«Համավարակը կազմալուծում է Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը, իսկ կառավարության անդամները մտածում են` ինչպես այդ պատասխանատվությունն իրենց վրայից գցեն». Հրանտ Բագրատյան

«Ժամանակին Վրաստանն իր էներգետիկ համակարգը չէր կարողանում կառավարել: Մեր էներգետիկայի նախարարն ամիսներով նստում էր Վրաստանի նախարարի կաբինետում ու կառավարում էր: Երազում եմ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մի երկու շաբաթ գար, ղեկավարեր, ցույց տար` ինչպես պետք է համաճարակի դեմ պայքարել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի հայաստանյան ցուցանիշներին՝ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով սխալներին` Հրանտ Բագրատյանը նշեց, որ մեզ մոտ ամեն ինչ սխալ է արվել: Ֆորմալ մտցվել է արտակարգ դրություն. ոչինչ չի արվել:

«Չի պատժվել մարդը, երբ դիմակ չի կրել: Առողջապահության նախարարը, առանց իրեն հաշիվ տալու, առանց հասկանալու՝ ասում է, որ մեկ է, դիմակը հարց չի լուծելու: Հայաստանում չի տուգանվել ոչ մի խանութ: Մտեք «Երևան Սիթի»       խանութ, տեսեք` ոնց են մարդիկ, իրար շալակի թռած, առևտուր անում»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Ըստ նրա` մեզ մոտ հիվանդների թիվը շեշտակի ավելացավ 3 պատճառով` Փաշինյանի քարոզարշավ, Սամվել Ալեքսանյանի արտադրամասի վարակակիր, Տաթևիկ Ռևազյանի «Ռյան Էյր»:

«Լավ, այս բոլորը եղել էր արդեն, զգացին` բարդ է, գնացին արտակարգ դրության: Ի՞նչ ես խորհուրդ տվեցի: Ասացի՝ հարգելի պարոն պարետ, անջատում ես ամբողջ տնտեսությունը, հետո հատ-հատ սկսում ես միացնել»,- նկատեց Հրանտ Բագրատյանը` շեշտելով, որ պետք չէր այսքան ժամանակ տնտեսությունը պարալիզացնել, պետք էր պայմաններ դնել ու աստիճանաբար սկսել աշխատել:

Վերջինիս խոսքով` այս 50 օրվա ընթացքում ինքը հասկացել է, որ պարետը, վարչապետը և կառավարությունն ունեն զրո աշխատունակություն:

«Մարդը չունի ինտելեկտ, խորություն, գիտելիք համաճարակի մասին: Հիմա հանրապետությունն իր վարակվածությամբ  64-րդն է: ԱՊՀ երկրների մեջ մեզնից ավելի վատ են Մոլդովան և Բելառուսը: Եթե թեստավորենք, իրական թիվը ոչ թե 2619 կլիներ, այլ՝ 8, 10, 15 000»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ մեր միակ հույսն այլևս այն է, որ այդ վարակը կարող է նահանջել, կարող է չնահանջել:

ՀՀ նախկին վարչապետի համոզմամբ` համավարակը կազմալուծում է Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը, իսկ կառավարության անդամները մտածում են` ինչպես այդ պատասխանատվությունն իրենց վրայից գցեն:

«Եթե նկատել եք, մեզ մոտ մահացությունը համեմատաբար քիչ է, և դրա համար 2-3 պատճառ կա: Նախ՝ մենք ԲՑԺ պատվաստում ենք անում, մեր սննդամթերքի մեջ շատ է D վիտամինը, որը շատ չնչին է Իսպանիայում կամ Իտալիայում, և վերջապես, մենք չունենք ծերանոցներ: Իտալիայի և Ֆրանսիայի տունը քանդեցին ծերանոցները: Փորձը ցույց տվեց, որ ավելի ճիշտ է, երբ ծեր մարդիկ ապրում են իրենց տանը, իրենց հարազատների հետ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով այն մտքին, թե կորոնավիրուս չկա, և, որ շատերը չեն հավատում դրա գոյությանը, Հրանտ Բագրատյանն ասաց` կորոնավիրուս կա, և դրանում համոզվելու համար պետք է գնալ, օրինակ, այդ կենտրոններից որևէ մեկը ու լսել այդ մարդկանց ձայները, նրանց տանջանքները:

Մանրամասները` տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս