ԱՄՆ բանկային ոլորտում հայերի հանդեպ խտրականության մասին հաղորդումները շարունակվում են․ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակը դատապարտում է

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակը (ANCA-WR) խստորեն դատապարտում է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի (CFPB) որոշումը՝ նախատեսված ժամկետից երեք տարի շուտ դադարեցնել «Սիթիբանկի» նկատմամբ կիրառված հակախտրական վերահսկողական որոշումը՝ այն դեպքում, երբ բանկը մեղադրվում էր հայ-ամերիկացիների նկատմամբ խտրական վարկային քաղաքականություն իրականացնելու մեջ։

2023 թվականին «Սիթիբանկը» համաձայնագիր էր կնքել՝ համաձայնելով վճարել մոտ 26 միլիոն դոլարի տուգանք և փոխհատուցում, քանի որ պարզվել էր՝ բանկը դիտավորությամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերել այն դիմորդների նկատմամբ, որոնց ազգանուններն ավարտվում էին «-յան» և «-եան» վերջավորություններով։ Զեկույցների համաձայն՝ բանկի աշխատակիցները նպատակաուղղված թիրախավորել են նման ազգանուններ ունեցող անձանց՝ մերժելով վարկերի հայտերը, կեղծելով փաստաթղթերը և փորձելով թաքցնել իրենց գործողությունները։ Նախատեսվում էր, որ համաձայնագիրը գործելու է մինչև 2028 թվականը՝ ապահովելու համար երկարաժամկետ վերահսկողություն և պատասխանատվություն։

Այս որոշումը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ բանկային ոլորտում հակահայ, խտրականության մասին հաղորդումները շարունակվել են նույնիսկ 2025 թվականին։ Այս տարվա սկզբին Լոս Անջելեսի Քաղաքացիական և մարդու իրավունքների վարչությունը հաստատեց, որ շարունակում է ստանալ հայ-ամերիկացիներից բողոքներ՝ ֆինանսական հաստատությունների կողմից անարդար վերաբերմունքի վերաբերյալ։ Այս պահին «Սիթիբանկի» նկատմամբ վերահսկողությունը վաղաժամ դադարեցնելը, երբ նման հաղորդումները դեռ շարունակվում են, նշանակում է վտանգավոր նահանջ պատասխանատվությունից և թուլացնում է վստահությունը կառավարության՝ արդար վարկային քաղաքականության և հավասար վերաբերմունքի հանձնառության նկատմամբ։

«Այս որոշումը մտահոգիչ ուղերձ է, որ հայ-ամերիկացիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը չի հանդիպելու լիարժեք պատասխանատվության»,- հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ Արևմտյան ափի գրասենյակի վարչության նախագահ Օշին Հարութունեանը։

Կարդացեք նաև

Նա նշել է, որ կարգավորող մարմինները պարտավոր են հավասարապես պաշտպանել բոլոր համայնքները և երաշխավորել, որ ոչ մի հաստատություն չկարողանա խուսափել նախապաշարմունքի և խտրականության հետևանքներից։

ANCA-WR-ը կոչ է անում CFPB-ին՝

  • վերանայել իր որոշումը,
  • հրապարակավ ներկայացնել այդ քայլի հիմնավորումները,
  • վերահաստատել իր հանձնառությունը արդար վարկային քաղաքականությանը,
    և ապահովել, որ ապագա խտրական դեպքերը՝ հատկապես հայ-ամերիկացիների դեմ ուղղվածները, քննվեն թափանցիկության, պատասխանատվության և արդարության սկզբունքներով։

Միևնույն ժամանակ ANCA-WR-ը հորդորում է դաշնային և նահանգային օրենսդիրներին ուժեղացնել օրենսդրական պաշտպանությունները, որպեսզի ֆինանսական հաստատությունները չկարողանան խտրական վերաբերմունք դրսևորել հայ-ամերիկացիների և բոլոր փոքրամասնությունների նկատմամբ։

Թարգմանությունը՝ 168․am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս