Գագոյին սպասելիս

2013 թվականի նախագահական ընտրություններին նախորդող շրջանը մի շարք առանձնահատկություններ ունի: Դրանցից մեկն այն է, որ հիմնական խաղացողները գրեթե չեն փոխվել, սակայն փոխվել է նրանց դիրքն ու նշանակությունը քաղաքական դաշտում: Այդ առումով, ի դեպ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները բավական խորհրդանշական են:

Հինգ տարի առաջ` 2007 թվականի սեպտեմբերին, քաղաքական դաշտը բառի բուն իմաստով ցնցվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից: 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո բոլորը` և՛ իշխանությունները, և՛ քաղաքական դաշտի մնացած միավորները, և՛ հասարակությունը, շունչները պահած սպասում էին Տեր-Պետրոսյանի հաջորդ քայլերին: Ու նրա հաջորդ քայլը եղավ հոկտեմբերի 26-ի հանրահավաքը, որն աննախադեպ էր իր մարդաշատությամբ ու էներգետիկայով, և որը հանգեցրեց համաժողովրդական շարժման ձևավորմանը:

Թե ինչ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման ու դրա արդյունքում ծնված Հայ ազգային կոնգրեսի հետ, բոլորին է հայտնի. դրա պատճառների մասին շատ է խոսվել ու գրվել: Փաստն այն է, որ այսօր` հինգ տարի անց, կրկին հոկտեմբերին, Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած ուժը, ըստ էության, չեն կարողանում կազմակերպել դեռևս հունիսին խոստացված հանրահավաքը: Չեն կարողանում ոչ թե՝ կազմակերպչական ունակություններ (թեև դա ևս վաղուց արդեն խնդիր է ՀԱԿ-ի համար), այլ՝ ասելիք չունենալու պատճառով:

Ասելիքի բացակայությունն էլ, իր հերթին, պայմանավորված է ոչ թե ՀԱԿ ներկայացուցիչների հռետորական հնարավորությունների պակասով, այլ այն հանգամանքով, որ ՀԱԿ-ը դեռևս չգիտի իր անելիքը: Նախագահական ընտրություններից առաջ դեռևս չի ավարտվել քաղաքական ուժերի դիրքավորումը, իսկ ՀԱԿ-ը հիմա այն վիճակում չէ, որ առանց հնարավոր կոնֆիգուրացիաները հաշվի առնելու՝ հաշվարկի սեփական գործողությունները: Խոսքը հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշման մասին է, որից ակնհայտորեն կախված է լինելու նաև ՀԱԿ-ի հետագա պահվածքը նախագահական ընտրություններում:

ԲՀԿ-ն դեռևս չի հրավիրել «հաջորդ դասը», և տակավին հայտնի չէ` կսատարի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ,  հանդես կգա՞ սեփական թեկնածուով, այդ թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ մեկ ուրիշը: Իսկ քանի դեռ ԲՀԿ-ն լռում է, ստիպված է լռել նաև ՀԱԿ-ը: Պատկերացրեք՝ հիմա ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրում և շարունակում է գովաբանել ԲՀԿ-ին` «ՀՀԿ-ի գրկից պոկվելու և իշխանական մոնոլիտը թուլացնելու համար», ու հանկարծ կարճ ժամանակ անց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ «ելնելով արտաքին վտանգներից՝ որոշում է կայացրել համախմբվել նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ»:

Ի՞նչ պետք է անի այդ դեպքում ՀԱԿ-ը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայտարարի, որ սխալ հաշվարկ էր արել, և ներողություն խնդրի (ո՛չ սխալները խոստովանելը, ո՛չ էլ, առավել ևս, ներողություն խնդրելը Տեր-Պետրոսյանին բնորոշ չէ) և սկսի քննադատել ԲՀԿ-ի՞ն: Այդ դեպքում, թերևս, ժամանակը չի բավականացնի շուրջ մեկ տարվա գովասանքը արժանահավատ քննադատության վերածելու համար: Բացի այդ, հասարակությունը կարող է ճիշտ չհասկանալ:

Առավել դժվար է պատկերացնել, թե ի՞նչ պետք է ասի ՀԱԿ-ն իր համակիրներին, եթե հերթական հանրահավաքից հետո ԲՀԿ-ն հայտարարի, ասենք, Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին առաջադրելու մասին: Որքան էլ անիրական է թվում նրանցից որևէ մեկին ՀԱԿ-ի սատարելու հնարավորությունը, այդուհանդերձ, ՀԱԿ-ը կարող է ստիպված լինել նման քայլի գնալ: Քանի որ «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում՝ Կոնգրեսն այլևս դադարել է լինել իշխանության այնպիսի հակակշիռ, որին սատարեն ոչ իշխանական մնացած ուժերը: ՀԱԿ-ը գերադասեց նպաստել, որ այդ կարգավիճակում հայտնվի ԲՀԿ-ն, ու հիմա կարող է այլ ելք չունենալ, քան պաշտպանել ԲՀԿ-ի առաջադրած ցանկացած թեկնածուի:

Անկախ նրանից, թե վերը նշված տարբերակներից որն իրականություն կդառնա, ՀԱԿ-ը հայտնվել է ածանցյալ վիճակում և սպասում է, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն: Այն դեպքում, երբ հինգ տարի առաջ հենց այս շրջանում ՀԱԿ-ի իրավանախորդ շարժումը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ,  ոչ թե սպասողի, այլ քաղաքական օրակարգ թելադրողի, «սպասեցնողի» դերում էր: Բոլորը` և՛ իշխանությունն ու նրան սպասարկող օլիգարխները, և՛ մնացած քաղաքական ուժերը, այդ թվում` նույն ԲՀԿ-ն, սպասում էին ՀԱԿ-ի գործողություններին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս