Անգլիական սուրբծննդյան կեքս. Սկսեք պատրաստել հենց այսօր
Անգլիական սուրբծննդյան կեքս. նման կեքս Դուք երբեք չեք պատրաստել:
Բաղադրիչներ
Չրերի խառնուրդի համար
1. Ծիրանաչիր – 110 գ
2. Սև սալորի չիր (առանց կորիզի) – 110 գ
3. Չորացրած բալ – 110 գ
4. Սև չամիչ – 110 գ
5. Բաց չամիչ – 110 գ
6. Խուրմա – 50 գ
7. Թզի չիր – 50 գ
8. Կոնյակ – 100 մլ
9. Նարինջ – 1 հատ
Կեքսի համար
1. Ալյուր – 100 գ
2. Նշի ալյուր – 50 գ
3. Ձու – 2 հատ
4. Շաքարավազ – 100 գ
5. Կարագ – 100 գ
6. Բալի կամ ծիրանի ջեմ – 3 ճ/գ
7. Մեղր – 1 ճ/գ
8. Դարչինի, կոճապղպեղի, մշկընկույզի, հոտավետ պղպեղի խառնուրդ – 1 թ/գ
9. Կոնյակ
Զարդարելու համար
1. Ձվի սպիտակուց – 1 հատ
2. Շաքարի փոշի – 2 ճ/գ
3. Կիտրոնի հյութ – 1 կաթիլ
4. Մարցիպանից պատրաստված մրգեր
Պատրաստման եղանակը
1. Չրերից պատրաստել կոնյակային խառնուրդ: Բոլոր չրերը լվանալ, չորացնել: Կտրատել հավասար չափերի: Կտրատված չրերը տեղավորել թասի մեջ, ավելացնել նարնջի քերած կեղևը:
2. Առանձին թասի մեջ քամել նարնջի հյութը: Նարնջի հյութին կոնյակ ավելացնել:
3. Չրերը լցնել բանկայի մեջ, վրան ավելացնել կոնյականարնջային խառնուրդը: Ծածկել բանկան, թափ տալ և թողնել 1-2 շաբաթ սենյակային ջերմաստիճանում:
4. Պատրաստել վառած շաքար. թավայի մեջ լցնել 100 գ շաքարավազ: Վրան լցնել 1 ճ/գ ջուր, ավելացնել 10 գ կարագ: Ամբողջությամբ լավ հալեցնել:
5. Կեքսի կաղապարը յուղապատել և նախապատրաստել թխման համար նախատեսված թղթով:
6. Թասի մեջ լցնել մանրացրած (ալյուր դարձրած) ընկույզը, ալյուրի կեսը, համեմունքները և կարագը: Լավ հարել հարիչով:
7. Առանձին հարել վառած շաքարը, շաքարավազը և ձուն:
8. Ձվային խառնուրդը լցնել ալյուրայինի մեջ:
9. Թողնել հարելը 5 րոպե:
10. Ավելացնել ջեմը, լցնել մեղրը և մնացած ալյուրը:
11. Մի փոքր խմոր առանձնացնել: Մնացած խմորին ավելացնել չրերը: Զգուշությամբ խառնել:
12. Լցնել նախապատրաստած կաղապարի մեջ: Վերևից լցնել առանձնացրած խմորը և հավասարեցնել:
13. Թխել 140 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 3.5-4 ժամ:
14. Պատրաստի կեքսի վրա կոնյակ քսել՝ առանց կաղապարից հանելու:
15. Կեքսը փաթաթել թխման համար նախատեսված թղթով, հետո՝ փայլաթիթեղով, և մեկ օր թողնել սենյակային ջերմաստիճանում:
16. Հետո կեքսը հանել կաղապարից, դնել թղթի վրա:
17. Կեքսը նորից փաթաթել թղթով, հետո փաթաթել սննդային թաղանթով, թողնել այդպես 1 շաբաթից մինչև 1 ամիս:
18. Ձվի սպիտակուցը հարել շաքարի փոշու և կիտրոնի հյութի հետ: Կեքսը մատուցելիս ստացված զանգվածը լցնել վրան և զարդարել մարցիպանե մրգերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը