Հունգարիան եթե իրոք զղջացել է՝ պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Կիրո Մանոյան

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են մեր տարածաշրջանում ևս նոր զարգացումներ առաջ բերել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման կանխատեսում էարել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Թուրքիայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները որոշ չափով նվազեցրել են նրա, թեկուզ անուղղակի, դերակատարությունը Սիրիայում։ Այս ներքին իրադարձությունները վերաբերում են և՛ քրդական շարժումներին, և՛ բանակի բարձրաստիճան զինվորականների դատավարությանը»,– ասել է նա:

«Իսկ այս ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ Իրանի վրա ու այնպիսի վիճակ ստեղծել, որ Իրանը ստիպված լինի ներքաշվել տարածաշրջանային խնդիրներում»,- բացատրել է  Կիրո Մանոյանը:

Ըստ նրա՝ հենց Իրանի ազդեցությունն էլ կարող է Իրանի ներքին անկայունության պատճառ դառնալ։

«Իսկ սա կարող է տարածաշրջանում անկայուն, լարված վիճակ ստեղծել, ու մենք այդ դեպքում կկարողանանք հարաբերվել միայն մեկ հարևանի` Վրաստանի հետ»,- ասել է նա։

Կիրո Մանոյանը զգուշացրել է, որ հավանական սցենարները բավական հստակ են և դրանց Հայաստանը պետք է պատրաստ լինի:

Ապա ՀՅԴ ներկայացուցիչը, որոշակիացնելով իր միտքը,  ընդգծել է, որ խոսքը վերաբերում է և՛ հայաստանցիներին, և՛ սփյուռքահայերին:

Ինչ վերաբերում է սիրիահայերին օգնություն ցույց տալուն, ըստ Կիրո Մանոյանի, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
«Պետությունն անում է նաև այնպիսի քայլեր, որոնց մասին ցանկության դեպքում չի էլ կարող հայտարարել»,- եզրափակեց նա:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատուն անդրադարձել է նաև Հունգարիայի ԱԳՆ նոտային: Կիրո Մանոյանի համոզմամբ՝ եթե Հունգարիան իրոք զղջացել է Սաֆարովի արտահանձնելու հարցում, անհանգստանում է միջազգային և ներքին ճնշումներից և ուզում է հարցն արագ փակել, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

«Մեր կարծիքով այդ կոնկրետ քայլերը համարժեք պետք է լինեն այն քայլին, որ Հունգարիան ձեռնարկեց, հատկապես Արցախի հարցում: Այսինքն՝ այն վտանգը, որ իրենց քայլով բարձրացրեցին՝ Արցախի խնդրում լարվածությունը, պետք է քաղաքական դիվանագիտական խնդրով նվազեցնեն: Իսկ դա առաջին հերթին այն է, որ նրանք պետք է ճանաչեն ԼՂՀ ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի կիրառման փաստը»,-ասել է նա:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպում Կիրո Մանոյանը չի կանխատեսել:
«Երկու նախագահների հանդիպումից առաջ ԱԳՆ նախարարների հանդիպումը պետք է հարցական համարել, քանի որ ի՞նչ կարելի է խոսել պետության հետ, որը նման քայլերի է գնում: Նախագահների մակարդակով հանդիպում պետք է բավական երկար սպասվի, որովհետև գնալ և ի՞նչ խոսել Ալիևի նման նախագահի հետ»,- նշել է նա:
Կիրո Մանոյանը միաժամանակ չի բացառել Արցախի բանակցային ձևաչափի փոփոխություն, ինչը, նրա խոսքով, այդքան էլ դրական չի կարող լինել, քանի որ սխալ կլինի, եթե դադարեցվեն բոլոր գործընթացները և փորձ արվի «նոր սկիզբ դնել այս անհասկանալի գործընթացում»:
«Փաստը ցույց է տվել, որ զբաղվելով այս հարցով 20 տարի, նաև Մինսկի խմբի համանախագահներն են հասկացել, որ հարցի կարգավորումը կարող է լինել մեկ դեպքում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- ասել է նա և նշել, որ փորձել փոխել նաև հարցի լուծման ատյանը՝ նշանակում է, որ ևս 20 և ավելի տարիներ սպասել, որ նոր ատյանը այդ բանը հասկանա:

Տեսանյութեր

Լրահոս