Ղարաբաղյան հակամարտությանը թուրքական միջամտությունը պետք է Ադրբեջանին, և ոչ՝ Թուրքիային․ վերլուծաբան
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում բռնկված ռազմական լարվածությանը զուգահեռ՝ ադրբեջանական շրջանակները շահարկում են հակամարտության այս փուլում թուրքական ուժերի ներգրավման հարցը։ Այս օրերի ընթացքում հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին, ինչպես նաև իր թվիթերյան էջում գրառում է կատարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ գրելով․ «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն Ադրբեջանի»։
Թուրքիայի հայտարարությանն արձագանքել է թե ՀՀ ԱԳՆ-ն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն դատապարտելով անկայունություն հրահրելու փորձերը։
«Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ՝ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ՝ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը:
Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել է այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:
Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Մեզ հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հայտարարություններով Ադրբեջանին աջակցություն հայտնելը քաղաքական մի երևույթ է, իսկ ռազմական գործողություններին միջամտելը և Ադրբեջանին աջակցելը՝ մեկ այլ, ինչը Թուրքիայում շատերն են հասկանում, որ չափազանց վտանգավոր ու անհեռանկար որոշում կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծելով Թուրքիայի համար, քան հիմա։
«Մենք հասկանում ենք, որ դա անհրաժեշտ ավելի շատ Ադրբեջանին, քան Թուրքիային, Թուրքիային դա բացարձակ հարկավոր չէ։ Ադրբեջանն այդ հակամարտությունում փորձում է աջակիցներ ձեռք բերել, և գլխավորն այստեղ Թուրքիան ու Ռուսաստանն են, որոնց դաշտ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը փորձում է դուրս բերել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, որը պահում է հակամարտության բալանսը։ Ռուսաստանի մասով միակողմանի աջակցություն հակամարտող որևէ կողմի ակնկալել պետք չէ, հակամարտության հենց սկզբից Ռուսաստանը ներկա է բանակցային գործընթացում՝ առաջնորդվելով երկու երկրների հետ իր շահերի վրա հիմնված հարաբերություններով։ Իսկ Թուրքիան, բացի այն, որ ունի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ, նաև կախված է մի շարք ոլորտներով Ադրբեջանից, ուստի չի կարող աջակցություն չհայտնել, իսկ միջամտությունը կլինի շատ լուրջ որոշում, որը չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր։ Չնայած Թուրքիայի իշխանությունների ոչ բոլոր քայլերն է հնարավոր մեկնաբանել և բացատրել, թուրքական քաղաքականությունն անկանխատեսելի է, բայց նման քայլն էլ ավելի կբարդացնի ռուս-թուրքական հարաբերությունները, թուրք-ամերիկյան հարաբերությունները և Թուրքիայի իմիջին աշխարհում։ Բացի դրանից, Թուրքիայի արտաքին քաղաքական կյանքն արդեն իսկ չափազանց խիտ է ու բարդ, և սրան ԼՂ հակամարտության գումարումը խնդիրների հավելյալ շարք է ենթադրում։ Կարծում եմ, դա պրակտիկորեն անհնար է, իսկ աջակցության խոսքեր միշտ եղել են, դրանում որևէ արտառոց բան չկա, դրանք հիմա էլ սպասելի են»,- ասաց վերլուծաբանը։