«Չեմ պատկերացնում՝ ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի այս ամենը չվերաճի մեծ պատերազմի»․ Խրամչիխին
«Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին վտանգավոր ընթացք ունի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմական դիմակայությանը։
Մեկնաբանելով շատ քննարկվող հարցը, թե ինչո՞ւ հիմա նման միջադեպ և զարգացում գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանին, Խրամչիխինն ասաց, որ շատ հեշտ է այդ հարցին պատասխանել, քանի որ կա հակամարտություն, այն չի կարգավորվում քաղաքական ճանապարհով տևական ժամանակ, կա անկայուն, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ խախտվող հրադադար, որը խոսում է այն մասին, որ խաղաղություն չկա, կա մեծաքանակ զենքի ձեռքբերում բոլոր կողմերում, և ամեն պահի այդ անկայուն իրավիճակը կարող է վերաճել վտանգավոր սցենարի։
«Ուստի, թե ինչու հիմա, ապա ես կասեմ՝ ինչո՞ւ ոչ հիմա։ Եթե կա կորոնավիրուս և այլ խնդիրներ, միևնույն է՝ կյանքը շարունակվում է՝ իր բոլոր խնդիրներով և զարգացումներով»,- ասաց նա։
Ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լոկալ ռազմական իրավիճակը կարող է արագորեն վերաճել լայնամասշտաբ պատերազմի։
Նրա համոզմամբ, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կլինի։ «Ավելին, այն բանից հետո, երբ ադրբեջանցիների կողմից ճանաչվել են զոհվածների շարքում բարձրաստիճան ռազմական գործիչներ, ես արդեն չեմ պատկերացնում, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի այս ամենը չվերաճի մեծ պատերազմի։ Կոնկրետ հենց այս պահի իրավիճակն ինձ թույլ է տալիս կանխատեսել, որ հետագա սրումն անխուսափելի է»,- ասաց Խրամչիխինը։
Խոսելով իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարներից՝ Խրամչիխինն ասաց, որ սա բլից-կրիգ չէ, այստեղ բլից-կրիգի սցենար չի ուրվագծվում, քանի որ դրան երկար պատրաստվում են և փորձում են արագ ռազմական հաջողության հասնել կամ որևէ խնդիր լուծել։
«Սա բլից-կրիգի նման չէ ոչ մի կողմից, սա նման է հետզհետե աճող լարվածության, որը վերաճում է ծանրացված պատերազմի այնքան, մինչև կողմերից մեկի ուժերը սպառվեն, կամ զուգահեռաբեր երկու կողմինն էլ սպառվեն։ Սա իմ ընդհանուր կանխատեսումն է, թե ինչպես կարող է ավարտվել այս իրավիճակը»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։
Վերջինս հայկական կողմին խորհուրդ տվեց պարզապես պատրաստվել պատերազմի՝ անկախ ցանկացած պահի կանխատեսումից։
Ալեքսանդր Խրամչիխինը, խոսելով ՀԱՊԿ-ի դիրքորոշումից և նախօրեին Մշտական խորհրդի հրատապ նիստ հրավիրելու, ապա այն հետաձգելու որոշման մասին, ասաց, որ, երբ Ադրբեջանը սկսի ակտիվ գործել հենց Հայաստանի սահմանների դեմ, ՀԱՊԿ-ը տեսականորեն պետք է աջակցի Հայաստանին, բայց կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա։
«Եթե ինչ-որ բան էլ անի ինչ-որ մեկը, դա կլինի Ռուսաստանը։ Այսինքն՝ սա Հայաստանը հասկանում է, և նման պարագայում ինքը պետք է գնահատի իր ուժերը և նման խնդրանքով դիմի ՀԱՊԿ-ին։ Իսկ թե ինչու է հրատապ նիստը հետաձգվել՝ շատ պատճառներ կարող են լինել, ենթադրում եմ, որ սկսել են աշխատել այլ խողովակներ, մասնավորապես՝ ռուսական, այդ ժամանակ արդեն տեղեկություն տարածվեց, որ ՌԴ ԱԳՆ-ն զրուցել է ԱԳ նախարարների հետ և կոչ արել դադարեցնել գործողությունները»,- ասաց նա։
Թուրքիայի ներքաշումն այս հակամարտությունում ևս Խրամչիխինը տեսականորեն հնարավոր է համարում։
«Բայց դա Թուրքիայի համար կնշանակի բախման գնալ Ռուսաստանի հետ, քանի որ նման մեծաքանակ հակամարտությունների մեջ գտնվելը միաժամանակ Թուրքիայի համար ծանր բեռ կլինի, և հասկանալի չէ, թե ինչին է պետք ևս մեկը, երբ այն մյուս ուղղություններում արդեն բարդ է։ Թեև Էրդողանի դեպքում դա սպասելի է, քանի որ կասկածներ կան նրա ադեկվատության հարցում»,- ասաց Խրամչիխինը։
Ամփոփելով՝ ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ բանակցային ճանապարհով ներկայիս իրավիճակը ևս հնարավոր է կարգավորել։ «Բայց այս պահին լարվածության աճն ավելի հավանական եմ համարում, քան հակառակ իրավիճակը։ Ես չեմ պատկերացնում ավելի մեղմ սցենար այս պահին, եկեք իրատես լինենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնեց երկու զոհի մասին՝ զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյան և կապիտան Սոս Փայլակի Էլբակյան։ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ներկայացրել է տեղեկատվություն 7 զոհի մասին, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և մայորներ։