ԱՄՆ սենատորները նամակներ են հղել Meta-ին և Alphabet -ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելման կոչով

Անցյալ շաբաթ ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են ուղարկել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով նրանց բավարար ռեսուրսներ հատկացնել ռուսական ապատեղեկատվության կանխարգելման համար՝ 2026 թ. հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ նաև ներկայացնելով ընկերություններին ուղղված նամակները։

Նամակներում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանական այս ընտրություններն առանցքային նշանակություն ունեն երկրի ապագան որոշելու համար, քանի որ դրանք, ամենայն հավանականությամբ, «կորոշեն տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների և կապակցման նախագծերի արդյունքը, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը, որը խաղաղության բանակցությունների հիմնական բաղադրիչն է»:

«Ոչ մի օտարերկրյա ուժի չպետք է թույլ տալ ազդել Հայաստանի ինքնիշխան որոշումների արդյունքների վրա», – նշված է նամակներում, որոնք ունեն գրեթե նույն բովանդակությունը:

Meta-ին ուղղված նամակում սենատորները մատնանշում են, որ ընկերության հարթակներում տարածվում է ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ տեղեկատվություն։

«Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր ռազմավարությունը, այդ թվում՝ օգտագործելով Meta-ի հարթակները, որպեսզի ազդի Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա», – գրել են սենատորները։

«Հայկական հեղինակավոր քաղաքացիական հասարակության խումբը՝ «Իրազեկ քաղաքացիների միությունը», Meta-ի հարթակներում հայտնաբերել է հարյուրից ավելի էջեր, որոնք տարածում են առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ բովանդակություն: Խումբը նաև նշել է համակարգված կեղծ վարքագծի մասին, որն, ըստ տեղեկությունների, ուղղորդվել է ռուսաստանցի հայ օլիգարխի կողմից, որը (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփի առաջին վարչակազմի կողմից օրենքով սահմանված կարգով Կոնգրեսին ներկայացվող զեկույցում թվարկվել է որպես «Ռուսաստանի Դաշնությունում նշանակալի բարձրաստիճան օտարերկրյա քաղաքական գործիչ (կամ) օլիգարխ, ինչը որոշվում է ռուսական ռեժիմի հետ նրա մտերմությամբ»», – հավելել են սենատորները նամակում:

Alphabet-ին ուղղված նամակում էլ ընկերությանը կոչ է արվում համապատասխան ռեսուրսներ հատկացնել ապատեղեկատվությանը հակազդելու համար։

«Մենք հույս ունենք, որ դուք կկրկնեք և կհարմարեցնեք այն ջանքերը, որոնք ձեռնարկվել էին՝ աջակցելու Մոլդովային իր ժողովրդավարությունն արտաքին հարձակումներից պաշտպանելու գործում, բայց այժմ՝ համապատասխան հայկական հաստատությունների հետ։ Մենք կոչ ենք անում Alphabet-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ հակազդելու ռուսական ապատեղեկատվությանը Հայաստանի ընտրություններից առաջ», – նշել են սենատորները։

Երկու նամակներում էլ ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները պետք է անաչառ մնա Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վերաբերյալ իր տեսակետներում, սակայն միևնույն ժամանակ հնարավոր չէ «աչք փակել, երբ տեսնում ենք, թե ինչպես է օտարերկրյա ուժը փորձում իր կամքը պարտադրել հայ ժողովրդին»։

Meta տեխնոլոգիական ընկերության կազմի մեջ են մտնում հետևյալ սոցիալական հարթակները և մեսենջերները՝ Facebook, Instagram, Threads, Messenger, WhatsApp:

Alphabet-ը Google-ի մայր ընկերությունն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930