Բաժիններ՝

Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհը, ըստ նախնական եզրակացության, եղել է հոսանքի խնդրի հետևանքով. ԱԻՆ

Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհի պատճառը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական եզրակացության, սերվերային սենյակում եղած կրակի փոքր բռնկումն է եղել: 168.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

«Արդեն իսկ նախնական եզրակացության մեջ տրված է, որ հոսանքի տատանումից կամ կարճ միացումից է եղել: Ըստ նախնական եզրակացության՝ հոսանքի հետ կապված խնդիր է»,- ասաց Էդմոն Զարգարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհի լուրը շրջանառվելուն զուգահեռ՝ շրջանառվում էին լուրեր, թե հրդեհի պատճառն անփութությունն է՝ ակնարկվում էր նաև մարդկային գործոնի առկայությունը: ԱԻՆ նախնական եզրակացությունը, փաստորեն, հերքել է այդ վարկածը:

ԱԻՆ մամուլի քարտուղարը նաև մեզ փոխանցեց, որ հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

«Առհասարակ հետաքննության ավարտից հետո նյութերը գնում են գլխավոր դատախազություն, և իրենք են որոշողը՝ ինչ անել: Նախարարությունն ընդամենը հետաքննության արդյունքները հաղորդում է դատախազությանը, որովհետև հաճախ լինում են դեպքեր, երբ դրանից հետո դատախազությունը հավելյալ քննություն է նշանակում կամ օպերատիվ տվյալ է ուզում իմանալ:

Մի քանի ուղղությամբ հետաքննություններ են իրականացվում: Մի քանի բնույթի՝ էլեկտրատեխնիկական, ապրանքագիտական փորձաքննություններ են նշանակված, լսում են աշխատակիցներին: Ներգրավվել են նաև դրսից փորձագետներ, որպեսզի հնարավորինս շուտ ավարտեն հետաքննությունը»,- ասաց Էդմոն Զարգարյանը:

Հիշեցնենք, որ Ազգային գրադարանի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը լրագրողներին հայտնել էր, որ գրադարանի թվային արխիվի հրդեհի մասին պարզ էր դարձել մայիսի 10-ին, երբ ինտերնետ կապի խափանումների և շտեմարանների անհասանելիության պատճառները պարզելու նպատակով արխիվի սերվերային սենյակը բացել էին գրադարանի տեխնոլոգիաների գիտահետազոտական բաժնի աշխատակիցը և գրադարանը հսկող Հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանության ոստիկանության աշխատակիցը:

Հրաչ Սարիբեկյանը վստահեցրել էր նաև՝ ամբողջ թվայնացված նյութը կա նաև առանձին կրիչների վրա՝ գրադարանում, ուստի հրդեհի հետևանքով կարող են վնասված  լինել միայն որոշ սարքավորումներ: Վնասի չափը պարզ կդառնա փորձաքննության ավարտից հետո միայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս