
Հյուսիսային Կորեան 5 ամսվա ընթացքում առաջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել

Հյուսիսային Կորեան հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք անցել են մոտ 350 կմ։
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ առավոտյան մոտավորապես ժամը 8:10-ին արձանագրել է մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակում Հյուսիսային Կորեայի Ջունգհվա շրջանից դեպի հյուսիս-արևելք։
Ըստ հարավկորեացի զինվորկանների՝ իրենք փորձում են պարզել հրթիռների ճշգրիտ բնութագրերն ամերիկյան կողմի հետ։ Պաշտոնյաները քննարկում են այն հնարավորությունը, որ հրթիռները նույն մարտավարական բալիստիկ հրթիռներն են, որոնք Հյուսիսային Կորեան փորձարկել է 2024 թվականի սեպտեմբերին։
Ենթադրվում են, որ հրթիռները, հնարավոր է, ընկել են ցամաքում, այլ ոչ թե Ճապոնական ծովում։ «Մեր զինված ուժերը ուժեղացրել են մոնիթորինգը՝ լրացուցիչ արձակումների (հնարավորության) նախապատրաստման համար, և պահպանում են անսասան պատրաստվածության դիրք՝ միաժամանակ համապատասխան տեղեկատվությունը կիսելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ», – նշվել է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Արձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ, որի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելեն Հարավային Կորեա։
Kyodo-ի տեղեկացմամբ՝ Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հոկտեմբերի 22-ին արձակված հրթիռի՝ Ճապոնիայի տարածքային ջրերում կամ բացառիկ տնտեսական գոտում ընկնելու մասին հաղորդագրություններ չկան։
Տակաիչին նաև հանձնարարել է երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին ուժեղացնել Փհենյանի կողմից նոր հրթիռի արձակման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու մշակումը։