«ՀՀ-ն կարող է փորձել աշխատել Նախիջևանի հետ՝ օգտվելով նաև ՌԴ-ի և Իրանի միջնորդավորման հնարավորություններից». Վարդան Ոսկանյան

Առավոտյան ՀՀ ՊՆ-ն տեղեկություն տարածեց, թե Նախիջևանի ուղղությունում միջդիրքային տարածքում ադրբեջանական կողմի կրակոցից հայկական Զինված ուժերին պատկանող ավտոմեքենա է այրվել:

168.amի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ Նախիջևանի հատվածում Բաքվի բռնապետի հեռագնա սադրիչ ծրագրերը միտված են լուծելու տարածքում և, ընդհանրապես, հայ-ադրբեջանական խնդիրների բույլում թուրքական դերակատարության առավել  մեծացման հարցը։

Իրանագետի խոսքով, հենց Նախիջևանում է, որ առարկայորեն համընկնում են Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի շահերը, որոնցից և ոչ մեկը չի կարող, մեղմ ասած, խանդավառ լինել թուրքական ներկայության,   դերակատարության և   ազդեցության  աճի հետ կապված:

Հաշվի առնելով վերոնշյալը, Վարդան Ոսկանյանը կարծում է, որ  արդյունավետ կարող է լինել Նախիջևանի խնդրով եռակողմ՝ Հայաստան-Իրան-Ռուսաստան, փակ խորհրդակցությունների անցկացումը, և նկատի ունենալով նախիջևանյան քաղաքական շրջանակներում մշտապես գոյություն ունեցող կենտրոնախույս մտայնությունը, ձգտել Նախիջևանի հետ կառուցել առանձին հարաբերություններ։

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք Նախիջևանի հետ առանձին հարաբերություններ վերը նշված եռակողմ դաշինքը պիտի միայն  հաստատի, թե՞ ՀՀ-ն առանձին հարաբերությունների հաստատման տարբերակ ունի, իրանագետը պատասխանեց՝ ակնհայտ է, որ ՀՀ-ն ուղղակիորեն Նախիջևանի հետ հարաբերություններ ստեղծելու հարցում կարող է որոշակի դժվարություններ ունենալ:

«Չնայած չպետք է բացառել՝ հաշվի առնելով մեր նախկին փորձը, եղել են նման փորձեր: Եվ այս համատեքստում կարելի է օգտվել ՌԴ-ի և Իրանի հետ միջնորդավորված գործելու հնարավորությունից»,- նշեց Ոսկանյանը՝ հիշեցնելով Նախիջևանում քրդական էթնիկական կլանի առկայությունը:

«Սա հաշվի առնելով նաև, կարելի է փորձել աշխատել Նախիջևանի հետ առանձին հարթության մեջ, բնականաբար, օգտվելով նաև ՌԴ-ի և Իրանի միջնորդավորման հնարավորություններից»,- լրացրեց նա:

Հակադարձմանը, թե երբեմն խոսվում է Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում չերևացող խնդիրների մասին, արդյոք նույն Բաքվին ձեռնտո՞ւ է Թուրքիայի ազդեցության մեծացումը և իր շատ վերահսկելի դառնալը, Ոսկանյանն ասաց, որ ակնհայտ է՝ այդ հարաբերություններում կան որոշակի հակասությունների կետեր, բայց, այսպես ասած,  հայկական խնդիրների լուծման տիրույթում Ադրբեջան-Թուրքիա դիրքորոշումները համընկնում են:

«Դրա վկայությունն էր բոլորովին վերջերս Չավուշօղլուի հարցազրույցը   համացանցային հեռուստաալիքներից մեկին, և այս համատեքստում Ադրբեջանը, բնականաբար, ձգտում է Թուրքիային հնարավորին ներգրավել, իրենց մտայնությամբ, հավանաբար՝ թեթևացնելու Ադրբեջանի բեռը և ի դեմս Թուրքիայի ունենալու դաշնակից, առհասարակ, հայ-ադրբեջանական խնդիրների ամբողջ բույլում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերահսկելի դառնալու հարցին, ապա իրականության մեջ նախիջևանյան հատվածի անվտանգությունն ապահովելու առումով Ադրբեջանի քաղաքական վերնախավը կարևոր բաղադրիչ է դիտարկում Թուրքիայի ներկայությունը՝ հաշվի առնելով, դարձյալ իրենց մտայնությամբ, այն ռիսկերը, որոնք կարող են լինել թե՛ ՀՀ-ից, թե՛ Իրանից, և թե՛ ՌԴ-ից: Հետևաբար՝ Նախիջևանի պարագայում թուրքական ներկայության ավելացումը կարծես թե բխում է Բաքվի շահերից»,- շեշտեց իրանագետը:

Թե ո՞րն է այն կարմիր գիծը, սահմանը, որը Նախիջևանի միջոցով Թուրքիայի կողմից հատելու դեպքում  ՌԴ-ն և Իրանը կգնան որոշակի քայլերի՝ զսպելու Թուրքիայի ախորժակը՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացման հետ կապված: Ավելին,  երբեմն լինում են կանխատեսումներ փորձագետների կողմից, որով չեն բացառվում ռազմական լայնածավալ գործողությունները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախիջևանյան  թևում, թեպետ աշխարհագրական և այլ գործոններով պայմանավորված՝ սա, մյուս կողմից՝ դժվար հարց է:

«Այստեղ խնդիրը բավական բարդ է, որովհետև դժվար է ասել, թե որն է լինելու սահմանը ռուսական կամ իրանական կողմի համար: Բայց իրականության մեջ ակնհայտ է՝ ո՛չ Իրանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ մեզ ձեռնտու չէ թուրքական ազդեցությունը՝ ոչ միայն Նախիջևանում, այլև՝ Հարավային Կովկասում, և հատկապես Նախիջևանի հատվածում, քանի որ այստեղ համընկնում են ՀՀ-ի, Իրանի, ՌԴ-ի շահերը, ինչը ենթադրում է հնարավորինս թույլ թուրքական ներկայություն կամ առհասարակ դրա բացառում»,- մեր դիտարկմանն ի պատասխան՝ նշեց Վարդան Ոսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս