«Քոլեջներում և ուսումնարաններում ավարտական քննություններ և դիպլոմայինների պաշտպանություն չի լինելու». Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քոլեջներում ու ուսումնարաններում ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքների պաշտպանություն տեղի չեն ունենալու, ամփոփումը կատարվելու է մինչև մարտի 13-ը ստացած գնահատականների հիման վրա:
Եթե սովորողը երկրորդ կիսամյակում գնահատական չունի, ապա ավարտական գնահատականը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա: Արդյունքների ամփոփումը և դիպլոմների տրամադրումը տեղի կունենա մինչև հունիսի սկիզբը:
«Ավարտականի դեպքում մենք ունենք շատ լուրջ անվտանգային խնդիրը, որը վերաբերում է զորակոչին և, ըստ էության, մեր գործողություններում ելնում ենք նաև նրանից, որ որևէ կերպ զորակոչին չխոչընդոտենք և խնդիրներ չստեղծենք, այդ պատճառով էլ մի շարք որոշումներ կատարվել են այս տրամաբանության մեջ: Այսինքն՝ մենք որևէ պարագայում չենք կարող որևէ խնդիր ստեղծել զորակոչի համար, դրա համար էլ ժամկետները որոշ առումով սուղ են, և մենք այդ տրամաբանությամբ ենք առաջ շարժվում»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Նախարարի խոսքով՝ այս խնդիրը քննարկել են նաև բուհերի ղեկավարության հետ, և ըստ էության բուհերում ավարտական քննությունների իրականացման ձևաչափն ընտրում են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում, պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնները և մինչ հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը:
«Ինչ վերաբերում է մեդալի քննություններին, ապա քննություններ չեն իրականացվելու, հավակնորդներին կարող է հնարավություն տրվել մասնակցելու հաջորդ ուսումնական տարվա քննություններին, այսինքն՝ այս տարի չեն իրականացնելու, սակայն հաջորդ տարի մենք այդ պատուհանը թողել ենք, որ ամբողջությամբ այդ հնարավորությունն ունենան մասնակցելու»,- շեշտեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձավ «Վերջին զանգի» միջոցառումներին՝ նշելով, որ գիտի, թե այն ինչ կարևոր է ավարտական դասարանների աշակերտների համար, քանի որ նրանք կյանքի մի փուլն ավարտում են և մտնում են մեկ այլ փուլ:
Ուստի, երբ Առողջապահության նախարարության հետ պայմանավորվեն և հասկանան, որ համավարակն իրենից մեծ վտանգ չի առաջացնում, և այլևս խնդիրներ չկան սահմանափակումների հետ, ապա միասին որևէ օր կորոշեն և կիրականացնեն «Վերջին զանգի» արարողությունը: