«Քննարկվող իրավիճակում իրավունքի սահմանափակման համաչափության գնահատումը պահանջում է ոչ միայն իրավական տեքստի, այլ նաև սանիտարական, համաճարակային, առողջապահական, վիճակագրական և մի շարք այլ տվյալների վերլուծություն և ամփոփում». Անահիտ Մանասյան

Հարցազրույց սահմանադրագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանի հետ

– Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը, որոնք  նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր: Դրանք ըստ էության կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների /Beeline, Vivacell, Ucom/ կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում: Արդյո՞ք անձնական տվյալների պաշտպանության կոպիտ խախտումների հետ չենք առնչվում այս կարգավորմամբ:

– ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Հետևաբար՝ Սահմանադրության տեսանկյունից թույլատրելի են արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների լրացուցիչ սահմանափակումները։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրությունը և միջազգային-իրավական փաստաթղթերն ու պրակտիկան ամրագրում են այդ սահմանափակումների իրավաչափության կոնկրետ չափանիշեր, այն է՝ դրանք պետք է սահմանված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ, լինեն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, լինեն համաչափ հետապնդվող նպատակին և չձևախեղեն սահմանափակվող իրավունքի էությունը։ Հետևաբար՝ սահմանափակում նախատեսող յուրաքանչյուր ակտի հիմքում պետք է լինեն նշված հանգամանքները։ Հակառակ պարագայում սահմանափակումը չի բավարարի իրավաչափության համար նախատեսված սկզբունքներին և չափանիշերին։

Ակնհայտ է, որ քննարկվող իրավիճակում սահմանափակումը նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ։ Հետևաբար՝ հիմնական հարցը, որը գնահատման է ենթակա հիշյալ համատեքստում, այն է, թե արդյո՞ք նշված սահմանափակումը բավարարում է համաչափության սկզբունքին ու դրա տարրերին, այն է՝ արդյո՞ք հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի և անհրաժեշտ են Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, և արդյո՞ք սահմանափակման համար ընտրված միջոցները համարժեք են սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Նշենք, որ համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության հայտարարման նպատակը, որպես կանոն, անձանց կյանքի և առողջության պաշտպանությունն  է։

Այդ հանգամանքն ինքնին ենթադրում է, որ քննարկվող իրավիճակում իրավունքի սահմանափակման համաչափության գնահատումը պահանջում է ոչ միայն իրավական առանձին հարցերի, իրավական տեքստի, այլ նաև սանիտարական, համաճարակային, առողջապահական, վիճակագրական և մի շարք այլ տվյալների վերլուծություն և ամփոփում։ Ես չեմ տիրապետում նմանատիպ ամբողջական տվյալների, ուստի չեմ կարող միանշանակ դիրքորոշում ներկայացնել հարցադրման առնչությամբ։

Հետևաբար՝ հիմնական եզրահանգումը հիշյալ համատեքստում հետևյալն է. եթե ներկայացված ամբողջական տվյալների վերլուծության արդյունքում հանգենք եզրակացության, որ սահմանափակման համար ընտրված միջոցները համաչափ են սահմանափակման հիմքում ընկած նպատակին, սահմանափակումն իրավաչափ կլինի, եթե ոչ, սահմանափակումն էլ համապատասխանաբար իրավաչափ չի լինի։

Ուստի, օրենսդրական ցանկացած, այդ թվում՝ նմանատիպ կարգավորումների հիմքում պետք է դրված լինի նաև ներկայացված տվյալների ամբողջական վերլուծությունն ու ամփոփումը։ Ավելին, ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է նաև, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Հետևաբար՝ նույնիսկ համաչափության սկզբունքի պահպանվածության պարագայում անհրաժեշտ է իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանող վարքագծի կանոնների սահմանում։

–  Պատասխանատվության ի՞նչ միջոցներ կարող են սահմանվել այն բջջային օպերատորների համար, որոնք այդ տվյալները չեն տրամադրի, որովհետև նախագծում կարծես թե սրա մասին խոսք չկա:

– Ինչ վերաբերում է բջջային օպերատորների համար սահմանված պատասխանատվությանը, ապա հարկ է նկատի ունենալ, որ նմանատիպ պատասխանատվության միջոցները պետք է սահմանվեն ոչ թե քննարկվող իրավական ակտով, այլ պատասխանատվություն սահմանող այլ իրավական ակտերով, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։

– Ըստ նախագծի` ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառված է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, պարտավորեցնելու են օգտագործել կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության և ծրագրային ապահովման միջոցներ (հեռախոսային հավելվածներ՝ mobile applications):Նախագծով սահմանվում է նաև, որ ծրագրային ապահովման միջոցները չկիրառող ֆիզիկական անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այն է՝ 100.000-250.000 ՀՀ դրամի չափով։  Իսկ ինչպե՞ս են պատասխանատվության ենթարկելու այն քաղաքացիներին, ում հեռախոսների տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս ունենալ այդ ծրագիրը: Արդյո՞ք քաղաքացուն, այն էլ՝ ներկայիս անորոշ սոցիալ-տնտեսական պայմաններում, կարող են պարտավորեցնել ձեռք բերել նման սարքեր:

– Բնականաբար, պետության կողմից անձի վրա դրվող ցանկացած պարտականություն պետք է ողջամտորեն իրացվելի լինի։ Կարծում եմ, որ այս դեպքում ևս պետությունը պետք է ողջամտորեն ենթադրվող պայմաններ ստեղծի քաղաքացիների կողմից նշված պարտականությունը իրացնելու համար, հատկապես այն դեպքում, որ վերջինիս չկատարումը ենթադրելու է վարչական պատասխանատվություն։

– Ըստ Նախագծի` վերոնշյալ ընթացակարգերը կիրառվում են բացառապես անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու նպատակներով։

Նախագծով զուգահեռաբար նախատեսվում է, որ նշված տվյալները սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով մշակելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, չապաանձնավորելը և չոչնչացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ինչը ենթադրում է, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ավարտից հետո հավաքագրված ողջ ինֆորմացիան պետք է ոչնչացվի: Նախագծով կարծես թե  կարգավորված չէ, թե որն է այն պետական մարմինը, որը վերահսկելու է ողջ գործընթացը: Կա՞ արդյոք վստահություն, որ հետագայում իշխանությունները գայթակղություն չեն ունենա շարունակել քաղաքացիներին հետևելը և նրանց վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիա հավաքագրելը: Ի վերջո, պատասխանատվության  ի՞նչ մեխանիզմներ պիտի լինեն սահմանված նման գործելակերպի համար:

– Պետական իշխանության կողմից մարդու իրավունքների անհամաչափ սահմանափակումները մշտապես եղել են և կմնան պետություն-քաղաքացի հարաբերություններում առկա հիմնական վտանգը։ Պետական իշխանության նման գործելաոճը զսպելու համար են առաջին հերթին առաջացել Սահմանադրություններն ու Հիմնական օրենքները։ Հետևաբար՝ տեսականորեն նման վտանգն առկա է միշտ և ամենուր, ուստի հիմնական լուծումը հիշյալ համատեքստում հետևյալն է. մշակել սահմանափակումների իրավաչափության չափանիշերին ու սկզբունքներին համապատասխանող օրենսդրություն, ձևավորել այդ օրենսդրության իրացման պատշաճ պրակտիկա և մշակույթ, միևնույն ժամանակ՝ սահմանել նշված չափանիշերի խախտման համար համարժեք պատասխանատվություն։

Կարծում եմ, որ այս պահին էլ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվության միջոցներ, որոնք կարող են կիրառելի լինել քննարկվող իրավիճակում։ Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելու համար։ Ընդ որում՝ նույն արարքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար սահմանված է ավելի խիստ պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կարելի է քննարկել նաև նշված արարքների պարագայում պատասխանատվություն սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման հարցը։

– Արդյո՞ք նախագծի կարգավորումները վերաբերելի են նաև կապի այլընտրանքային միջոցներին, տարատեսակ մեսինջերներին` Viber, WhatsApp, Signal, Telegram և այլն: Եթե այո, արտակարգ դրության ավարտից հետո ո՞վ է վերահսկելու, որ այդ մեսինջերները չշարունակեն ինֆորմացիա հավաքագրել:

– Կարծում եմ, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի առաջարկվող լրացումների տրամաբանությունն ու դրանցում օգտագործվող եզրութաբանությունը ենթադրում են, որ խոսքը հիշյալ համատեքստում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին է վերաբերում, այլ ոչ Ձեր կողմից հիշատակված հավելվածներին։

– Առհասարակ արդյո՞ք այս նախագիծը խնդիրներ չունի` կապված ՀՀ Սահմանադրության հետ:

– Արդեն խոսեցի արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքում դրվող սկզբունքների և դրանց պահպանման անհրաժեշտության մասին։ Նշեցի նաև, որ հիմնական հարցադրումը, որը պատասխան է ենթադրում հիշյալ համատեքստում, այն է, թե արդյո՞ք քննարկվող սահմանափակումները բավարարում են համաչափության սկզբունքին և վերջինիս հիմքում ընկած չափանիշերին։ Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը պետք է ակնհայտ լինի օրենսդրական փոփոխությունների կատարման ընթացքում, այդ թվում՝ նախագծի հիմքում ընկած հիմնավորումների համատեքստում։ Ավելին, նման օրենսդրական կարգավորումների ամրագրման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի նաև իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Հետևաբար՝ կարծում եմ, որ սահմանադրականության հնարավոր խնդիրները կանխելու առումով բացառիկ կարևորություն ունի քննարկվող նախագծերի ու դրանց հիմքում ընկած հիմնավորումների կատարելագործումը հենց նշված կարևորագույն սկզբունքների և արժեքների պահպանման տեսանկյունից։

Տեսանյութեր

Լրահոս