Բաժիններ՝

«Վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաքում». Հայկ Մարության

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման Ամանորի տոնակատարությունների համար նախատեսված ծախսերն են: Երևանի քաղաքապետարանը ավելի վաղ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է 2020թ. Ամանորի և Սուրբծննդյան տոների բյուջեն, ըստ որի՝ այն կազմում է 325․7 մլն դրամ։

Սակայն ծախսերը այսքանով չեն ավարտվում: Ընդհանուր առմամբ, Երևանում Ամանորի և Սուրբծննդյան տոների համար կհատկացվի 271 մլն 797 հազար 100 դրամ պետբյուջեից և 54 միլիոն դրամ համայնքային բյուջեից, շուրջ 84 միլիոն դրամ էլ վարչական շրջանների տոնական լուսավորության և տեղական համերգների համար և շուրջ 15 միլիոն ևս՝ կորպորատիվ միջոցառումների ծախսերի համար, այսինքն՝ 424.797.100 դրամ։

Ամանորյա տոնակատարությունների ծախսերը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Հայկ Մարությանի խոսնակը.

«Թբիլիսիում այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար: Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար 700 000 դոլար ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երևանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երևանի 140.000 դոլարանոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա 775 000 դոլար էր ծախսել։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից, էդ ծախսը լրիվ արդարացված էր»,- հավելել է նա, նշելով, որ՝ սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։

Տոնակատարությունների ծախսերը, սակայն, ոգևորությամբ չեն ընդունվել Երևանում քաղաքացիների շրջանում, ինչը պարզել է 168.am-ը՝ հարցում կատարելով Երևանի քաղաքապետարանի՝ ամանորյա միջոցառումների համար նախատեսված 430 միլիոն դրամի վերաբերյալ. մեծամասնությունն այն կարծիքին է, թե դրանով կարելի էր ավելի կարևոր կարիքներ հոգալ:

Համեմատության համար հետաքրքիր է դիտարկել տարբեր տարիներին Ամանորի և Սուրբծծնդյան տոնակատարությունների համար հատկացված ծախսերի չափը: AntiFake.am-ը շաբաթներ առաջ հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ ստանալու Ամանորյա ծախսերի չափը, և թե ինչի վրա են ծախսվելու այդ միջոցները։

Քաղաքապետարանի՝ աղբյուրին ուղղված պատասխան նամակում ներկայացված է նաև նախորդ տարիներին նախատեսված գումարի չափը, որը հրապարակում ենք ստորև՝

2014 թ․՝ 113․120․000 մլն ՀՀ դրամ
2015 թ․՝ 136․141․900 մլն ՀՀ դրամ
2016 թ․՝ 157․180․200 մլն ՀՀ դրամ
2017 թ․՝ 192․478․000 մլն ՀՀ դրամ
2018 թ․՝ 222․351․800 մլն ՀՀ դրամ

Հետաքրքրական է, որ նախքան քաղաքապետ ընտրվելը, նախկին դերասան և շոումեն, հասարակական ակտիվիստ Հայկ Մարությանը խիստ բացասաբար էր վերաբերվում տարատեսակ տոնակատրությունների համար կատարված մեծ ծախսերին: Մասնավորապես, վերջին ժամերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվում էր 2013 թվականի հոկտեմբերի 12-ին Հայկ Մարությանի կատարած գրառումը, որում վերջինս քննադատության է ենթարկում Երևանի տոնակատարությունների վրա մեծ գումարներ ծախսելը՝ փոխարենը նշելով խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

«Այսօր 500.000 դոլլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»,- ասված է Հայկ Մարությանի 2013թ. գրառման մեջ, որով վերջինս մեղադրում էր Տարոն Մարգարյանին և քաղաքային իշխանություններին:

Անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ինչի մասին իր գրառման մեջ գրել է Հայկ Մարությանը, նշենք, որ 2019 թվականին ծախսվել է մոտ 190 մլն դրամ:

2018 թվականին՝ հոբելյանական տարում՝ Երևանի 2800-ամյակի համար նախատեսված բյուջեն եղել է մոտ 800 մլն դրամ, որից ծախսվել է մոտ 507 միլիոնը։ Տվյալները դեռ այս տարվա հոկտեմբերին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Էրեբունի-Երևան 2799-ամյակի տոնակատարությունների համար 2017 թավականին քաղաքապետարանը ծախսել էր 80 միլիոն դրամ։

2016-ին տոնակատարության համար նախատեսված բյուջեն 130 միլիոն դրամ էր, որից ծախսվել էր միայն շուրջ 67 միլիոնը։ Գումարի մնացած մասը քաղաքապետարանն ուղղել էր ապրիլյան պատերազմում վիրավորված, հաշմանդամության ձեռք բերած զինվորների ու ազատամարտիկների ընտանիքներին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս