Սերժ Սարգսյանի գործը՝ Նիկոլ Փաշինյանի վախերի հայելի
Քաղաքական իշխանությունները հաճախ են ունենում իրական «վախեր», որոնց մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում, սակայն նրանց գործողություններն ու արված անհոդաբաշխ հայտարարությունները վկայում են դրանց ակնհայտ առկայության մասին։
Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվականների գլխավոր թեման կապված էր այն տեղեկատվության հետ, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու։ Երեկոյան ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ կապված նրա նախագահության շրջանում գյուղացիական տնտեսություններին էժան դիզվառելիքով ապահովելու ծրագրի հետ՝ պետական սուբսիդավորման միջոցով: Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի որոշումով վառելիքի մատակարար ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, այն դեպքում, երբ եղել է ավելի էժան առաջարկ և, ըստ դրա՝ կխնայվեր մոտ կես միլիարդ դրամ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ տարածված տեղեկատվության՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ում առաջ, շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները հստակ պայման են դրել՝ «կամ քեզ ենք կալանավորում, կամ Սերժի դեմ ցուցմունք ես տալիս»։ Կարապետյանն ընտրել է երկրորդ տարբերակը՝ նման պրիմիտիվ մեղադրականների շարք ներկայացնելով Սարգսյանի դեմ։
Սակայն պետք է նշել մի կարևոր դրույթ. ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Նշենք նաև, որ հիշյալ դրույթն իր մեջ պարունակում է բոլոր բաղադրատարրերը, որոնք անհրաժեշտ են հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցին իրավական դիտանկյունից հստակ պատասխանելու համար։
Հավելենք նաև, որ և՛ 2005թ., և՛ 2015թ. խմբագրություններում Սահմանադրության տվյալ դրույթը մնացել է անփոփոխ։ Սրանից բխում է, որ Նախագահի, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի անձեռնմխելիության ինստիտուտի մասով այն անփոփոխ է մինչ օրս։ Այսինքն՝ նախօրեին ՀՔԾ գործողություններն ապօրինի են եղել: Եվ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ՝ Սարգսյանի դեպքում ևս բախվում ենք այն իրականությանը, որ Փաշինյանն ու իր «լեգիտիմ» իշխանությունը Սահմանադրության ու ՀՀ օրենքների հետ կապված սեփական մեկնաբանություններն ունեն։
Ըստ էության Սերժ Սարգսյանի մեղադրանքի թեման իշխանափոխությունից հետո պարբերաբար շրջանառվող հանրային հարցերից էր: Այս մասին անգամ որոշ ժամանակ առաջ բարձրաձայնեց անձամբ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀԿ-ականները։ Ակնհայտ է, որ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքն ակհայտ քաղաքական պրոցես է և չունի իրավական որևէ բաղադրիչ:
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն այն հիմնական կառույցներից մեկն է, որը բացահայտ ու բովանդակային քննադատում է Փաշինյանին՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության հետ։ Այս ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունները՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, տարիուկես է՝ փորձում են Սերժ Սարգսյանի վրա, այսպես ասած՝ «գործ կարել», ու դա փորձում են անել հնարավոր բոլոր տարբերակներով, և, ի վերջո, հանգել են ամենապրիմիտիվ ու նաիվ մեղադրանքի առաջադրման տարբերակին, որը ցանկացած բանական մարդու մոտ ժպիտ է առաջացնում։
Տվյալ պարագայում պարզ է նաև, թե ինչու է երրորդ նախագահի դեմ «գործը» միս ու արյուն ստանում հենց այս փուլում։ Բնականաբար սա ուղղակիրոեն ասոցիացվում է Արցախի բանակցությունների թեմայի հետ, քանի որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում նախատեսված էր ՀՀ ԱԳ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ ինչի հետ կապված՝ մամուլում հակասական տարբերակներ էին շրջանառվում (երեկ տեղի ունեցած երեքժամյա հանդիպումից հետո, ԱԳՆ ոչինչ չասող և անատամ հայտարարությունից բացի, ոչ մի բան հայտնի չէ)։
Այս ամենը, շատերի գնահատմամբ՝ պայմանավորված էր նաև Սերժ Սարգսյանի անձնական քաղաքական ակտիվացմամբ, ինչպես նաև միջազգային տարբեր գործընկերների հետ հանդիպումներով ու հնչեցրած թեզերով։
Հավելենք նաև, որ իշխանությունները նաև լուրջ անհանգստացած են Ս. Սարգսյանի՝ հայ հասարակությանը խոստացված անկեղծ հարցազրույցից, որի մասին քանիցս հայտարարել էր նա։ Այսօր ականատես ենք դառնում այն իրականությանը, որ արդարադատություն ասվածը դարձել է քաղաքական շոուի առարկա, ամենուր ականատես ենք դառնում անվերջ ձգվող դատավարությունների ու անհասկանալի ձերբակալությունների։
Ըստ էության, մենք ներկայումս գործ ունենք քաղաքական աճպարարության հետ։ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանի հետ կապված այս գործընթացի վերաբերյալ իշխանական «գվարդիան» լծվել էր ամենատարբեր ֆանտաստիկ մեկնաբանություններ ներկայացնելու գործին։ Մասնավորապես՝ Փաշինյանի քաղաքականությունն ու պրոպագանդան ապահովող լրատվականներից մեկն իր «վերլուծություններից» մեկում Սարգսյանին մեղադրանք ներկայացնելու թելերը հասցնում են ԱԺ Ապրիլյան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ նշելով, թե հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվում են ևս վեց ամսով, ու այս ֆոնին շեշտում, թե «հանձնաժողովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին լսելու են ամենավերջում»: Ի՞նչ է ստացվում, իշխանությունները նախ արհեստական օրակարգ ունենալու և զինվորականության ու բանակի նկատմամբ հանրային արհեստական ուշադրություն ապահովելու համար ստեղծել են մի շինծու հանձնաժողով, որը, հասկանալի չէ, թե իրականում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հատկապես ինչն է ուսումնասիրում, կամ, ավելի կոնկրետ՝ փորձում փնտրել, իսկ հիմա երկարացնում է այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Փաստացի վեց ամիս գործած հանձնաժողովը ոչ մի էական բացահայտում ու ձեռքբերում չի ունեցել, և ըստ տրամաբանության՝ չի էլ ունենա, իսկ հիմա փորձում է նախագահ Սարգսյանին հարցաքննելու թեզն առաջ տանել այդ շրջանակներում։ Ակնհայտ է՝ դիլետանտները պրոֆեսիոնալ ոլորտում անելիք չունեն։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված շինծու գործընթացը և հնարավոր ձերբակալությունը փաստացի ոչ թե թուլացնելու է ՀՀԿ-ն, այլ՝ հակառակը՝ վերջերս ակտիվացած ՀՀԿ-ականներին ավելի են, այսպես ասած՝ «թասիբի» գցելու, և չի բացառվում նաև, որ նման գործելաոճով ու զավեշտալի քայլերով ակտիվացնեն ներքաղաքական գործընթացների զարգացումներն ու ՀՀԿ-ի «ռենեսանսը»։ Ի դեպ, խոսքը ոչ միայն ՀՀԿ-ականների մասին է, այլ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ու մարտական ուղի անցած մյուս քաղաքական ու հասարակական շերտերի ու գործիչների։
Արթուր Գալստյան