Բաժիններ՝

«Տարկետումը չի կարող լինել ավելի երկար, քան քաղաքացու 26 տարին լրանալը». ԿԳՄՍ-ի պարզաբանումը

Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:

Որոշման 10-րդ կետով նշվում է, որ ասպիրանտուրայում սովորող ուսանողների տարկետումը տրվում է մինչև նրանց 26 տարին լրանալը:

Այն ուսանողները, որոնք պահպանելով կրթության անընդհատությունը, այսինքն` առանց ժամանակ կորցնելու՝ բակալավրիատից հետո ընդունվել են մագիստրատուրա, և հետո՝ ասպիրանտուրա, կառավարության կողմից ստանալով տարկետում, չեն կարողանում ավարտել ուսումը: Խնդիրն առկա է այն ուսանողների մոտ, որոնց 26 տարին լրանում է մինչև հունիս, իսկ մնացած ուսանողները հնարավորություն կունենան ավարտել ուսումը: Այսինքն՝ մի դեպքում ուսանողն ասպիրանտուրայում հնարավորություն է ունենում սովորել 2 տարի, մյուսը՝ 3 տարի:

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածում պարզ գրված է, որ պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև՝ զորակոչման ենթակա են այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում: Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն փաստացի չի տիրապետում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքին, քանի որ քաղաքացու 27 տարին կարող է լրացած լինել, և նա նույնպես ենթակա կարող է լինել ծառայության: Տարկետումը կարող է տրվել ոչ թե՝ մինչև 26 տարին լրանալը, այլ՝ մինչև քաղաքացու 27 տարին լրանալու նախորդ օրը (ցանկացած օր, քանի դեռ չի լրացել նրա 27 տարին): Այսինքն՝ քաղաքացու 27 տարեկանը լրանալու օրվա դրությամբ նա կորցրած կլինի տարկետման հնարավորությունը և ենթակա կլինի զորակոչման:

168.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ պարզելու, թե ինչի հիման վրա է կայացվել վերոնշյալ որոշումը, ինչպես են տեսնում խնդրի կարգավորումն այն ուսանողների դեպքում, որոնց 26 տարին լրանում է մինչև հունիս:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության մեջ ասվում է.

«Ի պատասխան 2020 թվականի մայիսի 14-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հասցեագրված Ձեր գրության՝ տեղեկացնում եմ, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հիմքերը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք):

Համաձայն օրենքի 19-րդ հոդվածի` պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն` գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար՝ տարկետումը չի կարող լինել ավելի երկար, քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին:

Հարկ է նշել նաև, որ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նշված հոդվածով չնախատեսված այլ հիմքով քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ` Կարգ):

Համաձայն կարգի 2-րդ կետի` սույն կարգի կիրառման իմաստով կրթության և գիտության բնագավառներում բացառիկ դեպք է համարվում՝ գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս