Ճապոնիան պահանջում է ազատ արձակել Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ձերբակալված լրագրողին․ Bloomberg
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրտեսության կասկածանքով Ռուսաստանում ձերբակալված ճապոնացի լրագրողին։
Անցած շաբաթ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ «Հոկկայդո Շիմբուն» (Hokkaido Shimbun) թերթի լրագրող Յուկի Իմային ձերբակալել են Սախալինի մարզում՝ Ռուսաստանի պաշտպանական ներուժին վերաբերող տեղեկություններ հավաքելու կասկածանքով։
Մինորու Կիհարայի խոսքով՝ նախօրեին Ճապոնիան Մոսկվա է ուղարկել արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ռուսաստանի ԱԳՆ գործընկերների հետ բանակցություններ վարելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը մինչ այժմ թույլ չի տվել հանդիպել ձերբակալված լրագրողին։
«Կառավարությունը շարունակելու է համառորեն կոչ անել ռուսական կողմին՝ հնարավորինս շուտ ապահովել հյուպատոսական հասանելիությունը և, առաջին հերթին, անհապաղ ազատ արձակել Ճապոնիայի քաղաքացուն, ինչպես նաև ապահովել նրա համար մարդասիրական պայմաններ և արդար ու հավասար վերաբերմունք»,- ասել է Կիհարան։

