Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը մինչև պատգամավոր դառնալը Նիկոլ Փաշինյանին պատկանող օրաթերթի լրագրող էր, նախաձեռնել է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում, որոնցով նախատեսվում է (առանց չափազանցության) վերջ դնել երկրում սահմանադրական կարգին:

Ըստ նախագծի՝ Սահմանադրության փոփոխությունները կարող են հանրաքվեի դրվել առանց Սահմանադրական դատարանի նախնական որոշման, այսինքն` Ազգային ժողովի իշխող խմբակցության ձայներով, բացի այդ՝ որպեսզի Հանրապետության նախագահը չկարողանա ներազդել այդ ճանապարհով սահմանադրական փոփոխությունների կատարմանը, օրենքներից հանում են նրա լիազորությունը` ստորագրելու Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները: Այսինքն՝ պետության գլուխը նույնիսկ ձևական առումով իրավասու չի լինելու ստորագրել Սահմանադրության փոփոխությունները:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը պետք է որոշի Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը:

Սահմանադրությամբ կարգավորվում է նաև Սահմանադրական դատարան դիմելու կարգը: Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրության փոփոխությունների նախագծի հարցով Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է Ազգային ժողովի համար: Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի պարտականությունը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ խոսքը վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության կամ ՀՀ տարածքի փոփոխության մասին է:

Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասում ուղիղ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ կամ Սահմանադրական դատարանի մասին օրենքով, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածում սահմանվում է Սահմանադրական դատարան դիմելու կարգը, և միայն ՍԴ դիմելու մանրամասները, համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի, սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Սահմանադրության 169-րդ հոդվածում նշված է նաև Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին, բայց դա չի վերաբերում Սահմանադրության փոփոխություններին:

Հետևաբար, ԱԺ ոչ իրավաբան պատգամավորի ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորձում է «տաք շագանակներ» հանել կրակից` չայրելով ձեռքերը: Ակնհայտ է, որ այս փոփոխությունների նպատակը մեկն է` շրջանցելով Սահմանադրական դատարանը, ներխուժել Սահմանադրության անցումային դրույթներ և կարգավորել ՍԴ գործող յոթ դատավորների հարցը, հետո էլ, եթե դա ստացվի, փորձել այլ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ առանց Սահմանադրական դատարանի:

Նախ` Սահմանադրության փոփոխություններն առանց Սահմանադրական դատարանի, նշանակում է՝ Սահմանադրական դատարանի լիազորության յուրացում, որով դատարանը պետք է որոշի ցանկացած փոփոխության համապատասխանությունը Սահմանադրությանը:

Երկրորդ՝ Ազգային ժողովը ստանում է լիազորություն ցանկացած՝ Սահմանադրության մյուս հոդվածների բովանդակությանը հակասող փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, քանի որ ինքը յուրացրած կլինի ՍԴ լիազորությունը:

Երրորդ՝ սա էլ իր հերթին՝ կնշանակի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում վերանալու է իշխանությունների բաժանման սկզբունքի գործողությունը, այսինքն՝ տապալվելու է սահմանադրական կարգը:

Չորրորդ՝ ստացվում է, որ միջամտելով Սահմանադրության 213-րդ հոդվածին և կամայական որոշմամբ կարող են այդ հոդվածում ամրագրել, որ, օրինակ, Սահմանադրական դատարանում պաշտոնավարումը շարունակող ՍԴ անդամների, որոնք ընտրվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, լիազորությունները դադարեցվում է, կամ նրանք հարկադրաբար ուղարկվում են թոշակի:

Մասնագիտական շրջանակներում կասկած չկա, որ այս անհեթեթ նախաձեռնության ամբողջ իմաստն առանց սահմանադրական բարեփոխումների իմաստավորման, առանց հայեցակարգի, առանց հանձնաժողովի, ձևական օրենքներով, բայց փաստացի` բիրտ հակասահմանադրական եղանակով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալով Սահմանադրական դատարանի լիազորություններից մեկին՝ փոխելն է Սահմանադրական դատարանի կազմը:

Այսինքն՝ նպատակ է դրված պարզապես ուժային մեթոդով, նենգափոխելով գործող Սահմանադրությունը, տապալելով սահմանադրական կարգը՝ ձևավորել նոր Սահմանադրական դատարան` այնտեղ գործուղելով մարդկանց, որոնք այլևս չեն համարձակվի անկախ լինել Նիկոլ Փաշինյանից: ՍԴ կգործուղվեն մարդիկ, որոնք, Ազգային ժողովի ներկայիս կազմի պես, կդառնան կոճակ սեղմողներ և կամակատարներ:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը սպառել է իր բոլոր իրական կամ կեղծ իրավական հնարավորությունները` փոխելու Սահմանադրական դատարանի կազմը, նույնիսկ միայն Հրայր Թովմասյանին հեռացնելու առումով:

Այսինքն` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը, ինչպես ասում են՝ փուչիկ է, և անգամ ՀՔԾ քննիչները հասկանում են, որ այդ գործը դատարան ուղարկելու դեպքում մեղադրանքի կողմը և դատավորը միջազգային հանրության առջև խայտառակ են լինելու, և այդ դատավարությունը դառնալու է իրենց համար բումերանգ, Հրայր Թովմասյանն էլ մեղադրանքը շրջելու է իր դեմ, ավելին, նա կարող է դատարանում ցուցմունք տալ իր դեմ կատարված ապարդյուն ճնշումների այնպիսի մանրամասների մասին, որոնք հուժկու, ոչնչացնող հարված կլինեն գործող վարչակարգին:

Այս ընթացքում պարզ դարձավ նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորներին «բարձր» կաշառք տալու վերաբերյալ օրենքն իմաստազուրկ է, իսկ սա նրանց վերջին հույսն էր` քաղաքակիրթ աշխարհին համոզելու, որ խոսքը բացառապես կամավոր կենսաթոշակի մասին է:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը, ինչպես և այլ հարցերում, Սահմանադրական դատարանի հարցը դարձնելով իր գոյատևման և իշխանության հիմքը, իր համար չթողնելով նահանջելու որևէ հնարավորություն, որոշել է «հիբրիդային հեղաշրջման» մեջ ուրիշներին մեղադրելու քողի տակ պետական հեղաշրջում կատարել երկրում: Եվ բոլոր հիմքերը կան պնդելու, որ ապագայում Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլի» պատգամավորներին մեղադրանք է առաջադրվելու սահմանադրական կարգի տապալման հոդվածով:

Եթե խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նախկինում, սահմանափակվի միայն խոսելով ու քննադատելով և չդիմի Սահմանադրական դատարան` այդ օրենքները հակասահմանադրական և անվավեր ճանաչելու պահանջով, ապա կդառնա հանցակից և կապալեգիտիմացվի, բացի այդ՝ պարզ կդառնա, թե իրականում ովքեր են ընդդիմության անվան տակ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությամբ ծվարել խորհրդարանում: Դա կհանգեցնի քաղաքական սուր ճգնաժամի:

Եվ եթե արտախորհրդարանական ընդդիմությունը չհամախմբվի և վճռականորեն չհակազդի նման  հակասահմանադրական քայլերին, հետագայում առանձին-առանձին կոչնչացվի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից՝ անկախ նրանից, թե այդ ռեժիմը դեռ որքան կմնա իշխանության ղեկին:

Գարեգին Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս