«Մեր դիվանագիտությունը Բրատիսլավայում վերադարձավ այն կետին, որտեղից պետք էր սկսել». Խոսրով Հարությունյան

«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա: Սա նշանակում է, որ կողմերից որևէ մեկը՝ Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, երբևէ չպետք է մտածի, որ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով կարելի է խնդրի կարգավորմանը հասնել»,- 2019 թվականի ընթացքում Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի զարգացումներին անդրադառնալով՝ նախ նման բնորոշում տվեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ Էլմար Մամեդյարովի արտահայտած թեզը, թե կարելի է և՛ պատերազմել, և՛ կրակել, և՛ բանակցել, բխում է միայն Ադրբեջանի շահերից: Ու հենց այդ կոնցեպտով է Ադրբեջանը փորձում շանտաժի ենթարկել թե՛ բանակցող կողմերին, թե՛ համանախագահողներին:

ՀՀ նախկին վարչապետը վստահեցնում է՝ անկասկած, պետք է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել: Բայց.

«Ինչպե՞ս նախապատրաստել խաղաղության, երբ որ հարևանը, ավելի ճիշտ՝ բանակցային սեղանի շուրջ մեր հակառակորդը, առավոտից երեկո հայատյաց քարոզչությամբ է զբաղված, երբ որ մեր հարևանը Սաֆարով է հերոսացնում: Ինչպե՞ս կարող ենք մենք վստահ լինել, որ նա պատրաստվում է  խաղաղության»: Նա նկատեց, որ դա միայն մեկ ճանապարհ ունի՝ Ադրբեջանի մոտ պատերազմ սկսելու ձգտումը վերացնելը:

Իսկ թե ինչպե՞ս պետք է վերացնել այդ ձգտումը, ՀՀ նախկին վարչապետը մեկ ճանապարհ գիտի: Ըստ նրա՝ պետք է օրակարգ դարձնել  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որով նախատեսված էր՝ ամբողջ շփման գծում ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության կարողությունները և դրվեին մեխանիզմներ, որոնք արձանագրելու էին սադրանքի իրական պատասխանատուներին:

Հարությունյանի խոսքով՝ հայաստանյան նոր իշխանություններին քննադատելու հիմնական խնդիրը հենց այն հարցն է, թե ինչո՞ւ օրվա իշխանությունները բանակցությունները չսկսեցին հենց այն կետից, որը նրանք ժառանգել էին:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպմանը՝ Հարությունյանը տեսակետ հայտնեց, թե իր մոտ տպավորություն է, որ կան ինչ-որ անդրկուլիսյան պայմանավորվածություններ, ու Բրատիսլավան պարզապես այդ պայմանավորվածությունները իրականացնելու հնարավորություն պետք է տար: Ըստ Հարությունյանի՝ գուցե հենց դրանով է  պայմանավորված այն հանգամանքը, որ մինչև արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն ադրբեջանական կողմը հրապարակեց հակամարտության հարցում իր կարմիր գծերի մասին փաստող փաստաթուղթը: Իսկ հանդիպումից հետո Մամեդյարովի հարցազրույցը Խոսրով Հարությունյանի մոտ կարծիք է ձևավորել, թե նրանք հիասթափվել են արդյունքներից:

«Ինչո՞ւ, որովհետև առաջին անգամ հայաստանյան դիվանագիտությունը Բրատիսլավայում հռչակեց այն կարմիր գիծը, որից այն կողմ հնարավոր չէ, որ հայկական կողմերը մտնեն բանակցային գործընթացի մեջ: Մեր դիվանագիտությունը վերադարձավ այն կետը, որտեղից պետք է սկսեր: Եվ դա ամենաճիշտ քայլն է»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս