
Արարատ Միրզոյանը և Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլը քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ:
Ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը մտքեր են փոխանակել ժողովրդավարական գործընթացների համար առկա մարտահրավերների շուրջ։
«Հայաստանը ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, դիտում է որպես իր ընտրած՝ ժողովրդավարական զարգացման ճանապարհին կարևոր գործընկեր, ինչն իր արտահայտությունն է գտնում մեր երկրների միջև հարաբերությունների բովանդակության մեջ»,- նշել է նախարար Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն, անդրադարձ կատարելով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարարին՝ տարածաշրջանային հարցերին և Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը շարունակական ուշադրության համար։