Թող հանգիստ լինեն՝ հոգևորականներով խժդժություններ հրահրելու ունակ չենք. Եթե կիրակի օրով կանչեն՝ կրկին չենք գնալու. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
Ճիշտ այն օրը՝ հոկտեմբերի 26-ին, երբ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը պետք է կեղծ պատարագ մատուցեր Հովհաննավանքում, Արագածոտի թեմի 19 քահանաներ և 2 սարկավագ տարբեր ժամերի, նաև ուշ երեկոյան, գիշերը, ստացել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրեր, որպեսզի հենց հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը 09։00-ին ներկայանան քննչական՝ հարցաքննության։ Այս բոլոր հոգևորականներն ունեն վկայի կարգավիճակ։
Հոկտեմբերի 25-ի երեկոյան հոգևորականները հայտարարություն տարածեցին, որտեղ մասնավորապես նշվում էր, որ չեն կարող ներկայանալ հարցաքննության, հաշվի առնելով, որ օրը կիրակի է և հոգևորականները պարտավոր են Առաքելական եկեղեցում մատուցելու սուրբ պատարագ։
«Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում:
Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ. հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։
Բացի այդ, բոլորս որպես վկա հարցաքննությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը (քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար):
Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ»,- տարածած հայտարարության մեջ նշել էին հոգևորականները։
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի խոսքով՝ թեմի քահանաներն իրենց տարածած հայտարարությամբ հստակ նշել են, թե ինչու կիրակի օրով չեն կարող բացակայել թեմից. քանի որ իրենց համար պատարագն ամեն բանից թանկ է։
«Աստծո կամքով, սպասում ենք երկրորդ ծանուցմանը, մենք չենք խուսափում օրենքից, ոչ էլ վկայի կարգավիճակով հարցաքննությունից, երբ էլ կանչեն՝ կգնանք, միայն ոչ կիրակի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քահանան։
Հարցին՝ այս կիրակի ևս Հովհաննավանքում տեղի է ունենալու այն, ինչ եղավ հոկտեմբերի 26-ին՝ նույն անձանց մասնակցությամբ, հնարավո՞ր է, որ հենց այս կիրակի Քննչականից կրկին կանչեն հարցաքննության, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը պատախանեց.
«Գիտեք` ինչ, իրենց կողմից այստեղ մի քիչ հոգևոր տգիտություն կա։ Մենք չենք գնա Հովհաննավանքի խորանի վրա պատարագ մատուցելու, որովհետև այն պղծված խորան է, պետք է նախ աղոթքով մաքրենք և հետո միայն պատարագ մատուցվի։
Թող հանգիստ լինեն, մենք հոգևորականներով խժդժություններ հրահրելու ունակ չենք, ուղղակի պիտի գնանք մեր անկեղծ աղոթքն անենք, ինչպես միշտ արել ենք։ Եթե կիրակի օրը հրավիրեն հարցաքննության, կրկին հրաժարվելու ենք, կրկնում եմ՝ կիրակի օրով, այլ օրերի կգնանք»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ստեփան Ասատրյանը կարգալույծ հռչակվեց, սակայն Հովհաննավանքից հեռանալու փոխարեն՝ նա որոշեց, որ պետք է պատարագ մատուցի, և այդ ամենին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը սեպտեմբերին հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ հայտարարել էր, թե «թեմի առաջնորդը ստիպել է իրեն մասնակցել քաղաքական ակցիայի»։ Այս հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել Դատախազություն։ Դրան էլ հաջորդեց այն, որ հոկտեմբերի 15-ին ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները ներխուժել էին Արագածոտնի թեմի առաջնորդարան, բերման ենթարկել քահանանների ու թեմի առաջնորդին։ Այս պահին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը 2 ամսով կալանավորված է, 1 ամսով էլ կալանավորված է թեմի դիվանապետ տեր Գարեգինը։

