Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ի մեկ երկիր արգելափակում է Վրաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ 26 երկիր պատրաստ է հավանություն տալու Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, բայց միության մեկ երկիր արգելափակում է դրանք։ Այս մասին նա ասել է Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Եթե հարցնում եք ընդհանուր տրամադրվածության մասին, ապա կարող եմ դրական պատասխանել։ Երբ մենք առաջադրում էինք պատժամիջոցների հարցը, օրինակ, նրանց նկատմամբ, ովքեր գործողություններ են կատարում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների դեմ, 26 երկիր պաշտպանեց մեզ, և միայն մեկը դեմ եղավ դրանց», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը չի նշել տվյալ երկիրը։
2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ: Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության առաջնորդները մշտապես պնդել են, որ օրենքի նպատակն է ապահովել Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը:
2024 թ. հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը 53,93 տոկոսով հաղթեց ընտրություններում և օրենսդիր մարմնում ստացավ 150 մանդատներից 89: 2024 թ. նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը որոշեց մինչև 2028 թվականը դադարեցնել Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները և հրաժարվել ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից:



