«Էսքան ժամանակ տեղներս չգիտեին, բայց նեղացան մեզնից, թե՝ խի՞ եք բողոքել». Սևանի քաղաքապետարանի աշխատակիցն այցելել է գոմում ապրող Համեստի ընտանիքին
Ամիսներ առաջ 168.am-ն անդրադարձել էր Սևանի Ցամաքաբերդ թաղամասում ծայրահեղ վատ պայմաններում ապրող Համեստ Հախումյանի ընտանիքին:
Հիշեցնենք, որ 39-ամյա միայնակ մայր Համեստն ապրում էր ուրիշի սեփականություն հանդիսացող շինության մեջ, որը նախկինում գոմ էր եղել: Համեստի տղաներից մեկը նոր է զորացրվել, մյուսին շուտով պիտի զորակոչեն, իսկ երկուսը դեռ դպրոցահասակ են: Նրանք իրենց օրվա ապրուստը դժվարությամբ են հոգում:
Համեստ Հախումյանն օրերս նորից զանգահարել էր մեր խմբագրություն և տեղեկացրել, որ անձրևաջրերի պատճառով շինությունից ստիպված են դուրս գալ: Ընտանիքը հայտնվելու է փողոցում, և ունեն հանրության աջակցության կարիքը:
Այսօր Համեստ Հախումյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց է այցելել Սևանի քաղաքապետարանի աշխատակիցը:
«Մեր քաղաքապետարանի աշխատողներից երկու հոգի եկան տունը նկարեցին-տարան, որ քաղաքապետը տեսնի: Էսքան ժամանակ տեղներս չգիտեին, բայց նեղացան մեզնից, թե՝ խի՞ եք բողոքել:
Ասեցին՝ մեր մնալու տեղը դրսից շատ լավ ա, ես էլ ասեցի՝ բա եկեք ներսը նայեք, ու մտան, տեսան՝ ներսը՝ ամբողջ տունը, ջրի մեջ էր: Ինձ հարցրին, թե հիմա վերջին ուզածդ ի՞նչ է, ի՞նչ ես ուզում մեզնից, ես էլ ասեցի՝ տուն: Իրենք ասեցին՝ չենք կարող ուզածդ կատարել, ես էլ ասեցի՝ գոնե բարերար գտեք:
Ասեցին՝ ո՞ւմ ես գրել, ո՞ւմ ես զանգել, տղեդ բանակից եկել է, թող աշխատի, ես էլ ասեցի՝ ծառայել է սրտից հիվանդ, եկել է ծառայությունից ու գնացել է բուժման: Թե բա՝ դու աշխատի: Գայիր մեզ դիմեիր, ոչ թե գրեիր բողոքներ: «Իմ քայլից» էլ են զանգել, հարցուփորձ արել»:
Ի դեպ, մենք տեղեկացրել էինք, որ Համեստ Հախումյանն ու իր զավակները կատարում են ցանկացած աշխատանք, որ օրվա հացի խնդիր լուծեն:
Համեստի ընտանիքին օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են նրա հետ կապ հաստատել 00374 94 45 85 82 հեռախոսահամարով, կամ գումար ուղարկել նոր բացված հաշվեհամարին՝ 163006210849(AMD), Անտոնյան Արաքսյա Գարեգինի: