«Կարծում եմ՝ այս հոսպիտալն ավելի շատ օգտագործվելու է Թուրքիայի կողմից». Փորձագետը՝ Նախիջևանում կառուցված ռազմական հոսպիտալի մասին
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Նախիջևանում կառուցվում է հինգ հարկանի հոսպիտալ, 398 մահճակալով, 250 հիվանդասենյակով, յուրաքանչյուր հարկում գործելու է հինգ բաժանմունք։
168.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ կառուցվելիք հոսպիտալը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ, քանի որ հոսպիտալի կառուցման մասին խոսվել է դեռևս 2016 թվականին, սակայն շինարարության մեկնարկը տրվել է 2018 թվականին։
«Շինարարությունը մոտենում է իր ավարտին, խոսում են, որ այս տարվա դեկտեմբերին ամբողջությամբ կավարտեն աշխատանքները։ Հոսպիտալը հայկական դիրքերից հեռու է գտնվում։ Մենք պետք է դիտարկենք ոչ միայն այն, որ այս ռազմական հոսպիտալը պետք է գալու Հայաստանի հետ որոշակի ռազմական լարվածություն լինելու դեպքում, այլև այն կարող է օգտագործել Թուրքիան՝ որոշակի պայմաններում, որոշակի հանգամանքներից ելնելով։ Չմոռանանք, որ Թուրքիան միայն ռազմական գործողությունների մեջ չի գտնվում Հայաստանի և Իրանի հետ»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Նա նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմը նաև հայտարարում է, որ ԱՊՀ տարածքում նշված ռազմական հոսպիտալը լինելու է խոշորագույններից մեկը։
Փորձագետի կարծիքով՝ հենց այնպես չեն նշում՝ ԱՊՀ տարածք, դրանով ռուսներին փորձում են հասկացնել, որ իրենք հոսպիտալը չեն կառուցում նրանց դեմ որևէ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։
«Կարծում եմ՝ այս հոսպիտալն ավելի շատ օգտագործվելու է Թուրքիայի կողմից։ Միևնույն ժամանակ՝ չեմ բացառում, որ, երբ Հայաստանի հետ Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողություններ, իսկ նման բան լինելու է, քանի որ Ալիևի վերջին շրջանի հայտարարությունները հենց դրան են տանում, հոսպիտալն օգտագործվելու է հենց այդ նպատակով։ Հոսպիտալը կառուցվում է ավելի շատ Իրանին մոտ սահմանին, քան Հայաստանի։ Այն մարտահրավերները, որոնք գալիս են Նախիջևանից, որքան վտանգավոր են Հայաստանի համար, այնքան էլ վտանգավոր են Իրանի համար։ Միևնույն ժամանակ՝ վտանգավոր են նաև Ռուսաստանի համար։ Այսինքն՝ Նախիջևանում միանգամից բախվում են մի կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի շահերը»,- հավելեց նա։
Միևնույն ժամանակ փարձագետը նկատեց՝ հայկական կողմը կարծես թե չտեսնելու է տալիս ռազմական հոսպիտալի կառուցումը, մինչդեռ նույնիսկ բանակցությունների ժամանակ այդ փաստը կօգտագործվի, ցույց տալով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, քանի որ կառուցում է ռազմական հոսպիտալ։
«Մենք այս թեզը պետք է առաջ տանենք, որ Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում, ավելին՝ պատրաստվում է ռազմական գործողությունների։ Ինչ վերաբերում է մեզ, ապա պետք է զարկ տանք ռազմահայրենասիրական դաստիարակությանը և ընդանրապես զգոնության բարձացմանը։ Կարծես թե վերջին շրջանում մենք տարվել ենք ներքին քաղաքական խաղերով, անցուդարձով, մոռանալով, որ մեր իրական թշնամին սահմանից այն կողմում է, և իրական վտանգ է մեզ սպառնում։ Սրանք բառեր չեն, նրանք ժամ առ ժամ պատրաստվում են և ամեն ինչ անում են, որպեսզի նախահարձակ լինեն։ Այս առումով մեր զգոնությունը պետք է բարձրացնենք»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։