Բաժիններ՝

Լավ, ձեր շինարարը չտեսա՞վ,  որ դա հասարակ կառույց չէ. Հնագետը՝ Դալմայի այգում շինարարություն կատարողին

Նոյեմբերի 15-ին ահազանգ էր տարածվել համացանցում, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձանը։ «Խնդիրը միայն Դալմայի այգիների մեջ չէ, ստացվում է, որ անկախությունից հետո հուշարձան պահպանել այդպես էլ չսովորեցինք: Խնդիրը հայ ժողովրդի վերաբերմունքն է իր պատմամշակութային անցյալին: Իմ կոլեգաներից մեկը հրաշալի խոսք էր ասել. «Դալմայի այգիները դիմացան սելջուկների, թաթարների, պարսիկների արշավանքներին, բայց պարզվեց, որ անկախ Հայաստանը այդ այգիները պահպանել չկարողացավ»»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

«Խոսքը պատմամշակութային համալիրի մասին է: Ես,  ինչպես և տեղի, այնպես էլ դրսի իմ կոլեգաները մտածում ենք, որ Դալմայի այգիներն ամենայն հավանականությամբ Վանի թագավորության շրջանի քաղաքի վառ արտահայտված գինու պահեստավորման և արտադրության այն այգիներն են, որոնք խաղող են արտադրել և մատակարարել: Իրականում Դալմայի այգիները ձգվել են  Ոստիկանության ակադեմիայից մինչև «Դալմա մոլի» տարածք: Պատմությունը  ԽՍՀՄ տարիներից է. կտոր-կտոր այգին սկսել է ավերվել: Մեծ մասնաբաժին հատկացվեց ԱՄՆ դեսպանատանը, ռուսական եկեղեցուն և այլն: Ինչպես տեսանք՝ 2004թ.այգին չի մտել հուշարձանների ցուցակ և, բնականաբար, սեփականաշնորհվել է: Այսօրվա իրավիճակում ոչ քաղաքային իշխանությունները, ոչ ԿԳՄՍ նախարարութունը մեղք չունեն, քանի որ այն չկա պահպանվող հուշարձանների ցուցակում»,- նշեց նա::

Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ 2018 թվականի հունվար ամսին կառավարության որոշմամբ հողատարածքը հատկացվել է իրենց, որից հետո նախագծային աշխատանքներ են կատարվել, ներկայացվել է Քաղաքապետարան և հաստատվել է:

«Ընկերությունը մեծ ցավ է ապրել, երբ իմացել է, որ սա պատմամշակութային արժեք է: Ժամանցի կենտրոն է կառուցվում, և եթե ընկերությունը որևէ  պատկերացում ունենար, որ դա հուշարձան է, պատմական արժեք ունի, դա շատ ավելի լավ կօգտագործեր իր ծրագիրն իրականացնելու համար, որովհետև մարդկանց գրավելու լավագույն ձևերից մեկը պատմամշակութային արժեքն է:

Ընկերությունը պատասխանատվություն է վերցրել, որ 70 տոկոս կանաչապատում պետք է իրականացնի, իսկ այդ տարածքը տվյալ հատվածում էր»,- պարզաբանեց Նարեկ Մարտիրոսյանը:

Բորիս Գասպարյանի կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ այդ տարածքը որևէ մարդու տալ չէր կարելի:

«Մենք պետք է  սովորենք պահպանել մեր պատմամշակութային ժառանգությունը: Ձեր ՇՄԱԳ-ում գրված է՝ հնագետ բերել և շինարարության ժամանակ ստուգել:

Շինարարը կարո՞ղ էր հասկանալ՝ դա արժե՞ք է , թե՞ ոչ: Տեսե՛ք «Հյուսիս-Հարավի» դեպքում երբ հողը հեռացվում է, հնագետ է նաև ներկա:

Լավ, ձեր շինարարը չտեսա՞վ,  որ դա հասարակ կառույց չէ»,- Բորիս Գասպարյանը հարց ուղղեց «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցչին:

Նարեկ Մարտիրոսյանն էլ պատասխանեց. «Երբ բոլորն ասում են, որ այս տարածքում չկա պատմամշակութային հուշարձան, օբյեկտիվորեն կառուցապտողը հնարավորություն ունե՞ր կասկածելու, ես կասեմ, որ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս