ԹՐԻՓՓ-ի մասով դեռ պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, հաստատենք կանոնադրությունը. Միրզոյան
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը տնտեսական համագործակցության նոր մակարդակ է ձևավորում՝ միաժամանակ ամրագրելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը ծրագրի շրջանակում գործող ենթակառուցվածքների նկատմամբ․ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Սա համաձայնագիր է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև: Նպատակ ունի կանոնակարգել «TRIPP զարգացման ընկերություն» անունով ընկերության հիմնադրումը, հետագա կառավարումը։ Սա այն ընկերությունն է, որը, ըստ էության, կառուցելու է և կառավարելո՛ւ է, ստանալո՛ւ է կոնցեսիոն իրավունքներ՝ նշածս ենթակառուցվածքների կառավարման համար»,- ասել է նախարարը։
Նա հավելել է՝ այս համաձայնագրի վավերացումից հետո, պետք է ստորագրվեն նաև բաժնետերերի պայմանագիրը, հաստատվի ընկերության կանոնադրությունը։
«Որևէ ենթակառուցվածք, որևէ հարաբերություն, որ հաստատվելու է, ամբողջությամբ և դետալներով տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա և կամ դրանց ներքո, և այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն,- ընդգծել է Արարատ Միրզոյանը, ապա շեշտել,- Այս փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը 8 անգամ կիրառված է ՝ հետևյալ համատեքստում․ հաստատվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում

