«Չեմ տալու իմ երեխուն, չեմ տալու ծառայի». Գոմում ապրող Համեստի ընտանիքը երազում է տան մասին
39-ամյա Համեստի ընտանիքն ապրում է Ցամաքաբերդում` ցամաք հացին կարոտ: Շինությունը, որը ծառայում է որպես տուն, ուրիշի սեփականությունն է՝ նամշահոտ ու խոնավ նախկին գոմ:
Համեստը միայնակ մայր է և մեծ դժվարություններով է ապրում 4 զավակների հետ, որոնցից երկուսը դեռ դպրոցահասակ են.
«Օր ա լինում` առանց կոշիկ, առանց հագուստ, առանց ուտելու են գնում դպրոց: Հիմա մի կերպ աբլիպիխա եմ բերում, որ սննդի, գրքերի փողը տամ: Շատ ժամանակ մութ տեղ եմ անցկացրել, մոմերը վառած, սոված-ծարավ:
Էսօր պիտի ցամաք հաց ուտենք. մակարոնի եղածն ի՞նչ ա, որ իմ տանը չկա, որ մի պուճուր սարքեմ, իմ երեխեն ուտի: Մենակ մայր, ո՞նց անեմ ես, ո՞ւմ դիմեմ»:
Համեստի անունն իր համար ճակատագիր է դարձել՝ հիվանդ, առանց ամուսնու աջակցության, որն արտագնա աշխատանքի է մեկնել ու չի վերադարձել՝ մոռանալով ընտանիքը, նա տարիներ շարունակ միայնակ է հոգում ընտանիքի կարիքները.
«Բոլորը գիտեն, թե ես ինչ տանջանքով եմ աշխատում իմ երեխեքի համար, զուգարան էլ եմ մաքրում, որ երկու կոպեկ փող առնեմ: Գնում եմ աբլիպիխա եմ քաշքաշ բերում, որ հաց առնենք»:
Նա նշեց, որ տարբեր տեղերից փոքր նյութական օգնություն ստացել է, բայց տուն ունենալը դեռ երազանք է մնացել: Համեստն ասում է՝ համաձայն է անգամ հանրակացարանի փոքր սենյակի.
«Մարզպետին, քաղաքապետին եմ դիմել, բան չունեմ ասելու՝ օգնել են, 15.000, 20.000 դրամ տվել են, բայց ասում եմ՝ գոնե հանրակացարանի մի սենյակ տվեք, ասել են՝ հա, մենք գիտենք, բայց չեն աջակցել, ոչ մեկը չի եկել էստեղ, չգիտեն՝ որտեղ եմ ապրում, ինչ տան մեջ եմ ապրում: Աշխատանքի համար ասեցին՝ կօգնենք, բայց Սևանի պայմաններում ի՞նչ աշխատանք կա»:
Համեստի տղաներից մեկը նոր է զորացրվել, մյուսին՝ շուտով պիտի զորակոչեն, բայց նա վստահեցնում է՝ թույլ չի տալու տղային տանել ծառայության. «Չեմ տալու իմ երեխուն, չեմ տալու ծառայի, ես զինվոր չեմ տալու, ես իրեն գրանցումից կհանեմ, որ իմ զինվորին չկարողանան գտնեն ու չգան, ինձ ասեն՝ դատում ենք…, եթե էսօր չգիտեն՝ իմ զինվորը տաք տեղաշորին կարոտ ա, տաք ճաշի կարոտ ա, գդալի եղածն ի՞նչ ա, իմ երեխեքը գդալ էլ չունեն»:
Զարուհի Դիլանյան