ԱՄՆ-ի ձախողումը Եմենում․ հութիները մոտենում են Ադենի գրավմանը
Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Աբու Դաբիում անցկացվող անիմաստ «եռակողմ բանակցությունների» վրա, լրատվական օրակարգից գրեթե ամբողջությամբ դուրս մնացին ԱՄԷ-ից ոչ այնքան հեռու՝ ընդամենը մոտ հազար կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող իրադարձությունները։ Խոսքը, իհարկե, Եմենի մասին է։ Այնտեղ հիմա դատարկ խոսակցություններով չեն զբաղվում, այլ արյուն է թափվում։
«Անսար Ալլահ» շարժման մարտիկները նոր իրողություններ են ստեղծում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև դրա սահմաններից դուրս։
Հութիների հարձակումն անկասելի է
Իրանին դաշնակից հութիները շարունակում են գրոհը և մոտեցել են Ադենին՝ քաղաքին, որտեղ ներկայումս գտնվում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարությունը։ Միևնույն ժամանակ նրանք ամրապնդում են իրենց վերահսկողությունը Կարմիր ծովի ափամերձ տարածքների նկատմամբ և արդեն իսկ դե ֆակտո կարգավորում առևտրային նավերի երթևեկությունն աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկով։
Reuters գործակալությունը հաղորդում է՝ նոյեմբերի սկզբին հութիները մոտեցել են Ադենին՝ հասնելով քաղաքից շուրջ 80 կմ հեռավորության վրա։ Սա նրանց ամենախոր առաջխաղացումն է դեպի քաղաք 2015 թվականից ի վեր։ Այդ ժամանակ նրանք կարճ ժամանակով գրավեցին Ադենը, սակայն հետագայում դուրս մղվեցին այնտեղից։
Հութիների առաջխաղացումը սպառնալիք է ստեղծում ոչ միայն Ադենի, այլև արևմուտքում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում տեղակայված կառավարական ուժերի համար։ Նոյեմբերի 11-ի դրությամբ «Անսար Ալլահ» շարժման ուժերը լայնածավալ հարձակում էին սկսել Լահջ նահանգում և վերահսկողություն հաստատել Ալ Մուդարաբա շրջանի Հուվայրա բնակավայրի նկատմամբ։ Այժմ նրանք, ենթադրաբար, շարունակում են գրոհը Հաուր Ումայրի ափամերձ շրջանի ուղղությամբ, որի գրավումը հութիներին հնարավորություն կտա ամբողջությամբ շրջապատելու կառավարական ուժերի ստորաբաժանումները։
Հութիների ներկայիս հարձակումը սկսվել է հոկտեմբերի վերջին, երբ նրանք իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալ Մակաթրա լեռնային շրջանի զգալի մասը, որը գտնվում է Եմենի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Ադենի և Թաիզի միջև։ Թաիզը գտնվում է երկրի հյուսիսն ու հարավը կապող ճանապարհների կարևոր խաչմերուկում։ Հոկտեմբերի սկզբից հութիներն, ըստ էության, շրջափակման մեջ են պահում այս ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը՝ կտրելով մատակարարման ուղիներն ու կառավարական ուժերի համար նախատեսված համալրումների ճանապարհը։
Թաիզից հարավ ընկած լեռնային բարձունքները գրավելով՝ նրանք հնարավորություն են ստացել կրակային վերահսկողության տակ պահելու դեպի Ադեն տանող ճանապարհը։ Դա միաժամանակ ավելի է խստացրել Թաիզի շրջափակումը և անմիջական սպառնալիք ստեղծել ժամանակավոր մայրաքաղաք Ադենի համար։ Ժամանակ առ ժամանակ կառավարական զորքերը, Սաուդյան ավիացիայի աջակցությամբ, փորձում են հակահարձակման անցնել, սակայն առայժմ դրանց հաջողվում է միայն սահմանափակ առաջխաղացում ապահովել։ Նախաձեռնությունը ռազմաճակատում շարունակում է մնալ հութիների ձեռքում։
Հութիների հարձակման մեկ այլ ուղղությունը Կարմիր ծովի ափամերձ գոտին է։ Այստեղ նրանց գլխավոր նպատակը Բաբ էլ Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողության ամրապնդումն է։ Սա համաշխարհային առևտրի առանցքային ծովային ուղիներից մեկն է, որով նավերը, մասնավորապես՝ Ասիայից նավթ տեղափոխող լցանավերը, Սուեզի ջրանցքով հասնում են Եվրոպա։Այս երթուղու նշանակությունը հատկապես մեծացել է 2026 թվականի փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի սկսվելուց հետո, ինչը հանգեցրել է Հորմուզի նեղուցով նավարկության կտրուկ սահմանափակմանը։
Դեռևս սեպտեմբերին հութիները գրավել են Մոխա նավահանգիստը և դուրս եկել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Հանիշ և Պերիմ կղզիներ։ Վերջինս գտնվում է անմիջապես Բաբ էլ Մանդեբի նեղուցում։
Reuters-ի տվյալներով՝ կառավարական զորքերը պարզապես նահանջել են կղզուց, որից հետո այնտեղ են մտել հութիները։ Այդ դիրքերի նկատմամբ վերահսկողությունը նրանց հնարավորություն է տալիս հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով սպառնալ նեղուցով անցնող նավերին։
Իսկ The Wall Street Journal-ը հայտնում է՝ հութիները սկսել են փաստացի վերահսկողություն հաստատել նավագնացության նկատմամբ։ Պարբերականի տվյալներով՝ որոշ բեռնափոխադրող ընկերություններ արդեն էլեկտրոնային փոստով դիմում են նրանց՝ Կարմիր ծովով անցնելու թույլտվություն ստանալու համար։ Նեղուցի նոր տերերը նավերից պահանջում են ապացուցել, որ դրանք կապված չեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հետ։ Միայն դրանից հետո են թույլտվություն տրամադրում նավարկության համար։
Մարտահրավերներ աշխարհի համար
Միևնույն ժամանակ, հութիները շարունակում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային՝ հսկայական վնասներ պատճառելով նավթագազային ենթակառուցվածքներին և օդանավակայաններին։ Ավելին, ըստ մի շարք տեղեկությունների՝ նրանք արդեն ցամաքային հարձակում են սկսել նաև այդ երկրի տարածքի վրա։
Ռազմական անհաջողությունները հանգեցրել են Եմենի պաշտոնական իշխանությունների կազմում կադրային փոփոխությունների։ Նախագահ Ռաշադ ալ-Ալիմին պաշտոնանկ է արել մի քանի նախարարների և բարձրաստիճան զինվորականների՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկած կառավարական ուժերի լայնածավալ հակահարձակման ձախողումից հետո։ Սակայն առանց այն էլ երերուն դիրքեր ունեցող կառավարության վիճակն առավել լրջորեն բարդացնում են «Անսար Ալլահին» դիմակայող ուժերի միջև առկա հակասությունները։
Հարավային զինված խմբավորումների մի մասը հանդես է գալիս Հարավային Եմենի անկախության օգտին և կողմնորոշված է դեպի Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային մրցակիցը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Որոշ ժամանակ առաջ կառավարությանը, Էր Ռիադի աջակցությամբ, հաջողվել էր նրանց ենթարկել իր վերահսկողությանը։ Սակայն այժմ, հութիների ռազմական հաջողությունների համապատկերին, անջատողական տրամադրությունները կրկին ուժեղացել են։
Մինչդեռ հենց այդ «հարավցիների» զինված ջոկատների վրա է մեծապես հենվում կառավարությունը՝ Ադենի պաշտպանության գործում։ Եթե այդ ուժերը դուրս գան խաղից, ապա Սաուդյան Արաբիային աջակցող ուժերի օրերը հաշված կլինեն։ Եվ դա կարող է տեղի ունենալ շատ արագ։
Հութիներն այժմ փորձում են հասնել միանգամից երկու ռազմավարական նպատակի։
Առաջին հերթին՝ ջախջախել կառավարական ուժերին և գրավել Ադենը, ինչը նրանց զգալիորեն կմոտեցնի ամբողջ Եմենի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ի դեպ, չի բացառվում նաև երկրի բաժանման շուրջ հարավեմենցի անջատողականների հետ ինչ-որ պայմանավորվածության ձեռքբերման տարբերակը։
Սակայն շատ ավելի կարևոր է «Անսար Ալլահ» շարժման ձգտումը՝ հենակետ ձեռք բերել Բաբ էլ Մանդեբի նեղուցում և հնարավորություն ստանալ վերահսկելու Ասիայի ու Եվրոպայի միջև առևտրային նավերի երթևեկությունը։
Եթե այդ ծրագրերն իրականանան, Իրանի և նրա դաշնակիցների դիրքերը տարածաշրջանում զգալիորեն կամրապնդվեն, իսկ նրանց ռազմական ճնշման տակ կհայտնվեն աշխարհի երկու կարևորագույն ծովային առևտրային ուղիները՝ Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցները։
Այս հանգամանքը տեղի ունեցող իրադարձություններին հաղորդում է շատ ավելի լայն՝ համաշխարհային նշանակություն՝ դրանք դուրս բերելով զուտ մերձավորարևելյան ուժերի վերադասավորման շրջանակներից։
Այժմ Սաուդյան Արաբիան հայտնվել է ծայրահեղ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում։ Ընդ որում, նրա գլխավոր դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, փաստորեն, որևէ էական օգնություն չի ցուցաբերում։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ սաուդցիներն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել հութիների հետ։ Ի պատասխան՝ վերջիններս, իբր, Էր Ռիադից պահանջել են 51 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ «ռազմական միջամտության և շրջափակման տարիների համար», ինչպես նաև Եմենում իրենց՝ որպես օրինական իշխանության, պաշտոնական ճանաչում։
Եթե Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, համաձայնության գա հութիների և Իրանի հետ, դա կնշանակի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցության ողջ համակարգի արմատական խաթարում։ Չէ՞ որ այդ դեպքում ամերիկացիների խոշորագույն դաշնակիցներից մեկը գործարք կկնքի ԱՄՆ-ի թշնամիների հետ՝ նրանց հետ հարաբերություններ կառուցելով Վաշինգտոնի «գլխի վրայով»։
Ամենայն հավանականությամբ, նման դիրքորոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի սահմանափակ ռեսուրսներով, որոնք կարող են անհրաժեշտ լինել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում։ Սակայն չի բացառվում նաև, որ Վաշինգտոնն առաջնորդվում է բոլորովին այլ հաշվարկներով։
ԱՄՆ-ում, հնարավոր է, ցանկանում են Իրանի և նրա դաշնակիցների՝ հութիների ու «Հըզբոլլահի» ուժերը ներքաշել Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ պատերազմի մեջ։
ԱՄՆ-ը տարածաշրջանի իր դաշնակիցներին հստակ հասկացնում է, որ «խեղդվողների փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների գործն է»։ Ուղերձը պարզ է և ցինիկ. «Ցանկանո՞ւմ եք ապահով լինել՝ ուրեմն կառուցեք ձեր սեփական բանակները և հարձակվեք հութիների ու Իրանի վրա։ Եվ հույս չունենաք, թե մենք մեր զորքերն ուղարկելու ենք ձեզ օգնության»։
Հավանաբար, Սպիտակ տանը հույս ունեն, որ հենց հութիների դեմ պայքարելու համար գործի կդրվի վերջերս ստեղծված Մեքքայի ռազմական դաշինքը, որին, Սաուդյան Արաբիայի հետ միասին, անդամակցում են Թուրքիան և Պակիստանը։
Սաուդյան Արաբիայի նորահայտ դաշնակիցներն արդեն փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Պակիստանը, ըստ որոշ տեղեկությունների, օգնում է սաուդցիներին խոցել անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։
Իսկ Թուրքիայի դաշնակից Սիրիայի իշխանությունների ռազմական ստորաբաժանումները, ըստ լրատվամիջոցների, արդեն շարժվում են դեպի Եմենի և Սաուդյան Արաբիայի սահմանին գտնվող առաջնագիծ՝ հութիներին դիմակայելու համար։
ԱՄՆ-ի համար լավ տարբերակներ չկան
Սակայն ստեղծված իրավիճակում, երբ Եմենում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերը կանգնած են ջախջախիչ պարտության վտանգի առաջ, ձեռնարկվող այս բոլոր կիսաքայլերը ոչ մի կերպ չեն կարող փրկել դրությունը։ Դրանք ակնհայտորեն ի վիճակի չեն կանգնեցնելու «Անսար Ալլահի» հաջող առաջխաղացումը։
Նման պայմաններում Սաուդյան Արաբիայի առջև այնքան էլ բարդ ընտրություն չէ դրված։ Եթե ԱՄՆ-ը չի կարողանում կամ չի ցանկանում օգնել հութիների դեմ պայքարում, ապա Էր Ռիադին մնում է երկու տարբերակ՝ կամ հաշտվել պարտության հետ, կամ փորձել ուղղակիորեն պայմանավորվել ՝ «Անսար Ալլահի», այնպես էլ՝ նրա թիկունքում կանգնած Թեհրանի հետ։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ սաուդցիներն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել հութիների հետ։ Ի պատասխան՝ վերջիններս, իբր, Էր Ռիադից պահանջել են 51 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ «ռազմական միջամտության և շրջափակման տարիների համար», ինչպես նաև Եմենում իրենց՝ որպես օրինական իշխանության, պաշտոնական ճանաչում։
Եթե Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, համաձայնության գա հութիների և Իրանի հետ, դա կնշանակի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցության ողջ համակարգի արմատական խաթարում, քանի որ ամերիկացիների խոշորագույն դաշնակիցներից մեկը գործարք կկնքի Վաշինգտոնի թշնամիների հետ՝ նրանց հետ հարաբերություններ կառուցելով ԱՄՆ-ի «գլխի վրայով»։ Եվ դա միանշանակ կնշանակի, որ Սպիտակ տունը կորցրել է իրադրության վերահսկողությունը մոլորակի ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն շրջաններից մեկում։ Իսկ այդ վերահսկողությունն աստիճանաբար կանցնի բոլորովին այլ ուժերի ձեռքը։
Ի դեպ, Վաշինգտոնում, հավանաբար, գիտակցում են նման զարգացումների վտանգը և կփորձեն կանխել դրանք։ Այլ հարց է՝ արդյոք ամերիկացիները կկարողանա՞ն դա անել այն պայմաններում, երբ Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական միջամտություն խիստ ոչ պոպուլյար է հենց ԱՄՆ-ում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նման գործողություններ իրականացնելու հնարավորություններն առաջիկայում կարող են սահմանափակվել Կոնգրեսում մեծամասնությունը կորցնելու հետևանքով։
Նրա հավատարիմ «խաչակիր» Փիթ Հեգսեթին կոնգրեսականները քիչ էր մնում իմպիչմենթի ենթարկեին։ Այս անգամ այդ փորձը ձախողվեց, սակայն կարելի է չկասկածել, որ այն վերջինը չէր։ Ամեն դեպքում, նախագահի համար շատ ավելի դժվար կլինի նոր ռազմական արկածախնդրությունների դիմելը։ Իսկ եթե նա որոշի նաև Եմենում ռազմական միջամտություն իրականացնել, ապա նրա ձեռքերը շատ արագ կկապվեն։
Վաշինգտոնի ներքաղաքական գզվռտոցի պատճառով ԱՄՆ-ը վտանգում է կորցնել իր և ամբողջ Արևմուտքի համար կարևորագույն տարածաշրջաններից մեկի նկատմամբ վերահսկողությունը։
Թե երեկվա «հեգեմոնի» նման ջախջախիչ պարտությունն ինչպիսի փոփոխություններ կառաջացնի մեզ ծանոթ աշխարհակարգում, առայժմ կարելի է միայն ենթադրել։ Սակայն այդ փոփոխությունները, անկասկած, կարող են արմատական լինել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԵՈՒԿՐՈՊՆԻ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

