Դեպի Հուրգադա թռիչքները հաստատված են ավիացիայի կողմից, բայց սահմանները դեռ բաց չեն, հուլիսի 15-ին նոր կասեն՝ բացո՞ւմ են, թե՞ ոչ. Տուրիստական ընկերություն
Տուրիստական գործակալությունները սկսել են հայտարարություններ տարածել դեպի Եգիպտոս հանգստի մեկնելու վերաբերյալ: Այսօր «Սլայս Տուրս»-ը ևս հայտարարություն տարածեց դեպի Հուրգադա չվերթի վերաբերյալ: 168.am-ը կապ հաստատեց տուրիստական ընկերության հետ՝ պարզելու համար՝ արդյոք հիմա թռիչքներ իրականացվո՞ւմ են։
«Թռիչքները հիմա հաստատված են ավիացիայի կողմից, բայց սահմանները դեռ բաց չեն, հուլիսի 15-ին նոր կասեն՝ բացո՞ւմ են, թե՞ ոչ, բայց քանի որ հենց սահմանները բացվի՝ միանգամից բոլորը չեն հասցնի տոմսեր ամրագրել, դրա համար նախնական ամրագրում ենք անում: Եթե սահմանները չբացվի, հնարավորություն կլինի կամ օրը փոխել, կամ գումարի հետվերադարձ անել»,- ասաց աշխատակիցը:
Հարցին, թե պայմանավորվածություն, համագործակցություն կա՞ Ավիացիայի, Առողջապահության նախարարության հետ, մասնավորապես՝ մեկնողների առողջությունը չվտանգելու մասով, տուրիստական գործակալության աշխատակիցը պատասխանեց.
«Պայմանավորվածությունները կան, իրենք էլ այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ առողջ գնան, առողջ վերադառնան: Եթե նախկինում հյուրանոցների 80-90 տոկոսն էին ամրագրում, ապա հիմա ամրագրում են մինչև 50 տոկոս և համարներում էլ 2 մեծ, 1 երեխայից ավելի չեն տեղավորում:
Հարցին՝ հանգստի մեկնողները սահմանին թեստեր հանձնելո՞ւ են և՛ այստեղ, և՛ այնտեղ, աշխատակիցը պատասխանեց.
«Ոչ, թեստ հանձնել պետք չի լինելու, միայն ջերմաչափում են անելու, և եթե ինչ-որ կասկածներ կլինեն, միայն այդ ժամանակ են թեստ հանձնելու»:
168.am-ը նաև հետաքրքրվեց, թե այս պահին ո՞ր ուղղությունների համար են ամրագրումներ անում, ինչին տուրիստական ընկերությունից պատասխանեցին. «Այս պահին Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա, այլ ուղղություններ, որտեղ վիզայով են, հստակ չի չվերթը, վիզա բացելն իմաստ չունի, նույն շենգենի դեպքում օրերի քանակով են տալիս, այսինքն՝ մարդիկ ստանան հուլիսի 15-30-ի համար ու չկարողանան գնալ, իմաստ չի ունենա, քանի որ գումար են ծախսելու։ Նույնն էլ Դուբայի դեպքում՝ 29 օրով է վիզան տալիս, այդ դեպքում հստակ պետք է լինի սահմանների բացվելը, նոր վիզաների հարցը լուծվի, համ էլ դեսպանատների մեծամասնությունը չեն աշխատում:
Արդյոք շարժ նկատվո՞ւմ է, մարդիկ ամրագրումներ անո՞ւմ են արտերկրում հանգստանալու համար, գործակալության աշխատակիցը պատասխանեց. «Այո՛, արդեն դիմողներ կան, մարդիկ ուզում են ամրագրել և գնալ, միայն կախված է սահմանները բացվելու հետ»:
168.am-ը նաև հետաքրքրվեց տոմսերի միջին արժեքից. «Այս տարի գները մի քիչ ավելի բարձր են, քանի որ անցած տարի հունիսն էր շատ մատչելի, հուլիսն էր մի փոքր բարձր, իսկ այս տարի հուլիսը մոտավորապես օգոստոսի արժեքն է, որովհետև հա՛մ ինքնաթիռի հետ է կապված, հա՛մ հյուրանոցների: Միջինը 1 անձը 1 շաբաթվա համար կազմում է 500 դոլարին համարժեք դրամ, նախորդ տարի եղել է 300-400 դոլարին համարժեք դրամ»:
Նարեկ Խաչատրյան