Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից քննադատության է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Tert.am-ի հաղորդմամբ՝ թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Սահակ Բ Մաշալյանն այդ բանաձևը որակել է «անբարոյական քայլ»:
«Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»,- ասել է Մաշալյանը՝ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը:
«Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է նա։
Նորընտիր պատրիարքը նշել է՝ հույս ունի, որ Թուրքիայի ժողովուրդն իրենով կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։
«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը և հավելել. «Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ, սա մեկնաբանելը քաղաքագետների գործն է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն վավերացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Բանաձևի ընդունմանը նախորդեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը։
Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ գրելով.
«Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության ապահովությունն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով և դա մենք պետք է հասկանանք և ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել»: