«Եթե ԲՀԿ-ն, այսպես ասած, չթելեց իշխանության ասեղը, դա բավարա՞ր է՝ ԲՀԿ-ին համարել ոչ ընդդիմադիր». Գևորգ Պետրոսյանը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Սահմանադրությունում փոփոխություն մտցնելու նախագիծն ԱԺ քննարկման դնելուց մոտ 2 շաբաթ անց էլ շարունակում է հիշեցնել խմբակցության դիտարկումն այն մասին, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ նախաձեռնության հեղինակները պետք է հանրությանը հայեցակարգ ներկայացնեին, ինչի արդյունքում մարդիկ պետք է իմանային, թե սահմանադրական փոփոխություններն իրենց ուր են տանում, ուր են տանում պետությունը:
«Դրանք պետք է ունենան թիրախ, հստակ ուղղվածություն, նպատակ: Աննպատակ, մեկ անձի համար կամ հանուն մեկ անձի սահմանադրական փոփոխությունները շռայլություն է, առավել ևս՝ մեր երկրի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 14-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու հարցը քննարկելու համար գումարել էր կուսակցության խորհրդի նիստ ու կայացրել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին չմասնակցելու որոշում:
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է՝ որոշման պատճառն այն չէ, որ իրենք ընդդիմություն են ու ընդդիմանում են իշխանության ներկայացրած ցանկացած նախագծի:
«Ոչ մի գործընթացի աննպատակ չներգրավվելու շարժառիթը բաժին հասավ նաև վերջին դեպքին: Մենք ի սկզբանե արտահայտվել էինք առ այն, որ այս փոփոխությունները խոցելի են իրավական տեսանկյունից, այդտեղ բազմաթիվ օրենքների բազմաթիվ դրույթներ անտեսվել են»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով քննարկման ժամանակ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի հնչեցրած տեսակետը՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախագիծն առկախելու և նախագիծը կատարելագործելու մասին, իսկ իշխանությունը, Պետրոսյանի խոսքով, որ միայն չընդառաջեց, այլ անգամ շնորհակալություն չհայտնեց և հրատապ ռեժիմով անցկացրեց նախագիծը:
Պատգամավորը հիշեցրեց մեկ այլ փաստ՝ ԵԽԽՎ համազեկուցողների «կոշտ հորդորը»՝ խորհրդակցությունը դադարեցնելու և նախագիծը ԵԽԽՎ ուղարկելու վերաբերյալ:
«Իշխանությունը նաև դա անտեսեց: Հիմա այսքանից հետո «Բարգավաճ Հայաստանը» ի՞նչ հիմք ուներ կողմ քվեարկելու կամ հանդես գալու «այո»-ի շտաբում: Մենք ի սկզբանե ասել ենք՝ այս գործընթացը խախտումներով է: Դրա համար մենք նպատակահարմար չհամարեցինք մասնակցել նման գործընթացի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ԲՀԿ-ն անհիմն ընդդիմություն ձևանալու խնդիր չունի:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ պետք չէ մոռանալ այն հանգամանքը, որ իշխանությունը տարբեր մակարդակներից՝ բացեիբաց, անթաքույց հայտարարել է, որ ՍԴ խնդիրն իրենց համար ունի քաղաքական բովանդակություն, ինչից ելնելով՝ պատգամավորը եզրակացնում է, որ ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր են լուծում:
«Ասել եմ ու կրկնում եմ՝ վայ այն պետությանը, որի Սահմանադրական դատարանը ձևավորվում և գործում է քաղաքական շարժառիթներից և շահերից ելնելով»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը:
Պետրոսյանը զարմանում է, որ իշխանությունը շարունակում է հանդես գալ ժողովրդի անունից, հիշեցնելով ԱԺ պատգամավորներից մեկի խոսքը (առանց անուններ տալու), որ «ՍԴ-ն և օրենքներն առոչինչ են, եթե կա ժողովուրդը»:
«Որևէ մեկն այս երկրում իրավունք չունի հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից, որովհետև որևէ մեկին ամբողջ ժողովուրդը վստահության 100%-անոց քվե չի տվել»,- նշեց պատգամավորը:
Պետրոսյանը պատգամավորների հնչեցրած բազմաթիվ, իր մեկնաբանությամբ, անհասկանալի կարծիքների օրինակներ բերեց, ապա հռետորական հարց հնչեցրեց, թե արդյո՞ք ամեն կարծիք բարեբեր, արգասաբեր կամ նպաստավոր է մեր երկրի համար:
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եվրոպական կառույցի ղեկավարին ասում են՝ «արի Հայաստանում ցուցմունք տուր, որ ՍԴ անդամի նկատմամբ ճնշում կա: Դա խելամի՞տ է: Դա ինչքանո՞վ է բխում մեր և եվրոպական կառույցների առողջ համագործակցության մեր ցանկությունից…… Ո՞վ է այս արտահայտությունների պատասխանատուն, մենք ո՞նց ենք մարսելու այս ամեն ինչը»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ հնչեցրած այս ու նման այլ արտահայտություններն են ստիպել իրենց կայացնել հանրաքվեի գործընթացին չմասնակցելու որոշում:
Պետրոսյանի խոսքով՝ այս պարագայում թող հանրաքվեն կայանա, ու մարդիկ ազատ կայացնեն իրենց որոշում:
ԲՀԿ-ի՝ հանրաքվեի հգործընթացին չմասնակցելու որոշումը ոմանք որակեցին ընդդիմությանը ոչ հարիր քայլ: Պետրոսյանը վստահեցնում է՝ «Բարգավաճ Հայաստանը» մանևրելու կարիք ընդհանրապես չունի: Հիշեցրեց, որ իրենք նախագիծը ներկայացնելու առաջին օրվանից նախագիծը գնահատել են օրենքներին հակասող, ուստի անօրինականություններին մասնակցելու անհրաժեշտություն ի սկզբանե չեն ունեցել:
«Այսինքն՝ մեր գնահատականները, ելույթները, ԱԺ-ում մեր կեցվածքը՝ հե՞չ, եթե «Բարգավաճ Հայաստանը», այսպես ասած, չթելեց իշխանության ասեղը և կուրորեն չհայտնվեց անկանխատեսելի, անհեռանկարային գործարքներում, դա նշանակում է, այդ մի բանը բավարա՞ր է՝ «Բարգավաճ Հայաստան»-ին համարել ոչ ընդդիմադիր»,- հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավորը:
Իսկ գուցե ԲՀԿ-ն «վախեցել» է և դրա համա՞ր է նման որոշում կայացրել. այս հարցին պատգամավորը պատասխանեց.
«ԲՀԿ-ն վախենում է միայն Աստծուց, դրա համար անում է այնպիսի քայլեր, որ իր կարծիքով՝ Աստված չբարկանա: Մենք որևէ մեկից վախենալու խնդիր չունենք: Թող վախենան այն մարդիկ, որոնք ժողովրդին մինչև այսօր խոստումներ են տվել ու չեն արել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում