրբեջանին, չնկատել Ադրբեջանի հռետորաբանությունը, չեզոք, չհասցեագրված կոչեր էին անում: Այդ ամենը պատճառ դարձավ, որ այսօր Ադրբեջանը գնաց նման քայլի:

Մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի՝ միջազգային հանրությանը մատնացույց անել այս փաստը, հասնել նրան, որ նրանց մոտ ձևավորի այն գիտակցումը, որ այդ թվում իրենք են մեղավոր, որ սահմանին մարդիկ են զոհվել՝ Ադրբեջանի արկածախնդրության հետևանքով: Եթե նրանք ժամանակին կոշտ արձագանքեին Ադրբեջանին, ապա վերջինիս մոտ չէր ստեղծվի տպավորություն, որ, եթե հռետորաբանությանը ոչինչ չեն ասում, ինքը քայլեր ձեռնարկի, այդ դեպքում էլ ոչինչ չեն ասի»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Աննա Կարապետյանի գնահատմամբ՝ սա պետական մակարդակի ահաբեկչության սպառնալիք է.

«Սա ահաբեկչական գործունեություն է Ադրբեջանի կողմից, և դա, առաջին հերթին, միջնորդների կողմից պետք է արձագանքի արժանանար, և ընդհանրապես ողջ միջազգային հանրությունը պետք է կոշտ գնահատական տար Ադրբեջանի այս հայտարարությանը և կանխարգելեր հետագայում նման հայտարարությունները: Այստեղ միջազգային հանրության արձագանքն այդ տեսանկյունից դժվար է բավարար համարել: Սակայն այստեղ Հայաստանը ևս անելիք ունի: Այո, արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, եղան հանդիպումներ, սակայն այս ուղղությամբ աշխատանքը շատ երկար պետք է տարվի՝ բոլոր մակարդակներով՝ խորհրդարանականից մինչև միջպետական կառույցներ Հայաստանը մշտապես պետք է ցույց տա, թե ով է Ադրբեջանն այսօր, ինչ բնույթ ունի Ադրբեջանի ղեկավարությունը, և ում հետ մենք գործ ունենք: Այդ չեզոք հայտարարությունները, որ ժողովրդին պետք է խաղաղության պատրաստել, այսօրվա հետ որևէ կապ չունեն: Եթե երկիրը կարող է սպառնալ հարվածել քո ատոմակայանին, ապա ինչի՞ շուրջ և ինչպե՞ս բանակցել այդ երկրի հետ»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պետք է անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Աննա Կարապետյանի կարծիքով՝ սա երկսայր սուր է. «Դիմելիս դու պետք է շատ հստակ համոզվածություն ունենաս, որ քո ռեսուրսները, հեղինակությունը, գործիքակազմը կբավարարի, որպեսզի դու կարողանաս այդ հստակ հարցով դիմել և ստանալ քո ցանկացած գնահատականը, և դրա հետևանքները չլինեն այնպիսին, որ ստացվի՝ դու դիմել էիր կոնկրետ այս հարցով, բայց, օրինակ՝ ամբողջ արցախյան հակամարտության հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոն: Այսօրվա դրությամբ մեր իշխանությունների ձեռագիրը, գործելաոճը չի տալիս այն ներքին վստահությունը, որ մենք նման քայլի դիմելով՝ իրոք կկարողանանք հասնել մեր ցանկացած հաջողությանը և հետո չենք բախվի հետևանքներին»:

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախի հարցում ամեն ինչ սկսում են նոր կետից, և Դուշանբեի վերելակային հանդիպման արդյունքում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մղվեցին երկրորդ պլան: Տավուշի դեպքերից հետո վարչապետն ասաց, որ պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիտորինգի միջազգային համակարգ ստեղծվի: Հետաքրքրվեցինք՝ գործող իշխանությունների համար դժվար չի՞ լինելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նորից օրակարգ բերել. ունե՞նք հնարավորություն, թե՞ սպառվել է այդ հնարավորությունը:

«2018 թվականից առ այսօր Հայաստանի իշխանության մոտ մի այսպիսի բարդույթ կա՝ չշարունակել մի բան, որն ինչ-որ կերպ կապվում է նախորդ իշխանության հետ: Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները շատ դժվարությամբ էին ձեռք բերվել ապրիլյան պատերազմից հետո: Բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանն ագրեսոր է, նման սադրանքի է գնացել և դեռ կարող է նորից գնալ, և Հայաստանը կարողացավ լուրջ աշխատանք տանելով՝ հասնել նրան, որ միջնորդները, կարելի է ասել՝ ստիպեն Ադրբեջանին՝ ստորագրել այդ հետաքննության մեխանիզմների ներդրման հայտարարության տակ, որպեսզի հետագայում նրա ձեռքերը կապված լինեն, հնարավոր լինի այդ հետաքննության մեխանիզմների միջոցով իմանալ՝ ով է սադրողը, անել հասցեական հայտարարություններ, պատժամիջոցներ ձեռնարկել, և այլն: Ի՞նչ եղավ 2018թ. հետո:

Ճիշտ է՝ մինչ այդ փուլն այդ պայմանավորվածությունները կյանքի չէին կոչվել, որովհետև Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր խուսափել, և եթե հետևենք այդ ընթացքում համանախագահների հայտարարություններին, կտեսնենք, որ նրանց կողմից նախագծերն արդեն իսկ մշակվել էին, քննարկվում էր՝ ինչպես ֆինանսավորել դրա իրագործումը: Միջնորդների համար ակնհայտ էր, որ Ադրբեջանն է ապակառուցողական կողմը, դրանից բխելով՝ ընդհանուր բանակցային գործընթացում Ադրբեջանի վրա շատ ուժեղ ճնշում կար, Ալիևն ասում էր՝ ինձ միջանցքներում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ, երբ 2018թ. Նիկոլ Փաշինյանը մտավ բանակցային գործընթաց, շտապեց Ալիևի հետ Դուշանբեում վերելակում ձեռք բերել հրադադարը պահպանելու վերաբերյալ պայմանավորվածություններ:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս