ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու հարցը քննարկելու համար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրել էր կուսակցության խորհրդի նիստ, որին, խորհրդի անդամներից բացի, մասնակցում էին նաև կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները։
Նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ինչպես արդեն հայտնի է, Գագիկ Ծառուկյանը մշտապես ասել է, որ ԲՀԿ-ն կողմ է եղել հանրաքվեին, սակայն իրավական առումով՝ մինչև հանրաքվեն գործընթացը պետք է անցներ որոշակի ճանապարհ, ինչը չի անցել.
«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունն իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով «սևի» և «սպիտակի» կործանարար բաժանման, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործընթացը եղել է անընդունելի։ Պետք է փակենք այս էջը և բոլորիս ուժը կենտրոնացնենք ավելի բարեկեցիկ կյանք ստեղծելու համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։