Գնդապետին ոչ ոք չի գրում: Ի տարբերություն` Սերժ Սարգսյանի

Ընդդիմադիրների համար բարդ ժամանակներ են. գործողությունների զինանոցում աշխատող զենք գրեթե չի մնացել: Հայաստանում իներցիայով ընդդիմություն են համարվում երկու ուժ` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունը: Ամեն դեպքում, մինչ վերջերս տարածվածը հենց ա՛յս կարծիքն էր: Գոնե մինչ երեկ, երբ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց սոցիոլոգիական հարցման հերթական տվյալները. ըստ այդմ` հարցվածների առյուծի բաժինն ընդդիմության միասնական թեկնածու է տեսնում միայն և միմիայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այսինքն` անուղղակի ասվում է, որ ԲՀԿ-ն ևս ընդդիմություն է:

Բերե՛լ է ուկրաինական ընդդիմության բախտը. մեկուսարանում տառապում է նրանց առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն: Եվ երբ անհրաժեշտություն է առաջանում փողոց դուրս գալ, կա համապատասխան կարգախոս` «Ազատությո՛ւն Տիմոշենկոյին»: Սա կարգախոս է, որը թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում լրիվ իրականանալի է. ավելի մեծ ճնշում` իշխանությունների վրա, և նպատակը կիրագործվի:

Մեր ընդդիմադիր ուժերն այլևս իրենց չեն կարող թույլ տալ` դուրս գալ փողոց: Նրանք անցել են պայքարի ա՛յլ` պլատոնական մեթոդների: Խորհրդարանի ամբիոնը փոխարինել է Ազատության հրապարակի հարթակին. ի վերջո, այստեղից նրանց կարող է լսել անհամեմատ մեծ և «ներկայացուցչական» լսարան: Եվ հետո` հանրահավաքներում էլ այլևս ասելիք չի մնացել. մաշվել են բոլոր կարգախոսները: «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսը բարձրաձայն ասել այլևս ոչ ոք չի համարձակվում: Մյուս կարգախոսներն էլ` «Վե՛րջ հանցագործ իշխանություններին», «Սե՛րժ, հեռացի՛ր», բովանդակության առումով թարմ են, սակայն գործնականում կիրառելի չեն: Միակ կարգախոսը, որը կարելի է առանց ամաչելու պարզել, թերևս սա է` «Հանուն արդար ու թափանցիկ ընտրությունների»: Սա բոլոր սեզոնների համար ընդունելի կարգախոս է: Ի վերջո, այնքան արագ են միմյանց հաջորդում խորհրդարանական, ՏԻՄ, նախագահական ընտրությունները:

«Ժառանգությունում» էլ իրադարձությունները զարգանում են` հակառակ ընտրողների ակնկալիքների: Ինքս իմ ձայնը տվել եմ այս կուսակցությանը: Եվ որպես ընտրող` այդպես էլ չհասկացա` ինչո՞ւ իմ և մյուսների ձայներն այսքան անարժեք դուրս եկան, և Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դրեց մանդատը: Սակայն անգամ այդ անհասկանալի քայլը` «Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորհրդավոր հիմնավորմամբ, ավելի հասկանալի է, քան այն նամակը, որը «Ժառանգության» առաջնորդը երեկ ուղարկեց երկրի նախագահին: Նամակը 15 կետից էր բաղկացած: Այն ուղարկելը վնասի կեսն էր. պարոն Հովհաննիսյանը նաև պատասխանի ակնկալիք ունի. «Շնորհակալություն ենք հայտնում այս խնդիրներին Ձեր ուշադրության համար: Ձեր պատասխանի ակնկալիքով` Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»:

Այս տողերից հետո երկրի նախագահն ուղղակի չի կարող չհուզվել և գրիչը ձեռքը չառնել` սկսելու պատասխան նամակը. «Սիրելի Րաֆֆիգ»:
Ընդդիմության կողմից իշխանությունների առաջ պայմաններ դնելու ավանդույթը խորը արմատներ ունի: Ժամանակին առաջարկների 15 կետանոց փաթեթով հանդես եկավ ՀԱԿ-ը:

Միակ քայլը, որը, ի պատասխան ՀԱԿ-ի, ուշացումով կատարեցին իշխանությունները, քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: 2011թ. ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին ներկայացրեց պայմանների հերթական մի փունջ: Առավել առանցքային կետերն էին` մինչև տարվա վերջ (2011թ.) անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, առաջիկա 3 ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունները և քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և կարճել ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը, դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլ անդակումը և արգելել Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը, և այլն:

Ավելորդ է ասել, որ պայմաններից և որևէ մեկը չի կատարվել:
Եվ այսքանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրում երկրի նախագահին և խնդրում նրան` վերհիշել իր ստանձնած պարտավորությունները` ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ: Արդեն ակնհայտ է, որ այս ռեսուրսով ընդդիմությունը նախագահական ընտրություններին հաղթելու հեռանկար չունի: Ինչպես խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունն» իր ցուցակով արեց ամեն ինչ` քիչ ձայներ ստանալու համար, այնպես էլ այս նամակով Ր. Հովհաննիսյանը համարյա զրոյացնում է նախագահ դառնալու իր հնարավորությունները:

ՀԱԿ-ից զվարճախոսություններ են հնչում, թե, բացի Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունից, մյուսների թեկնածությունը ծիծաղի կամ հումորի ինչ ալիք կբարձրացնի: Այս ֆոնին, ինչ խոսք, զրնգում է Ահարոն Ադիբեկյանի միտքը` Գագիկ Ծառուկյան` ընդդիմության միասնական թեկնածու: Հետաքրքիր է` ընդիմադիրն իրավունք ունի՞ լինել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, հանգստանալ աշխարհի ամենաթանկ հյուրանոցներում: Թե՞ լինել ընդդիմադիր` նշանակում է կաբինետում կքած` իշխանափոխության ծրագրեր մտմտալ: Մենք ինքներս կողմնորոշվելու կարիք ունենք. հեղափոխությո՞ւն ենք ուզում, թե՞ քաղաքական էլիտայի թավշյա փոփոխություն:

Եթե հեղափոխության կողմնակից ենք, պատրա՞ստ ենք վերցնել մետաղյա ձողերն ու գնալ նախագահականի ուղղությամբ: Պատասխանը, ենթադրում եմ, բացասական կլինի. «Կգնայի, սակայն ժամանակս թույլ չի տալիս. երեխային պետք է դպրոց տանել, ապա շտապել աշխատանքի…»:

Ժամանակը ցույց է տվել, որ Հայաստանում իշխանափոխության հասնելու այլ ճանապարհ չկա: Այնպես որ, «Ժառանգության» առաջնորդն իր նամակն ուղարկել էր ճիշտ հասցեով:

Տեսանյութեր

Լրահոս