Բաժիններ՝

«Անձնակազմը վրդովված է, սանիտարներին այսօր հազիվ դրսից ներս ենք բերել». Նորք ինֆեկցիոնի աշխատակից

168.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ժամանակավորապես բնակվում էր հյուրանոցներում, իրենք էին հոգում ճանապարհածախսի և սնունդի հարցը: Մեզ նաև հաղորդել էին, որ անձնակազմը երկու անգամ է պարգևավճար ստացել, այն էլ՝ 30.000-ական դրամ: Ստացված տեղեկությունները ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց բուժանձնակազմի որոշ անդամների հետ:

«Ես մեքենա ունեմ, բենզին եմ լցնում, գնում եմ աշխատանքի: Ես եմ որոշել, որ իմ անձնական մեքենայով գնամ-գամ, որևէ մեկն ինձ չի ստիպել, ասել՝ դու քո հաշվին գնա-արի: Եթե մեքենա ունեմ, հո պետության տրամադրած ավտոբուսով չե՞մ գնալու: Սննդի մասով ասեմ, որ ես առավոտից երեկո հիվանդանոցում եմ, ինձ այնտեղ կերակրում են, ես դժգոհ չեմ: Պարգևավճար մարտին էլ ենք ստացել, ապրիլին էլ, ես անձամբ դժգոհ չեմ: 30 հազար դրամ պարգևավճարների մասին տեղեկությունն իմ մասով իրականությանը չի համապատասխանում»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց ինֆեկցիոնիստ Արշակ Ղազարյանը:

Տարիքի պատճառով պարապուրդում գտնվող բժիշկ Բելլա Խառատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ են շրջանառվում, որ բուժանձնակազմին որոշել են հանել հյուրանոցներից և ուղարկել տուն:

«Սկզբում իրենք անձամբ էին հոգում ծախսերը, հետո արդեն տրանսպորտ տրամադրեցին, իսկ հյուրանոցում մնում են միանգամայն անվճար: Պարգևավճարներ եղել են: Ամենասկզբում «Ամերիաբանկն» է տվել, թե ում որքան է հասել, ես չգիտեմ, բժիշկներին հասել է, կարծեմ, 100-140 հազար դրամ: «Գրանդ Քենդին» էր պարգևավճարներ տրամադրել, բոլորին՝ 200 հազար դրամի չափով, բայց պարապուրդում գտնվողներին դա չի վերաբերում: Մնացածը չգիտեմ, թե ի՞նչ է եղել, ինչպե՞ս են կազմակերպել, քանի որ Գագիկ Ծառուկյանը ևս գումար էր փոխանցել, բայց դրանից որևէ տեղեկություն չստացանք»,- ասաց Խառատյանը:

Մեր զրուցակիցներից մեկը՝ Գայանե Համբարձումյանը, ասաց, որ հյուրանոցային պայմաններից գոհ է, իսկ տրանսպորտի աշխատանքը վերականգնվելուց հետո արդեն հասարակական տրանսպորտով է գնում աշխատանքի:

«Տրանսպորտ մի քիչ ուշ, բայց տրամադրել էին մեզ: Հյուրանոցից այդ տրանսպորտով էինք գնում աշխատանքի, բայց դա մի քիչ ուշ եղավ: Հիմա, քանի որ տրանսպորտն արդեն աշխատում է, ես անձամբ օգտվում եմ հասարակական տրանսպորտից: Հյուրանոցում շատ լավ պայմաններ են, նորմալ մնում ենք, որևէ ծախսի խնդիր չկա: Ես միայն առավոտյան եմ այնտեղ լինում, 9:10-15 նախաճաշ են մատուցում՝ բավականին որակով: 9:30 դուրս ենք գալիս աշխատանքի, հիվանդանոցում երկար ենք մնում, մինչև երեկոյան 7-ը, 8-ը կամ 9-ը, այդ պատճառով ցերեկն ու երեկոյան հյուրանոցում չենք եղել, որ իմանամ՝ սնունդ տալի՞ս են, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա այս ամիս ստացել ենք մեր դրույքաչափով աշխատավարձ և 50 հազարի չափով պարգևավճար: Մեկ անգամ «Ամերիաբանկն» է պարգևատրել այն ժամանակ, երբ նոր էր սկսվել ամեն ինչ, և «Գրանդ Հոլդինգը» , որը բոլորին հավասար՝ 200 հազար դրամ, պարգևավճար է տրամադրել, և՛ սանիտարներին, և՛ բժիշկներին, տարբերություն չեն դրել, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- ասաց Համբարձումյանը:

Ինֆեկցիոնիստ Մարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բուժանձնակազմն այս ամիս բավականին քիչ է վարձատրվել:

«Աշխատավարձի տեսքով շատ քիչ գումար ենք ստացել: Վճարումները շատ ցածր էին այս ամիս, և ասել են, որ նախարարն է այդպես որոշել: Քույրերը, սանիտարները, բոլորը շատ բորբոքված են, լիքը մարդիկ կան, որ դիմումներ են գրում, դուրս են գալիս, չեն ուզում աշխատել: Գլխավոր բժիշկը փորձում է հարթել այս հարցը: Մենք ռիսկի գոտում աշխատում ենք, եթե բժշկին 100 հազար աշխատավարձ են տալիս, դա նորմա՞լ է, կամ բաժնի վարիչին 150 հազար են տալիս, դա նորմա՞լ է: Սա, իրոք, շատ լուրջ հարց է, կարող է փաստի առաջ կանգնեն բոլորը, անձնակազմը վրդովված է, սանիտարներին այսօր հազիվ դրսից ներս ենք բերել, ուղղակի այնպիսի աղմուկ էին բարձրացրել, գլխավոր բժշկին էին սպասում, չգիտեմ՝ ո՞նց է հարթելու այս ամենը: Ինֆեկցիայի հետ աշխատող անձնակազմի հետ չի կարելի այսպես վարվել, որ հաշվում ես, թե ինչքա՞ն ես աշխատել, ինչքա՞ն հավելյալ ես աշխատել, ու թե որքա՞ն է աշխատավարձդ, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ, չի կարելի նպաստի տեսքով մոտենալ»,- ասաց Դանիելյանը:

Նորք ինֆեկցիոնի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց, որ մարտ ամսին վարձատրվել են երկու դրույքի չափով, ապրիլին 50.000 պարգևավճար են ստացել, բայց ոչ բոլորը՝ միայն բժիշկներն ու քույրերը:

«Անձնակազմը միշտ ուշ էր տուն գնում: Երեկ տեսա, որ բավականին շուտ գնացին»,- պատմեց մեր զրուցակիցը։

ճշտելու նպատակով, թե ո՞վ է հոգում բուժանձնակազմի ճանապարհածախսը, ուտելիքի գումարը, այս ընթացքում քանի՞ անգամ և որքա՞ն պարգևավճար են ստացել նրանք, առաջինը զանգահարել էինք Առողջապահության նախարարություն: Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պարգևավճարների թվերին չի տիրապետում, դրա համար գրավոր հարցում է պետք ուղարկել, իսկ մյուս հարցերին տվեց հետևյալ պատասխանը.

«Բուժաշխատողների համար կան առանձնացված հյուրանոցներ, որտեղ հիմա նրանք բնակվում են աշխատանքից հետո: Հենց տեղում, ինչպես նաև հիվանդանոցում իրենց սնունդ տրամադրվում է, այսինքն՝ դա պետության հաշվին է, սննդի համար գումար չեն վճարում»,- ասաց Նիկողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս