Հայոց Ցեղասպանությունը ընդունելով Հունգարիան կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. հունգարահայ գործիչ

Հայոց Ցեղասպանությունը ընդունելով միայն կարող է Հունգարիան կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել  Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:

Մեկնաբանելով Հունգարիայի ԱԳՆ-ի ղեկավար Յանոշ Մարտոնիի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ դրանում  Հունգարիայի հայ համայնքի մասնակցության  հայտարարությունը` Նիկողոս Հակոբյանը նշել է, որ Հունգարիայի իշխանությունները այս հարցով դեմել են համայնքին, անգամ խոսք է գնացել համայնքի ներկայացուցիչների Երեւան մեկնելու  շուրջ: «Մենք հրաժարվել ենք  մեկնումից»,-հայտնել է Հակոբյանը, ավելացնելով, որ դրանից հետո Հունգարիան անմիջապես  դիմել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարին.«Ստեղծված իրավիճակում ամենավատ վիճակում հայտնվել ենք մենք` Հունգարիայի հայերս: Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեինք, որոնք այժմ, ցավոք, հետաձգվել են: Մենք առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կայացրել  է Հայաստանի նախագահը»,-նշել է Նիկողոս Հակոբյանը: Նրա խոսքով, այժմ Հունգարիայում հայ համայնքը ակտիվացրել է Հայոց Ցեղասպանության ընդունմանն ուղղված քայլերը: «Հունգարիայի կողմից  Հայոց Ցեղասպանության ճանաչումը միայն կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,-ընդգծել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին ադրբեջանցի սպա Ռամիլ  Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որից հետո հունգարական դատարանի կողից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ում Բաքու հասնելուն պես ներում շնորհվեց, եւ նա ազատ արձակվեց: Նույն օրը Հայաստանի նախագահի որոշմամբ կասեցվել են դիվանագիտական բոլոր հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները վրդովմունքի ալիք առաջացրեցին ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության մոտ:

Տեսանյութեր

Լրահոս