Բաժիններ՝

«Բոլորն ասում են՝ կենտրոնացեք ներգնա տուրիզմի վրա․ մի խայտառակ իրավիճակ է լինելու՝ ոչ մի ձևի կարգավորում չկա»

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ մայիսի 19-ին տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում տուրիզմի ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և հնարավոր լուծումները փնտրելու ու գտնելու նպատակով։

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը, թվարկելով զբոսաշրջության խնդիրները՝ նշել է, որ ոլորտի ընկերությունները կսկսեն եկամուտներ ստանալ հաջորդ տարվա ապրիլից, լավագույն կանխատեսումներով` այս տարվա սեպտեմբերից. և եթե անգամ օգտվեն կառավարության առաջարկած վարկային միջոցներից, միևնույն է` եկամուտ չունենալու պատճառով դեռևս չեն կարողանալու մարել այդ վարկերը:

Ըստ Մեխակ Ապրեսյանի` արտոնյալ պայմաններով տրվող վարկի երկու տարի մարման ժամկետն էլ բավարար չէ: Նա առաջարկել է զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողներին արտոնյալ վարկային միջոցներ տրամադրել ոչ թե 24, այլ 36 ամիս ժամկետով, ընդ որում, 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

«Էկոնոմ տուրի» տնօրեն Դավիթ Տաշչյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են բոլոր լուրջ խնդիրները, ներկաներն էլ խոստացել են խմբագրել առաջարկներ ու հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։

Նրա փոխանցմամբ՝ տուրիզմի ոլորտը վնաս է կրել 100 տոկոսով՝ թե՛ արտագնա, թե՛ ներգնա տուրիզմի մասով։

«Արտագնա տուրիզմի համար սահմանները փակ են, սակայն, եթե անգամ որոշ երկրներ հիմա սահմանները բացեն, կրկին հնարավոր չի լինի տեղաշարժվել, քանի որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսով վարակվելու 200-300 դեպք է հաստատվում, իսկ արտերկրում այս ամենը տեսնում են և արգելելու են մուտք գործել իրենց երկիր։ Օրինակ, Ռուսաստանն անժամկետ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելել է իր երկրի տարածք։ Հիմա Չինաստանում վիճակը նորմալ է, մարդիկ կան, որ աշխատում էին, սովորում, պետք է գնային, բայց Չինաստանը չի թողնում։ Քանի դեռ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարգավորվել՝ խոսել արտագնա, ներգնա տուրիզմից, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, ապա արդյո՞ք այլ երկրի քաղաքացիները, նայելով Հայաստանում վիրուսի թափ հավաքելը` ռիսկ կանեն գալ ու հանգստանալ»,- ասաց «Էկոնոմ տուրի» տնօրենը՝ տեղացիների՝ այս կամ այն շրջանում հանգստանալը նույնպես ռիսկային համարելով։

«Բոլորն ասում են՝ կենտրոնացեք ներգնա տուրիզմի վրա։ Մի խայտառակ իրավիճակ է լինելու տուրիստական շուկայում, որովհետև ոչ մի ձևի կարգավորում չկա։ Ավելին՝ կարող է լինեն վիրուսակիրներ, ու խնդիր առաջանա, և ամեն օր ունենանք ոչ թե 200-300 հիվանդ, այլ՝ 900-1000։ Անհասկանալի է ևս մեկ բան․ եթե 5 հոգուց ավելի հանրային միջոցառումներն արգելվում են, ես եմ՝ 18 հոգանոց տուրով տանում եմ Դիլիջան, Գառնի կամ այլ վայր, հիմա դա հանրային միջոցառո՞ւմ է, թե՞ ոչ»,- նկատեց Դավիթ Տաշչյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներն  օգտվել են սոցիալական աջակցության 8-րդ, որոշ չափով էլ՝ 5-րդ ծրագից։ Աշխատողներին մինչ օրս չեն կրճատել, բայց չգիտեն՝ այսպես ինչքան կարող են դիմանալ։

«Վարկերն էլ բացարձակ տուրիզմի ոլորտին չեն համապատասխանում։ Պահանջներն աբսուրդ են։ Շրջանառությունն այս եռամսյակում՝ այսքան, մյուսում՝ այնքան պետք է լիներ, այս ամբողջը մեր ոլորտին բնորոշ չէ, որովհետև տարվա առաջին եռամսյակն ու վերջին եռամսյակը պասիվ սեզոն են։ Հիմա շատ տուրիստականներ կան, որ վարձակալած տարածքները հանձնել են, գնում են սնանկացման կամ փակման։ Անորոշ վիճակ է։ Եթե ասեն, որ, օրինակ, տուրիստական գործակալությունները մինչև հաջորդ տարի  չեն աշխատելու,  կիմանանք, դռները կփակենք, տարածքները կհանձնենք ու կգնանք մեկ տարի ուրիշ գործով զբաղվելու, մինչև տեսնենք՝ նորից կկարողանա՞նք նույն թիմը հավաքել, աշխատել, թե՞ ոչ»,- ընդգծեց «Էկոնոմ տուրի» տնօրենը։

Ավելին, ըստ նրա՝ Հայաստանում տուրիզմի մասին օրենքը շատ թերի է։ «Օրենքում ասված է՝ եթե գնում ԱՁ կամ ՍՊԸ ես բացում, ունես 3 քմ տարածք, մի համակարգիչ, հեռախոս, ինտերնետ, ուրեմն դու տուրիստական ընկերություն ես։ Լիցենզիայի անհրաժեշտություն կա, որ շուկան մի քիչ մաքրվի, որովհետև շատ մարդիկ տուրիզմից բան չեն հասկանում ու բոլոր գործերը ձախողում են, հետո մարդիկ սկսում են բողոքել, թե՝ բա ինչո՞ւ զբոսաշրջիկին տարան Երևանյան լիճ ու ասացին՝ սա Սևանն է։ Մեր գերխնդիրն այն է, որ Կառավարությունը տուրիզմի կոմիտեն վերացնի ու սարքի վարչություն, որովհետև կոմիտեն չի կարող քաղաքականություն մշակել, պետք է  Էկոնոմիկայի նախարարությունը դա անի, իսկ այնտեղ նման հաստիք չկա։ Պետք է տուրիզմի մասին նորմալ օրենք լինի, լիցենզավորման կարգ, որ ոլորտը կարգավորվի։ Հիմա մենք անտեր վիճակում ենք, չգիտենք՝ ում բողոքենք։ Օդից կախված ենք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ի՞նչ է սպասվում ոլորտում, եթե բոլորը փորձեն ներգնա տուրիզմով զբաղվել, արդյո՞ք գների նվազում կլինի, Դավիթ Տաշչյանը պատասխանեց․

«Իհարկե, գները կնվազեն․ եթե ժամանակին դեպի Տաթև տուրն արժեր 7000-8000 դրամ, հիմա կարող է իջնել 5000-6000-ի, բայց այստեղ էլ ուրիշ հարց է առաջ գալիս։ Եթե պահանջներ են դրվում, որ պետք է մեքենան ախտահանվի, մարդկանց ջերմաչափեն, նրանք ձեռնոց-դիմակով լինեն, սա ինքնարժեքը բարձրացնելու է։ Սակայն, քանի որ մրցակցությունն ահռելի է լինելու՝ կիջնի նաև սպասարկման որակը։ Վերահսկողություն չկա․ մեկը կարող է առանց հարկ վճարելու Ֆեյսբուքում էջ բացել ու զբոսաշրջիկ տանել, մյուսն էլ, ով  հարկեր է վճարում, բարձր մակարդակ ապահովում, մնա ձեռնունայն, քանի որ առաջինը ոչ բարեխիղճ մրցակցության դեպքում ցածր գին է  սահմանել, նրա մոտ են հավաքվում։ Մենք հո իրար չե՞նք վերահսկելու՝ գնանք վկայական ուզենք, և այլն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս