Խորհրդատվական ընկերությունները՝ գաղութացման գործիք

Գաղտնիք չէ, որ համաշխարհային կամ արտաքին կառավարման գործիքներից են հանդիսանում արևմտյան խորհրդատվական ընկերությունները, որոնք, որպես կանոն, հանդիսանալով արևմտյան երկրների հատուկ ծառայությունների մասնաճյուղեր, խորհրդատվություն և աուդիտ իրականացնելու անվան տակ ներթափանցում են այլ երկրների պետական  կառույցներ՝ վերահսկողության տակ վերցնելով դրանց ֆինանսատնտեսական գործունեությունը։ Հայաստանում աշխատող այդպիսի կառույցներից են նիդեռլանդական «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ» և ամերիկյան «ՄակՔինզի» ընկերությունները:

Ըստ շրջանառվող գնահատականների՝ «ՄակՔինզի ընդ Քոմփանի» ընկերությունը սերտորեն կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և աշխարհի տարբեր պետական և ոչ պետական կազմակերպություններին խորհրդատվություն տրամադրելով՝ միաժամանակ զբաղվում է Միացյալ Նահանգների օգտին հետախուզական գործունեությամբ:

«ՄակՔինզի ընդ Քոմփանի» ընկերության մասնագետներն ամբողջ աշխարհում ներգրավված են երկրների պետական կառավարման գործում կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում:

Դեռևս 90-ականներից սկսած ամերիկյան «ՄակՔինզի ընդ Քոմփանի» և արևմտյան խորհրդատվական այլ ընկերություններ ամրապնդվեցին Ռուսաստանում և իրենց ձեռքը վերցրին պետական կառույցների խորհրդատվության իրականացումը ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում:

Հետաքրքիր մի փաստ: Դեռ 2012 թ. մայիսից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձակել է 200-ից ավելի հրամանագրեր՝ տարբեր ոլորտներում մինչև 2020 թվականն արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնարարականներով: Սակայն արևմտյան խորհրդատվական ընկերությունների «որակյալ» խորհրդատվության պատճառով ՌԴ նախագահի այդ հրամանագրերի մեծամասնությունը մնում է չկատարված: Եվ դա հասկանալի իրավիճակ է, քանի որ «ՄակՔինզիի» նման արևմտյան խորհրդատվական ընկերությունն այլ երկրի պետական կառույցների համար խորհրդատվություն իրականացնելիս առաջնորդվելու է ոչ թե՝ այդ երկրի, այլ՝ Միացյալ Նահանգների պետական շահերով։

Հենց վերը նշվածի պատճառով Ռուսաստանում այսօր քննարկվում է պետական ինստիտուտների կառավարման խորհրդատվությունն արևմտյան խորհրդատվական ընկերություններին հանձնելու նպատակահարմարության հարցը, որը բերել է երկրի համար կենսական նշանակություն ունեցող տվյալների արտահոսքի և երկրի ինքնիշխանության աստիճանի նվազման:

Հնչում են կարծիքներ, որ ժամանակն է այդ ընկերությունները փոխարինել ռուսաստանյան խորհրդատվական ընկերություններով:

2015 թ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն ավելի քան 10 մլն դոլար է վճարել «ՄակՔինզի ընդ Քոմփանի» ընկերությանը` վարչության վերակազմակերպման աշխատանքներն իրականացնելու համար:

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե կվստահե՞ր արդյոք ԿՀՎ-ն իր աուդիտը որևէ երրորդ ընկերության (նույնիսկ այդպիսի հեղինակավոր ընկերությանը, ինչպիսին է «ՄակՔինզին»), եթե այդ ընկերությունն ուղղակիորեն չհանդիսանար ԿՀՎ-ի ոչ պաշտոնական մասնաճյուղը: Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին։

Վահե Հայկունի

Հ.Գ. 2013 թվականին Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը և «ՄակՔինզի ընդ Քոմփանի» միջազգային խորհրդատվական ընկերությունը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանի օդային փոխադրումների մրցունակության բարձրացման ծրագիր մշակելու համար: «ՄակՔինզիի» «որակյալ» խորհրդատվությամբ ազատականացվեց ՀՀ օդային տարածքը, և Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրող ունենալու հնարավորությունից։ Նշենք, որ Հայաստանն այն քիչ պետություններից է, որը չունի ազգային ավիաընկերություն, ինչը մեր նման պատերազմող երկրի համար անթույլատրելի է։

Տեսանյութեր

Լրահոս